Հաագայի Գերմանական եկեղեցում կայացավ հուզիչ և բովանդակալից ոգեկոչման համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։
Միջոցառումը կազմակերպվել էր Նիդերլանդների Հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) կողմից և առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ անցկացվեց Հաագայի քաղաքապետ պարոն Յան վան Զանենի ներկայությամբ, ինչը միջոցառմանը հաղորդեց հատուկ կարևորություն և խորհրդանշական նշանակություն։
Երեկոն վարեց տիկին Ժակլին Կեչիյանը (Jacqueline Kecciyan), ապահովելով միջոցառման կազմակերպված և հանդիսավոր ընթացքը։
Համերգը բացվեց FAON-ի անունից տիկին Ինգա Դրոստի ելույթով, որը ներկայացրեց կազմակերպության առաջնահերթ ուղղությունները՝ կապված Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման և արդարության հասնելու հետ։ Իր խոսքում նա առանձնացրեց երեք հիմնական թեմա։
Կարդացեք նաև
Առաջինը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Նիդերլանդների կառավարության կողմից։ Տիկին Դրոստը նշեց, որ 111-րդ տարելիցի և կազմակերպության հանրագրի շրջանակում շարունակվելու են հետևողական ջանքերը՝ այս պահանջը կյանքի կոչելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ վերջնական նպատակը նաև Թուրքիայի կողմից ճանաչումն է։
Երկրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է երիտասարդների կրթությանը՝ հատկապես ցեղասպանությունների վերաբերյալ համապարփակ կրթության զարգացման միջոցով։ FAON-ն արդեն ունի փորձ՝ միջնակարգ կրթության ոլորտում կիրառված ուսումնական փաթեթի միջոցով, և պատրաստել է մի շարք առաջարկներ Նիդերլանդների խորհրդարանում նախատեսված քննարկումների համար, այդ թվում՝ Հոլոքոստի կրթության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ։
Երրորդ թեման վերաբերում է Հաագայում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի ստեղծմանը։ Տիկին Դրոստը նշեց, որ ցանկացած աջակցություն այս նախաձեռնությանը կարևոր է, հատկապես հաշվի առնելով, որ Հաագան միջազգային իրավունքի և դատարանների կենտրոնն է։ Նրա խոսքով՝ նման հուշարձանը կարևոր հիշեցում կլինի անպատժելիության հետևանքների մասին։ Թեև նախկինում նման առաջարկը մերժվել էր, սակայն ներկայումս աճող իրազեկվածության պայմաններում նոր նախաձեռնությունը կարող է ստանալ բավարար աջակցություն։
Երեկոյին ներկա էին բարձրաստիճան հյուրեր և հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վիկտոր Բիյագովը, Նիդերլանդների խորհրդարանի գործող և նախկին անդամներ, Հայաստանի պատվավոր հյուպատոսը, Հռոմի Ֆրիզիական եկեղեցու ռեկտոր Անտուան Բոդարը, Հաագայի քաղաքային խորհրդի անդամներ, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ազգային փոքրամասնությունների համայնքներ, այդ թվում՝ արամեացիներ և հույներ, որոնք կիսում են պատմական նույն ցավալի փորձառությունը։
Պաշտոնական ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Նիդերլանդների խորհրդարանի անդամ Անի Զալինյանը (GL/PvdA-PRO), Անտուան Բոդարը և Արամեական Մարդու Իրավունքների Շարժման (ABM) ներկայացուցիչ տիկին Մայա Հադդուն։ Նրանց խոսքերը ընդգծեցին հիշողության պահպանման, պատմական արդարության և ժողովուրդների միջև համերաշխության կարևորությունը։
Երաժշտական հատվածը վստահված էր տաղանդավոր Հակոբյան եռյակին՝ Ադամ (դաշնամուր), Քրիստիան (թավջութակ) և Էմանուել (ջութակ), որոնք վերջերս հանդես էին եկել «Podium Klassiek» հեղինակավոր հեռուստածրագրում։ Նրանց կատարումները հաղորդեցին երեկոյին խոր զգացմունքային երանգ և բարձր արվեստի շունչ։
Համերգը բացեց «Աբովյան» հայկական մշակութային միության մանկապատանեկան երգչախումբը՝ տիկին Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ։ Երիտասարդների մաքուր և հուզիչ կատարումները դարձան երեկոյի խորհրդանշական սկիզբ՝ փոխանցելով հիշողության շարունակականության գաղափարը սերունդների միջև։
Այս ոգեկոչման համերգը դարձավ հիշողության, խորհրդածության և միասնականության յուրահատուկ հարթակ՝ մեկտեղելով տարբեր ազգությունների և համայնքների ներկայացուցիչներին՝ հանուն պատմական հիշողության պահպանման և մարդկային արժանապատվության պաշտպանման։


















































