Սիրելի ընթերցող,
«Առավոտի» խմբագրակազմը վերջերս ինձ դիմել էր՝ առաջարկելով դառնալ իր օմբուդսմենը, կամ ավելի ճիշտ՝ «Առավոտի» ընթերցողների, ունկնդիրների, ակնդիրների շահերի պաշտպանը լինել իրենց խմբագրությունում։ Սա շատ պատասխանատու գործ է ինձ համար, և մեծ սիրով համաձայնեցի։ Իմ գործը լինելու է «Առավոտի» հրապարակումների առնչությամբ ձեր բողոքը, դժգոհությունը կամ անհամաձայնությունը քննելն ու հասկանալը, թե խնդրո առարկա հրապարակումը համապատասխանո՞ւմ է «Առավոտի» խմբագրակազմի և լրագրողների որդեգրած էթիկական սկզբունքներին և Հայաստանի լրատվամիջոցների ու լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրին։
Մամուլի օմբուդսմանը լրագրողական համայնքի ինքնակարգավորման օղակներից մեկն է և նպաստում է լուրեր արտադրողի և այդ լուրերը սպառողի միջև վստահելի, քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելուն, փոխըմբռնում սերմանելուն, հարգալից մթնոլորտ ձևավորելուն։ Նպատակը նաև միջնորդելն է, որ հնարավոր թյուրընկալումները հարթվեն արագ, սխալներն ուղղվեն արդարամտորեն, և ընթերցողը ստիպված չլինի դատարան դիմել և ընկնել երկարատև, հուսահատեցնող ու ծախսատար քաշքշուկի մեջ։
«Առավոտի» կայքէջի ստորին աջ անկյունում կտեսնեք «էթիկայի նշանը»։ Այն հուշում է, որ «Առավոտ» թերթն ու կայքն ինքնակամ միացել են ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը և ունեն իրենց լսարաններին որակյալ, անկողմնակալ, ճշգրտված տեղեկություններ փոխանցելու հանձնառություն, պարտավորվել են հարգել մարդկանց անձնական կյանքը, համամարդկային արժեքները, գործել հանրության համար թափանցիկ։ Բարեբախտաբար, որակյալ լրագրության այս և մյուս պահանջներն «Առավոտի» լրագրողները բարեխղճորեն կատարում են տարիներ ի վեր։ 1990-ից լինելով մեդիադաշտում, ինքս էլ որպես լրագրող կամ խմբագիր մեծ ու փոքր սխալներ եմ թույլ տվել և գիտեմ, թե երբեմն որքան դժվար է լրագրողական ստանդարտները պահպանելը։
Կարդացեք նաև
Առջևում Հայաստանի համար կարևոր քաղաքական իրադարձություններ են՝ ընտրություններ, որոնց ընթացքում (նաև նախընտրական ու հետընտրական փուլերում) սովորաբար բորբոքվում են քաղաքական կրքերը, գաղափարական հակասությունները՝ սրվում, հանրությունը բևեռացվում է, լրատվությունը փոխարինվում է քարոզչությամբ, կեղծ լուրերն ապակողմնորոշում են ընտրողին, ապատեղեկատվությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումն ու խտրականությունը համաճարակի պես ավերում են լրատվական դաշտը։ Այս առումով՝ «Առավոտի» որոշումն առավել քան կարևոր է։ Կարևոր է , որ լրագրողական նորմերի խախտման դեպքում խմբագրությունը կամ լրագրողն ինքնակամ կամ իմ օգնությամբ ընդունի սխալը, ներողություն խնդրի, ուղղի այն և փորձի այդ սխալը չկրկնելու համար պարզել դրա պատճառները։ Եվ հատկապես կարևոր է այս ամենը գիտակից, պատրաստված, խստապահանջ ընթերցողի հետ անելը։
Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Առավոտ». Եթե բողոք ունեք մեր հրապարակման վերաբերյալ՝ մայիսի 1-ից կարող եք դիմել «Առավոտի» օմբուդսման Գնել Նալբանդյանին՝ [email protected] հասցեով:
Լուսանկարը՝ Newmag-ի ֆեյսբուքյան էջից


















































