Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ թեզիսային առաջարկներ է մշակել

Ապրիլ 28,2026 11:30 Share

ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից մշակվել են թեզիսային առաջարկներ ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ, որոնք հրապարակում ենք նոր կարծիքներ, առաջարկներ ստանալու ակնկալիքով:

Լրամշակված տարբերակն այնուհետ ուղարկվելու է առաջիկա համապետական ընտրություններին մասնակից քաղաքական ֆավորիտ ուժերին:

Արդյունքներն ամբողջացնելով, ինչպես նաև վերագնահատելով մեր Հայրենիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ հստակ դիրքորոշում կձևավորենք քաղաքական ուժերի նկատմամբ:

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

(ԱԱԾ զարգացման վերաբերյալ)

  1. Համակարգն ապաքաղաքականացվելու է, օրենսդրորեն պատասխանատվություն է սահմանվելու ԱԱԾ-ն քաղաքական կամ անձնական այլ բնույթի գործընթացներում ներգրավելու համար: ԱԱԾ-ում ծառայության չափանիշները լինելու են հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը, սահմանվելու է հասարակության վստահության բարձր նիշ։
  2. ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ, նա չի կարող պաշտոնից կամայական որոշմամբ ազատվել, երկրի ղեկավարը նման որոշում կայացնելու դեպքում հաշվետու է լինելու ՀՀ Ազգային ժողովին։
  3. Օրենսդրորեն հստակեցվելու է երկրի քաղաքական ղեկավարի իրավասության շրջանակներն ԱԱԾ գործունեությանը միջամտելու, կառույցին հանձնարարականներ տալու, հատկապես օպերատիվ աղբյուրների մասին տվյալներ, տեղեկություններ ստանալու առումով, բացառվելու է գործակալական ցանցի նկատմամբ ցանկացած կամայական վերաբերմունք, նման բնույթի տեղեկությունները չեն գաղտնազերծվելու և չեն հրապարակվելու։
  4. ԱԱԾ գործող աշխատակիցները ստանալու են դատա-դատախազական համակարգին հավասարազոր աշխատավարձ, ունենալու են բնակարանի, հանգստի, իրենց և իրենց ընտանիքի անդամների ուսման, առողջապահական, գույքահարկից և հնարավոր այլ պետական վճարներից ազատման, ցածր տոկոսադրույքով վարկավորման և այլ ուղղություններով հստակ սոցիալական երաշխիքներ։
  5. ԱԱԾ համակարգում վերականգնվելու է քննչական մարմինը, մասնագիտական շրջանակներում քննարկվելու է հետախուզությունը և պետական պահպանության ծառայությունը ևս վերականգնելու նպատակահարմարությունը։
  6. Օպերատիվ-տեխնիկական, որոնողական, բարձր տեխնոլոգիաների հետ կապ ունեցող ստորաբաժանումներն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով, իսկ բարձրակարգ աշխատակիցները ստանալու են IT ոլորտի մասնագետներին հավասարազոր աշխատավարձ։
  7. Երկրի տնտեսության ազատականացման, ինչպես նաև մյուս իրավապահ մարմինների հետ նույն գործառույթը չկրկնելու նպատակով ԱԱԾ-ից հանվելու է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ֆունկցիան, փոխարենն ուժեղացվելու է պետական բոլոր օղակների, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորմամբ կազմակերպությունների նկատմամբ հսկողությունը, թմրամիջոցների, զենքի մաքսանենգության, փողերի լվացման, ստվերային կրիպտո գործարքների դեմ պայքարը:
  8. Բարձրացվելու է ԱԱԾ կրթական հաստատության կարգավիճակը, ներդրվելու են ժամանակակից կրթական ծրագրեր, ապահովվելու է բարձրակարգ նյութատեխնիկական բազա, սարքեր-սարքավորումներ։
  9. Ստեղծվելու են սուբյեկտիվ պատճառներով ԱԱԾ-ից հեռացած, հեռացված աշխատակիցներին համակարգ վերադարձնելու պայմաններ, կադրային անարդար որոշումներ այլևս չեն լինելու, ներդրվելու է մեխանիզմ գործող աշխատակիցների օրինական շահերը կամայականությունից պաշտպանելու համար։
  10. ԱԱԾ պահեստազորում գտնվող աշխատակիցները լինելու են պետության հովանու ներքո, նրանց ներուժն օգտագործվելու է պետական և մասնավոր ոլորտներում։
  11. Ավանդույթի ուժով դեկտեմբերի 20-ը վերականգնվելու է որպես ԱԱԾ աշխատակցի օր։

    ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930