«Մարտի մեկի մասին ՄԻԵԴ որոշման մեջ մի քանի անգամ հիշատակվել է, որ Հայաստանի իշխանությունները որոշ փաստաթղթեր չեն ներկայացրել կամ հարցումներին չեն արձագանքել։ Դա ձեզ որոշակի գործողության դրդե՞լ է, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանի անունը քաղաքականության մեջ հայտնի դարձավ Մարտի 1-ից հետո։ Որպես քաղաքական գործիչ՝ ինքը, իհարկե, շահագրգռված էր, որ Մարտի 1-ի գործով Հայաստանի դեմ որոշում կայացվեր։ Որպես ՀՀ վարչապետ՝ ինքը պարտավոր էր քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու ՀՀ շահերը։ Եվ այս համատեքստում մենք ունենք որոշում, որ փաստաթղթեր չեն ներկայացվել, համագործակցությունը դատարանի հետ եղել է ոչ ամբողջական։ Եվ դրանով ՀՀ-ն փաստորեն լիարժեքորեն չի օգտագործել պաշտպանելու իր իրավունքը։ Արդյոք դուք այստեղ պաշտոնեական դիրքի չարաշահման տարրեր չեք տեսնո՞ւմ»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Աննա Վարդապետյանն ասաց, որ Մարտի 1-ի գործով փաթեթը ՄԻԵԴ է ներկայացվել 2015 թվականին․ «Կոմունիկացիան 2015 թվականին է եղել, եւ ձեր կողմից բարձրացված բոլոր գնահատականները այո, ճիշտ են։ Եվ 2015 թվականի դրությամբ, երբ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է այս գործը, իհարկե, ցանկություն չկար ամբողջ ծավալով փաստաթղթերը ներկայացնելու։ Պաշտոնատար անձինք, որոնք դրա համար պատասխանատու են, առանձին դրվագ կա, եւ մի մասը, որոնք Հայաստանում չեն, կարծում եմ, որ մենք հեռակա վարույթով այս անձանց կկանչենք պատասխանատվության»։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ 2015 թվականից մինչեւ 2025 թվականը 11 տարի է անցել, այդ ընթացքում 8 տարի ՔՊ-ն է եղել իշխանության։ «Եթե 2018 թվականի ուղարկեիք, պետք է ասեին՝ չէ, մի ուղարկե՞ք։ Կոմունիկացվե՞լ է ՄԻԵԴ-ի հետ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Պատգամավորը նաեւ հարց հնչեցրեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Մարտի 1-ի բացահայտված լինելու մասին, այնինչ մեղադրական վերդիկտ չկա։ Դատախազն ի պատասխան ասաց․ «Ես՝ որպես գլխավոր դատախազ, Մարտի 1-ի հետ կապված քրեական արդարադատության առաքելությունը կհամարեմ ավարտված, երբ կլինի օրինական ուժի մեջ մտած վերդիկտ, մնացածը քաղաքական հայտարարություններ են։ Մենք այս պահին դատարան ուղարկում ենք դրվագներ, որոնք այդ թվում՝ բխում են ՄԻԵԴ վճռի դիրքորոշումներից։ Մեզ համար Մարտի 1-ը կդառնա բացահայտված մեղադրական վերդիկտով»։
«Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն արել է պնդումներ, որոնք իրականության հետ կապ չունեն, որովհետեւ անձը համարվում է մեղադրյալ, երբ կա մեղադրական վերդիկտ։ Իսկ մեղադրական վերդիկտ մինչ այժմ չկա։ Եվ կոչ արեք, որ հաջորդ անգամ հանրությանը չմոլորեցնեն նման մերկապարանոց հայտարարություններով»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































