Աշխատանքի օրվա առթիվ մայիսի 1-ին կազմակերպվեց պանելային քննարկում՝ «Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները» խորագրով։ Միջոցառման շրջանակում իրականացվեցին երկու թեմատիկ քննարկումներ։ Առաջին քննարկումն անդրադարձավ աշխատանքի և սոցիալական քաղաքականության օրենսդրական առաջնահերթություններին՝ համախմբելով պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին՝ ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները քննարկելու նպատակով։
Երկրորդ քննարկման առանցքում էին աշխատավայրում աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանության հարցերը՝ քաղաքականությունների ձևավորումից մինչև դրանց արդյունավետ կիրարկում և իրական ապահովում։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը շնորհավորեց ներկաներին կարևոր տոնի կապակցությամբ։
Կարդացեք նաև
«Ուզում եմ, որ բոլորս այսօր մտածենք մեր աշխատանքային իրավունքների և այն մասին, թե ինչ ենք անում, որ կարողանանք իրացնել այդ իրավունքները։ Մայիսի 1-ը ոչ միայն տոնական օր է, այլև հնարավորություն արժևորելու այն ճանապարհը, որով անցել են աշխատողները։ Այսօր աշխատանքի թեման վերահաստատում է իր առաջնահերթությունը, նոր մասնագիտություններն ու արհեստական բանականությունը փոխում են աշխատաշուկան, սակայն առանցքում միշտ մարդն է, աշխատող մարդը։ Եվ եթե նրա իրավունքները պաշտպանված չեն, ոլորտը չի կարող լինել լիարժեք»,-նշեց նա։
Էլեն Մանասերյանի խոսքով՝ այսօր աշխարհում ու Հայաստանում կան շատ աշխատողներ, ովքեր չունեն բավարար պաշտպանվածություն։
«Արժանապատիվ աշխատանք՝ նշանակում է ունենալ ոչ միայն աշխատատեղ, այլև ապահով միջավայր, սոցիալական պաշտպանություն, հավասար հնարավորություններ, աշխատողի ձայնի լսելիություն, իրավունք և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Արժանապատիվ աշխատանքը պետք է դառնա պետական քաղաքականության ուղղություններից մեկը։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շարունակելու է հետևողականորեն բարձրացնել ոլորտային խնդիրները և լուծումներ իրականացնել, քանի որ վստահ ենք՝ ուժեղ պետություն հնարավոր չէ կառուցել առանց ուժեղ աշխատողի»,-նշեց նա։
«Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան գրասենյակի ղեկավար Տատյանա Սոլոդովնիկն իր խոսքում առանձնահատուկ շեշտեց՝ իրական առաջընթացը տեղի է ունենում այն ժամանակ, երբ բոլորս նստում ենք նույն սեղանի շուրջ, խոսում ենք խնդիրների մասին ազնվորեն։ Նրա խոսքով՝ շատ աշխատողներ անհանգստացած են իրենց աշխատանքային պայմաններով, անորոշությամբ։ Իր խոսքում «Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան գրասենյակի ղեկավարն առանձնահատուկ շեշտեց՝ այս տարի մեր երկրի առջև առկա է մեծ պատասխանատվություն՝ հունիսյան ընտրությունները, և այս համատեքստում աշխատողների ձայները պետք է լսելի լինեն։ Արհմիություններն այստեղ առանցքային դեր ունեն, քանի որ հազարավոր ձայներ հենց իրենց թիրախում են։
ՄԱԿ-ի Հայաստանի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբն էլ իր խոսքում շեշտեց՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, տեսնում ենք փոփոխություններ, որոնց ենթարկվում է աշխատանքը, երբ խոսում ենք աշխատանքի ապագայի, ավտոմատացման, արհեստական ինտելեկտի և գլոբալիզացման մասին։ Նրա շեշտադրմամբ՝ մեզ անհրաժեշտ է ընդլայնել աշխատանքի ապագայի մասին մեր տեսլականը։
Քննարկմանը ելույթներով հանդես եկան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ՀՀ ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Հայաստանի գործատուների համընդհանուր հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Առողջության ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժ/պ Սամվել Խարազյանը, Առողջապահության աշխատողների Ա/Կ ճյուղային հանրապետական միության նախագահ Շուշան Պետրոսյանը։
Միջոցառման նպատակն էր ձևավորել մասնագիտական բաց և կառուցողական երկխոսության հարթակ, բարձրաձայնել ոլորտի առաջնահերթ խնդիրները, քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները և խթանել բազմակողմ համագործակցությունը։
Մամուլի հաղորդագրություն




















































