Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաչափություն»՝ այո, բայց նաեւ` սկզբունքներ

Ապրիլ 28,2026 10:00 Share

Շուտով պաշտոնապես սկսվելու է ԱԺ ընտրությունների ընտրարշավը եւ, ինչպես միշտ, առաջանում է «բոլորին հավասարաչափ լուսաբանելու» խնդիրը: Այդ խնդիրը տեխնիկապես անլուծելի է. Հայաստանում չկա որեւէ լրատվամիջոց, որը, մեծ ցանկության դեպքում անգամ, կարող է առաջադրված 19 քաղաքական ուժերին (ենթադրենք՝ բոլորը գրանցվելու են) սանտիմետրերով եւ վայրկյաններով նույնչափ տեղ հատկացնի: Նախ՝ ԶԼՄ-ներից ոչ մեկն այդպիսի ռեսուրս չունի: Երկրորդ՝ փորձը ցույց է տալիս, որ քաղաքական ուժերը ընտրարշավի ժամանակ խիստ անհամաչափ ակտիվություն են ցուցաբերում:

ԱԺ-ում տեղ զբաղեցնելու ռեալ հավակնորդներին, այդ թվում՝ ՔՊ-ին, «Առավոտը» կփորձի լուսաբանել հնարավորինս համաչափ: Բայց այստեղ կա բովանդակային խնդիր, որի մասին պետք է անկեղծորեն խոսել:

Կարծում եմ, ցանկացած անաչառ ընթերցող նկատել է, որ «Առավոտը» ակտիվորեն լուսաբանում է ՔՊ-ի եւ իշխանությանն աջակցող այլ կուսակցությունների միջոցառումները, ասուլիսները, կուսակցական քարոզարշավին համարժեք դարձած կառավարական միջոցառումները, տեղադրում ենք պաշտոնական հաղորդագրությունները եւ իշխանավորների գրառումները, տեսագրությունները՝ այդ նյութերում զերծ մնալով մեկնաբանություններից: Այդ մոտեցումը, բնականաբար, պահպանվելու է նաեւ քարոզարշավի ժամանակ:

Բայց բոլոր քաղաքական ուժերին անդրադառնալը չի նշանակում, որ «Առավոտը» չի ղեկավարվում որոշակի սկզբունքներով, արժեքների վրա հիմնված խմբագրական քաղաքականությամբ: Եվ, կարծում ենք, դրա մասին պետք է բաց հայտարարել՝ այնպես, ինչպես դա ընդունված է զարգացած երկրներում:

Մեր «կողմնորոշիչներն» են

1/ օրինականությունը,

2/ ժողովրդավարությունը,

3/ ազգային ինքնությունը:

Մեր կարծիքով, ներկայիս իշխող կուսակցությունը զգալիորեն շեղվել է այդ բազային արժեքներից, եւ, հետեւաբար, մեկնաբանություններում, վերլուծություններում եւ այլ նյութերում մենք աջակցելու ենք այն ուժերին, որոնք դավանում են այդ արժեքները եւ իսկապես ձգտում են իշխանափոխության:

Թե որքանով են մեր մոտեցումները, մեր լուսաբանումները, մեր մեկնաբանություններն ու վերլուծությունները համապատասխանում բարձր էթիկական ու պրոֆեսիոնալ ստանդարտներին, մենք չէ, որ պետք է դատենք: Դա ընթերցողների գործն է: Բայց այս հարցերը հստակեցնելու համար շուտով ներդրվելու է նոր մեխանիզմ:

Եթե որեւէ ընթերցող կարծում է, որ մեր հրապարակումները հակասում են «Առավոտի» խմբագրակազմի եւ լրագրողների որդեգրած էթիկական սկզբունքներին եւ Հայաստանի լրատվամիջոցների ու լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրին, ապա մայիսի 1-ից կարող է դիմել [email protected] հասցեով՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության Դիտորդ մարմնի անդամ Գնել Նալբանդյանին, որի անաչառությանը եւ պրոֆեսիոնալիզմին, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում: Գնելին ես վստահում եմ ամբողջությամբ, նրա որոշումների վրա չեմ կարող եւ չեմ ուզում ազդել, եւ այդ որոշումներն ինձ համար լինելու են վերջնական:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930