Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կստանա այս ամենից Հայաստանը՝ նոր խնդիրներ. Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան

Ապրիլ 28,2026 11:54 Share

Զելենսկու այցի հնարավոր հետևանքները

Օրեր հետո, Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի էությունը որակապես կարող է փոխվել, եթե Հայաստան ժամանի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նիկոլ Փաշինյանի ծրագրերում, անշուշտ, սա իր նախընտրական արշավի առանցքային միջոցառումն էր։ Այդպես էր պլանավորված, այդպես էր բանակցված, այդպես է նախատեսված։

Ապրիլի 25-ին Ադրբեջան անսպասելի այցից հետո շատ մեծ է հավանականությունը, որ Զելենսկին կգա նաև Երևան։ Իսկ դա էապես փոխում է երևանյան միջոցառման թե´ խորքային, թե´ PR բովանդակությունը։ Որքան էլ տարօրինակ թվա, տվյալ միջոցառմանը Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է Փաշինյանը։

Զելենսկին Երևանում՝ նշանակում է, որ նա է դառնում հիմնական դերակատարը՝ իր կերպարով, իր պատերազմով, Եվրոպային ավելի հետաքրքիր լինելու իր օբյեկտիվ վիճակով։

Զելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն։

Զելենսկին Երևանում՝ նշանակում է իր հայտարարություններով անթաքույց գրգռվածություն առաջացնել մեզ հարևան առնվազն երեք պետությունների մոտ (Իրան, Վրաստան, նույնիսկ՝ Թուրքիա)։

Եթե, այնուամենայնիվ, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Զելենսկին ժամանի Երևան և մասնակցի աշխատանքներին, ապա Հայաստանի շուրջ և Հայաստանում մթնոլորտը փոխվելու է։ Ռուսաստանի ռեակցիան չի ուշանալու։ Ռուսաստանն ուղիղ պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, և հակառուսականության դրսևորումների դեպքում (առավել ևս՝ նոր հակառուսականության պլացդարմների ստեղծման կոչերի պարագայում) ձեռնարկելու է որոշակի հակազդեցության քայլեր։ Հայաստանյան ընտրողներն էլ դա զգալու է։

Եվրոպական լիդերները խորապես անտարբեր են Հայաստանի համար հնարավոր հետևանքների հանդեպ, մենք վերջին 5-6 տարիներին դա մեր աչքերով ենք տեսել, Զելենսկին դժվար թե առիթը բաց թողնի՝ PR-վելու Եվրոպական համայնքի առջև, եվրոպական էլիտան էլ սիրով Երևանում հակառուսականության ցուցադրումներ կանի։ Ի՞նչ կստանա այս ամենից Հայաստանը՝ նոր խնդիրներ։ Պարադոքսն այն է, որ նման «расклад»-ի դեպքում, հիմնական դերակատարի փոփոխման պարագայում, չի շահում նաև Փաշինյանը։

Նրանք սիրուն, սուր ճառերից հետո կգնան իրենց երկրները՝ զբաղվելու իրենց ներքին լրջագույն խնդիրներով։ Մենք կստանանք լարվածության մեծ պոտենցիալով նոր իրականություն, հետևաբար՝ նաև ներքին տրամադրությունների որոշակի փոփոխություններ։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930