Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաբարձր պաշտոն զբաղեցնողին հերթական անգամ հուշվել է կեղծ թեզ»․ արձագանք՝ Փաշինյանի՝ դպրոցներ չփակելու մասին

Ապրիլ 27,2026 20:02 Share

Նախորդ շաբաթ Ախուրյան խոշորացված համայնքի Քեթի բնակավայրի նորակառույց դպրոցի բացման արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, ըստ էության պատասխանելով քննադատներին, թե Հայաստանի Հանրապետությունում մեկ դպրոց կառուցելով՝ միանգամից երեք դպրոց են փակում։ Քեթիի նորակառույց կրթահամալիրը ծառայելու է նաև Փոքրաշեն ու Հովունի գյուղերի երեխաների համար։

Ըստ էության, այս երեք գյուղերի դպրոցները միավորվելու են։

«Շատ են խոսում նրա մասին, թե մենք դպրոցներ ենք փակում, մենք դպրոցներ չենք փակում, մենք ստեղծում ենք դպրոցներ, ստեղծում ենք կրթական միջավայրեր բոլոր երեխաների համար։ Ընդհանրապես շատ են խոսում այն մասին, ասում են, թե գյուղում ֆիզիկապես դպրոց չլինի, գյուղը կդատարկվի։ Բայց, ցավոք սրտի, մենք պիտի արձանագրենք, որ արդեն դատարկված գյուղերի գոյության բերումով է, որ մենք այս լուծմանն ենք գնացել»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ երեխաներին չեն կարող զրկել պատշաճ ֆիզիկական միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից։

«Եվ ես իմ անձնական օրինակն եմ բերում, որ իմ երեխաները մանկապարտեզ, նաև դպրոց գնացել են մեր տնից վեց կիլոմետր հեռու, ես համարել եմ, որ ավելի շահեկան է, որ մենք այդ հոգսը վերցնենք մեզ վրա և երեխաներին տանենք։ Ուզում եմ ասել, որ այս նույն վերաբերմունքն ունեմ ՀՀ բոլոր երեխաների նկատմամբ, կարևոր է, որ դպրոցում լինի պատշաճ միջավայր, դպրոցում պետք է լինի նորմալ ճաշարան, դպրոցում պետք է լինի նորմալ բեմ, դպրոցում պետք է լինեն լաբորատորիաներ, լաբորատոր սարքեր և կրթական միջավայր, կրթության համար ամենակարևորը կրթական միջավայրն է»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ բոլոր տեղերում չեն կարող կառուցել այսպիսի դպրոցներ, բայց և այնպես խոստացավ՝ այն գյուղերում, որտեղ կլինի երեխաների անհրաժեշտ թիվ, հետագա ծրագրերի շրջանակում նույնպես կկառուցեն դպրոցներ։

Նա անդրադարձավ նաև երեխաների տեղափոխման խնդրին՝ ասելով՝ այս նպատակի համար մտածել են միկրոավտոբուսներ ձեռք բերել, որ գան առավոտյան երեխաներին տանեն, երեկոյան վերադարձնեն։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ գաղափարը բարձրաձայնելուց հետո ծնողներից առաջարկներ են ստացել, որոնք խնդրել են ծախսերի փոխհատուցումը տալ իրենց, և իրենք իրենց մեքենայով երեխաներին տանեն հարևան գյուղ՝ դպրոց։

Վարչապետն ասաց, որ այդ մոդելն էլ կփորձարկեն, բայց պիտի վստահ լինեն, որ մեքենաների տեխնիկական վիճակը նորմալ է, ճանապարհին որևէ բան չի պատահի։

«Ազգային կրթություն» կրթական հիմնադրամը, որի ներկայացուցիչները վերջերս մամուլի ասուլիս էին հրավիրել՝ «Կանգնի՛ր, գյուղը մի դատարկիր» խորագրով, և որոնք հայտնել էին, որ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում 229 դպրոց է փակվելու, որից 48-ը՝ Շիրակի մարզում, ընդ որում՝ փակում են գյուղական համայնքների միակ դպրոցները, ավելին՝ մեծամասամբ սահմանամերձ համայնքների, բավական կոշտ արձագանքել են Նիկոլ Փաշինյանի այս ելույթին։

