Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ վկայություններ՝ զավթված Արցախից վերջինը հեռացած Սերգեյ Օգոլցովի գրքում

Հունիս 06,2026 15:20 Share

Օրերս Երեւանում կայացել է 72-ամյա գրող Սերգեյ Օգոլցովի «Реквием по Корневой Системе» (Արմատային համակարգի եղերերգը) գեղարվեստավավերագրական գրքի շնորհանդեսը: Հեղինակը Արցախ էր տեղափոխվել 1987 թվականին եւ այնտեղ ապրել է 37 տարի։ 2023 թ., երբ Արցախը էթնիկ զտման ենթարկվեց, եւ արցախահայությունը կորցրեց հայրենիքը, Օգոլցովը 8 ամիս մնաց եւ ապրեց դատարկված, ուրվականի վերածված Ստեփանակերտում, իսկ Երեւան տեղափոխվեց միայն 2024 թ.:

Սերգեյ Օգոլցովը գրքում ներկայացրել է Արցախի անկախության եւ ինքնորոշման համար մղված 35-ամյա պայքարի ընդհատումը։ Գիրքը նրա անձնական վկայությունն է հայրենազրկված մարդկանց ապրած ցավի եւ ծանր իրականության մասին։

Հայոց աշխարհաժողով հայրենատիրական շարժման անդամ Արտաշես Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հեղինակի հետ հանդիպել է դիպվածով, երբ բարձրանում էր Գութանասար, որպեսզի հետո նույն խմբով Փոքր Մասիս բարձրանար: Պարզել է, որ գիրքն առկա է էլեկտրոնային տարբերակով, առաջարկել է այն տպագրել։ Ստանալով հեղինակի համաձայնությունը՝ Հայոց աշխարհաժողով հայրենատիրական շարժումը ստանձնել է Սերգեյ Օգոլցովի «Реквием по Корневой Системе» գրքի տպագրությունը:

Բախշյանն ասում է, որ գիրքը գրված է Նաբոկովի ոճով, եւ ոմանց համար կարող է փոքր-ինչ բարդ ընկալելի լինել, սակայն ինքը կարդացել է մեկ շնչով եւ ավարտել 3 օրում. «Գիրքն ինձ շատ է դուր եկել: Մինչեւ կարդալը, երբ ծանոթացա պատմության հետ, հասկացա, որ այն շատ կարեւոր է հայ հասարակության համար, հատկապես հիմա, երբ հայտնվել է ճակատագրական ջրբաժանի առաջ, երբ այսքան թեթեւությամբ ենք նայում ճակատագրական փոփոխություններին…»:

Հայոց աշխարհաժողով հայրենատիրական շարժման անդամը ներկայացրեց, թե ով է Սերգեյ Օգոլցովը, եւ ինչ կառուցվածք ու բովանդակություն ունի նրա եռամաս գիրքը՝ Արցախի մասին. «Սերգեյ Օգոլցովի հայրը ռուս է, մայրը՝ ուկրաինացի, ծնվել, մեծացել է Արեւմտյան Ուկրաինայում, սովորել է մանկավարժական ինստիտուտի անգլերենի բաժնում: Ընդդիմադիր հայացքների համար խորհրդային տարիներին հետապնդվել է, անգամ փորձել են հոգեբուժարան տանել, դարձել է քարտաշ, պատշար, ու ի վերջո 33 տարեկան հասակում՝ 1987 թ., որոշել է հեռանալ իր հայրենիքից, եւ ճակատագրի բերումով հայտնվել է Արցախում:

Նա ակամայից դարձել է Արցախում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների վկան՝ սկսած ստորագրահավաքից, ցույցերից, պատերազմից ու արցախահայության հայրենազրկումից: Ընդհուպ մինչեւ 2020 թ. պատերազմը ապրել է Լաչինի Եզնագոմեր գյուղում, որը համարել է աստվածային մի վայր: Այնտեղ տուն է կառուցել, հետո, Լաչինը թողնելուց հետո, եկել է Ստեփանակերտ ու միացել իր ընտանիքին:

Երբ հայերը դուրս են եկել Ստեփանակերտից, նա որոշել է մնալ՝ չցանկանալով կրկին տեղափոխվել, եւ այդպես ապրել է 8 ամիս: Եվ երբ առաջարկել են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ, հրաժարվել է ու վերադարձել Երեւան: Իր ապրումները գրքում շարադրված են 3 բաժնով. առաջինը Արցախի շրջափակման, սովի, հացի հերթերի մասին է: Երկրորդ մասում իրադարձություններն են՝ մինչեւ ելքը, երբ 2023 թ. սեպտեմբերին բոլորը եկան… Ներկայացվում են մարդկանց ապրումները, թե ինչպես են իրերը դասավորում, նկարներն այրում, մտորում կատարվածի մասին… Մի խոսքով՝ մարդկային վիճակներ: Երրորդ մասը ադրբեջանցիների հետ շփումներն են: Ի դեպ, ինձ ինչքան էլ ասում են, որ հիմա հարմար ժամանակ չէ նման գրքի շնորհանդեսի համար, ես այլ կարծիքի էի»,- ընդգծում է Բախշյանը:

