Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ տխմար խոսույթը պետք է դադարեցնել՝ սա պահանջատիրություն չէ, հողային ու տարածքային պահանջ չէ, իրավունքների հետեւից գնալու նպատակ է»

Ապրիլ 24,2026 15:45 Share

«Սա ուղղակի 1,5 մլն հայերի պատմություն չէ, սա այն ցեղասպանական գործողությունն է, որին հետեւեցին բազմաթիվ գործողություններ։ Եվ երբ որոշ մարդիկ որոշեցին, որ կարելի է նշաձողերն իջեցնել, դա բերեց մեր նկատմամբ նոր ցեղասպանության։ Հետեւաբար, սերունդները պետք է հիշեն, ամբողջ ծավալով տեղյակ լինեն, թե ինչ է տեղի ունեցել։ Այս պատմությունը հնարավոր չէ վերաշարադրել ու փոխել, բայց հիշողությունը միայն ցավոտ պատմությունը ժառանգներին փոխանցելու մասին չէ, նաեւ կանխարգելելու եւ այլեւս թույլ չտալու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Նժար» շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։

Նա նշեց, որ ցեղասպանության մասին պատմությունները ոչ թե հանուն վրեժխնդրության են այսօր հիշվում, այլ պետք է հիշել, որպեսզի հասկանանք՝ եթե սրա տերը չենք լինում, հաջորդ սերունդներն են այդ նույն գործընթացին ենթարկվելու։ «Մենք դա տեսանք Արցախի օրինակով։ Այն պատկերը, որ մենք տեսնում ու զարմանում էինք, թե ոնց են մի քանի ասկյար մի քանի հազար ժողովուրդ տանում ու զարմանում էինք, թե ոնց կարող է մի քանի հազար մարդ գլուխը կախ գնալ, եւ հետո տեսանք Արցախի շարասյունը, խելագարվելու մի բան էր։ Հարյուր տարվա կտրվածով երկու ցեղասպանություն, կներեք, դա չափից շատ է մեկ ժողովրդի համար։ Եվ դա այսօր չկապիտալիզացնել, հիմքեր չստեղծել, որպեսզի դու կարողանաս ամուր պետություն ստեղծելու հետեւից գնալով՝ այդ պետությունը ստեղծել․․․ Սա որեւէ մեկի նկատմամբ պահանջատիրություն չէ, սա հողային, տարածքային պահանջ չէ, այդ տխմար խոսույթը պետք է դադարեցնել։ Սա իրավունքների հետեւից գնալու նպատակ է եւ նպատակ ունի հետագայում կանխարգելել այսպիսի գործողությունները»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Նինա Կարապետյանցն անդրադարձավ նաեւ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքականության օրակարգում պահելու անհրաժեշտությանը, ասաց, որ բոլոր իրավիճակներում պետությունը պետք է հաշվարկ անի, թե որ գործիքակազմով կարող է առաջ տանել իր կարեւորագույն խնդիրները։ Այս իշխանությունը, նրա խոսքով, դա անելու համար ունի բոլոր հնարավորությունները։ «Երկար ժամանակ շատերն էին կարծում, ես էլ հոգուս խորքում մտածում էի՝ դե չի կարող պատահել, որ այս աստիճանի դավաճանական, կոլաբորանտ իշխանություն ունենաս, որովհետեւ չի կարող գենետիկորեն հայն այս տեսակի ատելություն ունենալ հայկական ամեն ինչի նկատմամբ։ Բայց կյանքը ցույց տվեց, որ չէ, սրանք ծրագրավորված, հետեւողական, նպատակային գործողություններ են, իրավունքներից հրաժարվելու ճանապարհով գնալու գործողություններ են։ Եվ, ցավոք սրտի, մտածված ու ծրագրավորված են։ Եվ սա է, որ պետք է կասեցնել»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930