Նրանք հանդես են եկել պատասխանով, որտեղ կետ առ կետ անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչեցված մտքերին։

«Ազգային կրթություն» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները իրենց մամուլի ասուլիսի ժամանակ պնդում էին, որ կեղծ թեզեր շրջանառելով են փակում գյուղական համայնքների դպրոցները, օրինակ՝ հայտարարում են, որ աշակերտների համապատասխան թվաքանակ չկա, մի քանի հոգանոց, ավերակ դպրոցներն են փակում, իրականում 50 և ավելի աշակերտ ունեցող բազմաթիվ դպրոցներ են փակում, ավելին՝ վերանորոգված դպրոցներ։ Նրանք որպես օրինակ մեջբերել էին Շիրակի մարզի սահմանամերձ Բայանդուր համայնքի դպրոցը, որն ունի 113 աշակերտ, սակայն փակում են։

«Ազգային կրթություն» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի Քեթիում հնչեցրած ելույթին հետևյալ պատասխանն են տվել․

«Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանում 229 դպրոցների փակման գործընթացն ուժի մեջ է, իսկ ժամկետները սոսկ կախված են նորակառույց դպրոցներից։ Հետևաբար, փակվող դպրոցների գյուղաբնակներին տարբեր մակարդակի չինովնիկների կողմից փոխանցվող լուրերը, որ իրենց դպրոցները չեն փակվելու, բացարձակապես կեղծ են և նպատակ ունեն մոլորեցնելու ու մարելու կուտակված դժգոհության ալիքը։

Խորը հիասթափություն ենք ապրում այն իրականությունից, որ ամենաբարձր պաշտոն զբաղեցնողին հերթական անգամ հուշվել է կեղծ թեզ․ եթե կառավարությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով գյուղերում դպրոցի գոյությունը չի կանխել արտագաղթի բարձր տեմպերը, ապա կարելի է նաև միակ դպրոցը փակել։ Իսկ պարզ ճշմարտությունն այն է, որ միակ դպրոցը գյուղում մնալու սոցիալական վերջին հիմքն է, որովհետև այն ոչ միայն կրթական, այլև սոցիալական, մշակութային, պետական և անվտանգային գործառույթ է կատարում։

Այս ճշմարտությանը հաղորդ լինելու համար մեծ ջանքեր պետք չեն, պարզապես կարելի է ծանոթանալ «Ազգային կրթության խորհրդի» կողմից կատարված մասնագիտական հետազոտության հետ, որը հասանելի է։

Հերթական անգամ հնչեցվեց այն մոլորեցնող թեզը, որ բազմաթիվ երեխաներ ամեն օր հաղթահարում են տասնյակ կիլոմետրեր, որպեսզի ավելի լավ դպրոց հաճախեն։ Իսկ ճշմարտությունն այն է, որ այդ երեխաներն ունեն ընտրության իրավունք՝ հաղթահարեն տասնյակ կիլոմետրերը, թե ոչ։ Միակ դպրոցը փակելով՝ երեխան զրկվում է այդ ընտրության իրավունքից, որը նաև սահմանադրության խախտում է։ Հետևաբար, երեխան ու ծնողը պետք է ընտրեն՝ հաճախեն լաբորատորիաներ ունեցող դպրոց, թե ավարտեն իրենց գյուղի դպրոցը։

«Ազգային կրթության խորհուրդը» ևս մեկ անգամ վերահաստատում է, որ դպրոցների փակման այս գործընթացի մասշտաբայնությունն ու ծավալներն ուղղակի սպառնալիք են պետականության գոյությանը։ Հետևաբար, գյուղացիների մոտ կուտակված դժգոհությունն արդարացի է, որի արտահայտման համար «Ազգային կրթության խորհուրդը», օրենքով սահմանված կարգով, ձեռնամուխ է եղել կոլեկտիվ հանրագրերի միջոցով այդ դժգոհությունը հասցնել պատկան մարմիններին։ Գործընթացը պետք է չեղարկվի»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930