«Человек Մարդ adam… 1987 թ․ աշուն։ Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը դեռ չի կազմակերպվել իր ազատագրական պայքարը մղելու համար։ Նրանք դեռ չգիտեն, որ դրա համար պետք է համախմբվի ամբողջ աշխարհի հայությունը։ Դեռ չգիտեն հայերը, որ ամբողջ մահմեդական աշխարհը պետք է հակադրվի, որ կան մահմեդական շահեր։ Դեռ չգիտեն հայերը, որ քրիստոնեական աշխարհի համար միեւնույն է, եւ քրիստոնեական շահեր չկան։ Դեռ չգիտեն կամ, ավելի շուտ, 70 տարի անց մոռացել են, որ ազատագրական պայքարի համար կարող են ջարդեր լինել։ Որ մի քանի ամիս հետո պետք է լինի Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու…

Դեռ չգիտեն, որ միասնական հայությունը պիտի մասնատվի, պիտի մասնատվի անգամ իր հայ եկեղեցու պաշտպանության հարցում, ամբողջ քրիստոնեական աշխարհի կողմից առաքելական երեք եկեղեցիներից մեկը ճանաչված եկեղեցու․․․

Այդ ժամանակ հեռավոր արեւմտյան Ուկրաինայի ԽՍՀ-ից Սերգեյ Նիկոլայի Օգոլցովը տեղի իշխանության ամենաթողությունից եւ ինքնիրավչությունից հոգնած՝ որոշեց հեռանալ հայրենիքից․․․ 33-ամյա տղա, պատանեկան երազանքները խորտակած, որոշում է հեռանալ եւ մոռանալ։ Գալիս, ընկնում է հայկական իրականություն եւ վկան դառնում հայի բախտի։ Վկան դառնում առանձին վերցրած ինքնավար մարզի հայ բնակչության կազմակերպման, պատերազմի, պետության, տեղական իշխանությունների կազմավորման, Սարուշենի, Ստեփանակերտի, Բերձորի Եզնագոմերի սոցիալական միջավայրերի կայացմանը։

Ուսուցչի մասնագիտությամբ, միեւնույն ժամանակ լինելով քարտաշ եւ պատշար, այդ բնակավայրերում կրթում, ուսուցանում ու իր տունն է շինում։ Եվ եթե Եզնագոմերի իր տնից բռնի են հանում, որոշում է հակադրվել եւ Ստեփանակերտի իր տնից չհեռանալ, համակերպվել Ադրբեջանի նկրտումներին, համակերպվել ադրբեջանցիներին… Նա 15-ից մեկն էր, որոնք ապրել են ադրբեջանական տիրապետության տակ եւ դիմացել 8 ամիս, որոնք ի վերջո հասկացել են ադրբեջանցիների հետ ապրելու անհնարինությունը: Բայց նա միակն է, ով գրել է այդ մասին։ Օգոլցովի շնորհիվ գիրքը կարդալով՝ հիմա մենք կարող ենք հայերի ճակատագրական դեպքերին նայել կողմնակի դիտանկյունից։ Ինչո՞ւ է դա կարեւոր հիմա։

Քանի որ ադրբեջանցիների հետ համակեցությանը համակերպվելու ցանկությունն է Հայաստանի բնակչությանը քարոզվում գործող իշխանությունների կողմից՝ որպես ապագայի խաղաղության երաշխիք։ Նշանակում է՝ մենք հնարավորություն ունենք հավուր պատշաճի կշռադատել այդ երաշխիքը։ Կարդալ եւ տեսնել ապագան այդ երաշխիքին հավատալու դեպքում։ Շրջափակում, հումանիտար օգնություն, կտրոնով հաց, անմարդկային պայմաններ, վերջապես անձնատուր լինել։ Կշռադատել ոչ այն հիմքով, որ երբեք իրենց խոստումներին տեր չեն եղել, այլ այն հիմքով, որ այդ երաշխիքը ընդամենը խայծ է՝ անիրատեսական։ Այդ հնարավորության համար շնորհակալ ենք Սերգեյ Օգոլցովին»,- գրել է Հայոց աշխարհաժողով հայրենատիրական շարժման անդամ Արտաշես Բախշյանը:

Նա Օգոլցովին հայրենակից է համարում եւ գտնում է, որ ռուս գրողը վաստակել է արցախցիների անունից խոսելու իրավունքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930