Պատասխանելով դիտարկմանը, թե Հանրապետության հրապարակում երկու իրականություն է. մի կողմում՝ «Քաղաքացու օրվա» համար կանգնեցված հարթակն է, մյուս կողմում՝ այսօրվա Ջահերով երթը, և հայ ժողովուրդն այս երկու իրականությունների միջև է, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց.
«Ես չեմ հավակնում բանաձևել ճշմարտությունը և տալ փրկության ճանապարհներ, թեպետ բժիշկ եմ և պարտավոր եմ ոչ միայն ախտորոշել, այլ նաև բուժում առաջարկել։ Բայց մինչ այդ ուզում եմ դիմել մեր բոլոր քաղաքացիներին, բոլոր հայրենակիցներին՝ անկախ մեր, ձեր քաղաքական կարծիքներից, տարաձայնություններից։ Խնդրում եմ այսօր հընթացս միանալ այս երթին։
Ես այսօր նայում էի Հայաստանի բնակչության ծագումնաբանության քարտեզը։ Այսօրվա երեք միլիոնանոց Հայաստանում առնվազն 300–400 հազարը ծագումով արցախցի է, առնվազն մեկ միլիոնը՝ ծագումով Արևմտյան Հայաստանից և ցեղասպանությունից վերապրածների ժառանգներ։ Այսինքն՝ մեր բնակչությունն էլ 95 տոկոսով հայ է։ Ես զարմանում եմ, որ երբեմն փորձում են մեզ հակադրել իրար։
Այսօրվա երթը, իմ ողջ հարգանքով դեպի ավանդական կազմակերպիչները, վաղուց դադարել է լինել Դաշնակցության սեփականությունը։ Կարծում եմ՝ դա Դաշնակցության հաջողությունն է, որ այս հավաքները այլևս կուսակցական չեն, այլևս միայն իրենցը չեն, այլ իրենց շնորհիվ՝ 90-ականներից սկսած՝ բոլորինս են։
Կարդացեք նաև
Հատկապես այսօրվա իշխանության պարագայում մասնակցել ջահերով երթին նշանակում է՝ ունենալ դիրքորոշում։ Հեշտ էր գալ երթի, երբ իշխանություններն հայամետ էին։ Այդպես էր նախորդ երեք նախագահների ժամանակ՝ իրենց բոլոր տարբերություններով։ Հեշտ էր գալ երթի, միանալ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, երբ թիկունքիդ պետություն էր։
Այսօր մեր թիկունքին պետություն չկա, որովհետև, առհասարակ, հայկական պետություն այսօր չկա։ Ավելին ասեմ՝ այսօր այդ պետությունը բռնազավթված է, օկուպացված է այլոց կողմից դրված խամաճիկների ձեռքերում։
Եվ շատ դժվար է, բայց ավելի պատվաբեր է լինել պատվախնդիր այն ժամանակ, երբ նախագահն այդպիսին չէ, վարչապետն այդպիսին չէ, պառլամենտը այդպիսին չէ, կառավարությունը այդպիսին չէ։ Այսօր ավելի կարևոր է լինել հայ, քան հայ մնալ լավ օրերին։
Հիմա վերադառնանք այս սիմվոլիզմին։ Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի այս պրոպագանդայի կուտն ուտենք, որովհետև սրանք փորձում են հակադրել պարզ մարդկային, կենցաղային երջանկությունները թասիբին։ Բոլորս էլ սիրում ենք և խմել, և պարել, և ուրախանալ, լավ ժամանակ անցկացնել, համերգի գնալ։ Բայց հակադրել համերգը պատվին՝ սրիկայություն է։ Եկեք դուրս գանք հակադրությունից։ Այս բեմը կյանք է, այն բեմը՝ կենցաղ, այս բեմը՝ պատիվ, այն բեմը՝ հավես, այս բեմը ցեղասպանություն վերապրած իմ պապի բեմն է, այն բեմը՝ իմ երեխաների հավեսի բեմն է։ Դրանք չեն հակադրվում։ Բայց սրանք փորձում են հակադրել։ Մարդուն ասես՝ հաց ուտե՞ս, թե՞ աղոթես։ Շատ քիչ մարդ կգնա ճիշտ ճանապարհով, որովհետև ճիշտն այդ պահին աղոթելն է։ Բայց մարդիկ ունեն բնազդներ, և մեծ մասը կարող է գնալ՝ հաց ուտի այսօրվա այս բեմերի հակադրության մեջ»,- ասաց Աշոտյանը։
Աշոտ Հակոբյան


















































