Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանական հանձնաժողովների նիստերում քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը

Ապրիլ 27,2026 18:40 Share

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի են ունեցել հոբելյանական հանձնաժողովների նիստերը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հոբելյանական տարում անցկացվող ծրագրերի, դրանց միջոցով հոբելյանական առիթներն առավել տեսանելի դարձնելու կարևորությունը։

Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում, որը, ըստ նախարարի, հոբելյանն ըստ արժանվույն ներկայացնելու հնարավորություն է։

«Հանրապետության հրապարակի կառուցման մեկդարյա պատմությունը պետք է ներկայացնել և նշանավորել ոչ միայն որպես ճարտարապետական արժեք, այլև որպես ՀՀ պետական կարևոր խորհրդանիշ»,- ընդգծել է նա։

Հանձնաժողովի նիստում առաջարկվել է, ըստ նախկին փորձի, տարածել բաց հրավեր տարբեր առաջարկների հավաքագրման համար՝ գործընթացը հնարավորինս ներառական դարձնելու նպատակով։ Բացի բովանդակային և մասնագիտական կառույցներից՝ նախարարը կարևորել է նաև դպրոցների ներգրավվածությունը՝ շեշտելով, որ հոբելյանները պետք է դառնան հանրային կյանքի մաս։

Առաջարկվել է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական միջոցառումներում որպես կարևոր բաղադրիչ՝ ընդգծել ՀՀ անկախության 35-ամյակի շեշտադրումը։

Հանձնաժողովի անդամները նախանշել են կենտրոնական՝ գլխավոր միջոցառումների ընտրությունը, միջազգային տարբեր հարթակներում հոբելյանների հանրահռչակումը։

Հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստին ներկա են եղել նաև ընտանիքի անդամներ:

Հրաչյա Աճառյանի (1876-1953թթ․) ծննդյան 150-ամյա հոբելյանը ևս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջոցառումների ծրագրում պետք է հաշվի առնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվող միջոցառման կարևորությունն ու պատշաճ իրականացումը:

«Աճառյանի ժառանգությունը պետք է հասանելի դարձնել նաև դպրոցահասակների շրջանում: Սա լավ հնարավորություն է հայերենի գրավչությունն ու հարստությունն առավել տեսանելի դարձնելու առումով՝ խրախուսելով ուսուցիչներին, որպեսզի ջանքեր գործադրեն հայերենի զարգացման գործում Աճառյանի ներդրումը տեսանելի դարձնելու ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Դիտարկվել են կրթական ծրագրերի, դպրոցական նախագծային աշխատանքների, Աճառյանի ժառանգությունը վերաիմաստավորող միջոցառումների հնարավորությունները:

Հանձնաժողովի անդամները քննարկել են Հրաչյա Աճառյանին նվիրված միջազգային գիտաժողովների անցկացումը, հրատարակչական աշխատանքների իրականացումը, երկերի հատորաշարերի կազմումը, արտերկրում Աճառյանի կենսագրության արձանագրման և հանրահռչակման ձևաչափերը:

Բաց հրավերով ստացված առաջարկները նախապես կտրամադրվեն հանձնաժողովների անդամներին, այդուհետ դրանք կքննարկվեն և կընտրվեն ըստ ընթացակարգի։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930