Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը կոտրված է, ջարդված են պատուհանները. միջազգային հարթակներում խաղաղության կոչերը չեն ուղեկցվում պատասխանատվության հստակ մեխանիզմներով. Հովիկ Ավանեսով

Ապրիլ 27,2026 10:22 Share

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը

Ժամանակավորապես բռնազավթված Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին, որը կառուցվել է 2004 թվականին՝ բարերար Ալիս Օհանյանի հովանավորությամբ, գտնվում է քաղաքի Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյան փողոցների հյուսիս-արևմտյան անկյունում՝ Մոնթե Մելքոնյան փողոցից մոտ 30 մետր դեպի արևելք։ Եկեղեցին խաչաձև հորինվածքով կառույց է․ կենտրոնական հատվածից փոքր-ինչ հարավ-արևմուտք, չորս սյուների վրա բարձրանում է քառանկյուն հիմքով, բրգաձև տանիքով փոքր գմբեթը, որի գագաթին տեղադրված է խաչ։

Մուտքը գտնվում է արևմտյան կողմից՝ Պետրոսյան փողոցի ուղղությամբ, իսկ խորանը՝ հյուսիս-արևելյան հատվածում։

2025 թվականի հոկտեմբերի 30-ին MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակի գործընկերները ահազանգեցին, որ եկեղեցին դարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ոչնչացման քաղաքականության հերթական թիրախը։ Հարթակի հրապարակման համաձայն՝ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարները վկայում են, որ օկուպացված Մարտունի քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին վերջին երկու տարիների ընթացքում ենթարկվել է ակնհայտ վնասների․ ջարդված են պատուհանները, տեսանելի են կրակահերթերի հետքեր։

Փաստերն արձանագրում են, որ եկեղեցին նպատակային թիրախավորվել է դեռևս 2020 թվականի պատերազմի ընթացքում, երբ Մարտունի քաղաքը ենթարկվում էր ինտենսիվ և անխնա ռմբակոծության։ Արկեր են ընկել եկեղեցու անմիջական հարևանությամբ, ինչի մասին վկայում են հատկապես հարավային ճակատին պահպանված վնասվածքները։ Այս հանգամանքները հերքում են ցանկացած պատահականության վարկած և խոսում են մշակութային ժառանգության գիտակցված խոցման մասին։

2026 թվականի ապրիլի 26-ին Xocavənd Rayon İcra Hakimiyyəti ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը բացահայտում է նոր և առավել կոպիտ վանդալիզմի փաստ․ եկեղեցու գմբեթի խաչը կոտրված է։ Սա ոչ միայն ֆիզիկական վնաս է կրոնական կառույցին, այլև հարված հայկական ինքնությանն ու հոգևոր ներկայությանը տարածաշրջանում։

Առավել մտահոգիչ է այն, որ նման գործողությունները տեղի են ունենում միջազգային հարթակներում «խաղաղության» և «հաշտեցման» օրակարգերի ֆոնին։ Մասնավորապես, նույն ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները արժանանում են միջազգային մրցանակների։ Իսպանիայի Գերնիկա-Լումո քաղաքում անցկացված «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման մրցանակաբաշխության շրջանակում կրկին պարգևատրվել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Դրանից առաջ՝ փետրվարի 4-ին Աբու Դաբիում, նրանք ստացել էին նաև «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։

Սակայն այս պարգևատրումների և իրականության միջև առկա հակասությունը ակնհայտ է։ «Զայեդ» մրցանակի շնորհումից հետո ժամանակավորապես բռնազավթված Արցախում արձանագրվել է շուրջ երկու տասնյակ վանդալիզմի դեպք։ Դրանց թվում են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավիրումները։ Այս փաստերը վկայում են, որ միջազգային ճանաչման նման ձևաչափերը ոչ միայն չեն զսպում մշակութային ժառանգության ոչնչացումը, այլ կարող են ընկալվել որպես անուղղակի խրախուսանք։

Այս համատեքստում ձևավորվում է վտանգավոր միտում․ միջազգային հարթակներում հնչող խաղաղության կոչերը չեն ուղեկցվում պատասխանատվության հստակ մեխանիզմներով։

Արդյունքում՝ մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը շարունակվում է՝ ստանալով լռության կամ անտարբերության քողարկված աջակցություն։ Սա արդեն ոչ միայն տարածաշրջանային, այլև համամարդկային մշակութային արժեքների պաշտպանության խնդիր է, որը պահանջում է հստակ արձագանք և գործնական քայլեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930