Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին տարիներին Եվրոպական խորհրդարանը ոչ մի լավ բան մեր երկրի մասին չի ասել։ Դա նույն բանաձևն է, ինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Արդյոք հնարավո՞ր է այն ցրել, հնարավոր է։ Մեր ինչի՞ն է այն պետք, եթե չի օգնում»․ «Թրենդ» լրատվական գործակալության տնօրեն

Մայիս 02,2026 18:10 Share

«Ադրբեջանի հարաբերությունները ոչ թե լարված են Եվրոպայի հետ, այլ Եվրոպական խորհրդարանի հետ»,-«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում անցկացվող «ԶԼՄ-ների խնդիրները ՀՀ խորհրդարանական ընտրությունների և աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում» թեմայով  սեմինարի ընթացքում հայ լրագրողների և մեդիադաշտի ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Թրենդ» լրատվական գործակալության տնօրեն (Ադրբեջան) Էմին Ալիևը՝ անդրադառնալով Եվրոպական միության հետ Ադրբեջանի հարաբերությունների լարվածությանը վերաբերող հարցին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպական խորհրդարանի՝ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) լիագումար նիստում որոշում է կայացրել խզել հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ, Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Ըստ «Թրենդ» լրատվական գործակալության տնօրենի՝ Ադրբեջանում ընդունում են, որ կան առանձին եվրոպական երկրներ, որոնց հետ Ադրբեջանի հարաբերությունները լավ չեն և կան երկրներ, որոնց հետ Ադրբեջանն ունի լավ հարաբերություններ․ «Այդուհանդերձ, Ադրբեջանում հասկանում են, որ եթե մենք խոսում ենք Ադրբեջանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին, կա մի կառույց, որն իրական գործունեությամբ է զբաղվում․ դա Եվրոպական հանձնաժողովն է։ Եվ մենք կենտրոնացած ենք այդ կառույցի հետ համագործակցության վրա։ Իսկ Եվրոպական խորհրդարանը մի կառույց է, որտեղ հավաքվում են ինչ-որ մարդիկ, ինչ-որ բաներ են խոսում, իսկ թե ինչ շահերով են նրանք շարժվում իրենց հայտարարությունների ընդունման, նախաձեռնությունների իրականացման ժամանակ, մենք չգիտենք։ Եվ վստահ էլ չենք, որ ուզում ենք դա իմանալ։

Վերջին տարիներին ոչ մի անգամ Եվրոպական խորհրդարանը ոչ մի լավ բան մեր երկրի մասին չի ասել։ Ինչո՞ւ նրանց հետ համագործակցել, ինչո՞ւ քննարկումների վրա ժամանակ ծախսել մի կառույցի հետ, որը ոչ մի կառուցողական բան չի անում մեր հարաբերությունների արդյունավետության համար ոչ Եվրոպական միության հետ, ոչ խորհրդարանական մակարդակում, ոչ դիվանագիտական մակարդակում, ոչ տնտեսության ոլորտում։ Ինչո՞ւ ուղղակի պահել մասնակցությունը, մեր կապերը Եվրոպական խորհրդարանի հետ միայն նրա համար, որ ցույց տանք, թե նրանք կա՞ն։ Ինչո՞ւ։

Դա նույն բանաձևն է, ինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Արդյոք հնարավո՞ր է այն ցրել, հնարավոր է։ Մեր ինչի՞ն է այն պետք, եթե այն չի օգնում։ Ես ուզում եմ, որ խոսքս հասկանալի լինի։ Եկեք պրագմատիկ լինենք, արդյունավետության տեսանկյունից հասկանանք՝ արդյոք արժի՞ ջանք թափել։ Եվրոպական խորհրդարանի դեպքում՝ չարժի։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի և ԵՄ-ի հետ հարաբերություններն ինչ-որ առումով տուժել են և կարող են տուժել Ադրբեջանի և Եվրոպական խորհրդարանի հարաբերությունների խզման դեպքում։ Ուղղակի ավելի քիչ բացասական տեղեկատվական առիթներ կլինեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031