Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն։
Դեռ կեսօրից «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի թիմի անդամ, երեկ կալանավորված Ալեքսան Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող լրատվամիջոցում իրավապահների ներխուժումն ավարտվեց «Armat-Media»-ի գույքի ու աշխատակիցների հեռախոսների առգրավմամբ և մեդիայի դռների կապարակնքմամբ։
Սա նշանակում է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ փակվում է ընտրություններին մասնակից կուսակցության հետ առնչվող լրատվամիջոցը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը։ Փաստացի, «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում փակվում է լրատվամիջոց, ու դա առնվազն չի արժանանում Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ուշադրությանը։
Եթե կա իրավական գործընթաց, այն պետք է ընթանա՝ առանց հարված հասցնելու լրատվամիջոցի գործունեությանը։ Որևէ լրատվամիջոց չպետք է տուժի քաղաքական իշխանության քաղաքական հաշվարկների ու մրցակիցների հանդեպ հաշվեհարդար տեսնելու մոլուցքից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ


















































