«Europa Nostra» կազմակերպության պատվիրակությունը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում հանդիպել է մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական ընդհանուր պատկերը՝ անդրադառնալով առկա ներուժին և առաջնահերթություններին։ Այնուհետև քննարկվել են մարզի պատմամշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ Առաքելոց վանական համալիրի պահպանության, արժևորման և զբոսաշրջային հոսքերի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաեւ զբոսաշրջիկներին տվյալ տարածք ուղղորդելու հնարավորությունները։
Քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղիները, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հետ փոխգործակցության շրջանակում։
Այս օրերին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, «Europa Nostra» կազմակերպության մասնակցությամբ, կայացել է Առաքելոց վանական համալիրին նվիրված միջազգային գիտաժողով, որի շրջանակում քննարկվել են հուշարձանի պահպանության, ուսումնասիրման և զարգացման հարցերը։ Ներկայում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում ձևավորված հայ-ավստրիական «Առաքելոց» գիտահետազոտական խումբը իրականացնում է տեղամասի բազմակողմանի ուսումնասիրություններ։
Կարդացեք նաև
Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են մշակութային ժառանգության պահպանության ոլորտում «Europa Nostra»-ի գործունեությունն ու առաջնահերթությունները, ինչպես նաև «Առաքելոց վանք և բնակավայր» ծրագիրը և դրա զարգացման հեռանկարները։
Քննարկվել են նաև Առաքելոց վանական համալիրի պահպանության, ուսումնասիրման և կայուն զարգացման ծրագրերը, ինչպես նաև հայ-ավստրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նշենք նաեւ, որ 2025 թվականի մարտին, Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ, Առաքելոց վանական համալիրը ներառվել է Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների ցանկում։


















































