Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպական խորհրդարանը ձայների 476 «կողմ», 47 «դեմ», 48 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևի նախագիծը։
Բանաձևում ամրագրումներ կան ՀՀ-ում ընտրությունների համատեքստում աջակցության տրամադրման, ՀՀ-ԵՄ համագործակցության, ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակումներին դիմակայելու վերաբերյալ աջակցության մասին։ Բանաձևով նաև կոչ է արվում Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին։
Բանաձևով Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր վստահությունը Հայաստանի իշխանությունների հանձնառության նկատմամբ՝ ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, արտահայտում է իր աջակցությունը նրանց ջանքերին՝ պաշտպանելու ժողովրդավարական ինստիտուտները արտաքին միջամտություններից․ «Եվրոպական խորհրդարանն արտահայտում է իր լիակատար աջակցությունը Հայաստանում 2026-ի հունիսին նախատեսվող ազատ, արդար, մրցակցային և խաղաղ խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքը պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը»։
Կարդացեք նաև
Եվրոպական խորհրդարանն իր ընդունած բանաձևով ընդգծում է ընտրական վարչարարության անկախության, բոլոր թեկնածուների համար հավասար քարոզարշավային պայմանների, մեդիա բազմակարծության և ընտրական ողջ գործընթացի ընթացքում հիմնարար ազատությունների լիարժեք պահպանման կարևորությունը․ «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ապահովել արդյունավետ երաշխիքներ ապատեղեկատվության, ապօրինի ֆինանսավորման, ձայների գնման և ճնշումների դեմ, ինչպես նաև ուժեղացնել ընտրական ենթակառուցվածքների պաշտպանությունը, ապահովել քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկությունը և աջակցել փաստերի ստուգման նախաձեռնություններին ու քաղաքացիական հասարակությանը՝ ներառյալ տեղեկատվության փոխանակման և վաղ նախազգուշացման մեխանիզմների միջոցով։ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է FIMI-ն, ապատեղեկատվական արշավները և Հայաստանի դեմ ուղղված այլ հիբրիդային սպառնալիքները, հատկապես՝ Ռուսաստանից և նրա պրոքսիներից բխող, ներառյալ կիբերհարձակումների, ապօրինի քաղաքական ֆինանսավորման և ներքին դերակատարների, այդ թվում՝ օլիգարխիկ ցանցերի օգտագործմամբ այդ սպառնալիքների ուժեղացումը»։
Բանաձևում ընդգծվում է, որ այս սպառնալիքները ունեն կառուցվածքային և երկարաժամկետ բնույթ, և անհրաժեշտ են շարունակական ջանքեր՝ ընտրական շրջափակումից դուրս ևս ժողովրդավարական դիմակայունությունը ամրապնդելու համար։
Եվրոպական խորհրդարանը ողջունում է այս առումով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ստեղծումը և կոչ է անում ուժեղացնել ԵՄ աջակցությունը՝ ռազմավարական հաղորդակցության, մեդիագրագիտության, կիբերանվտանգության ոլորտում կարողությունների զարգացման և առցանց հարթակների հետ կառուցվածքային համագործակցության միջոցով։
Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել ընդդիմության իրավունքների լիարժեք հարգում, դատական անկախություն և խոսքի ազատություն։
Արձանագրելով ՀՀ-ԵՄ հարաբերություններում «ուժեղ առաջընթաց», բանաձևում միևնույն ժամանակ ամրագրված է․ «Եվրոպական խորհրդարանը արձանագրում է Հայաստանում մեծաթիվ ռուսական համայնքի, այդ թվում՝ երկքաղաքացի անձանց, ներկայության հետ կապված հատուկ մարտահրավերները և ընդգծում է զգոնության անհրաժեշտությունը՝ կանխելու այս իրավիճակի հնարավոր օգտագործումը ընտրական միջամտության նպատակով»։
Անդրադարձ կա նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացներին։ Եվրոպական խորհրդարանն աջակցում է Հայաստանի շարունակական ջանքերին՝ ուղղված խաղաղությանը, հաշտեցմանը և Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը․ «Խորհրդարանը ողջունում է խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացը և կոչ է անում երկու կողմերին շարժվել դեպի համապարփակ, իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող խաղաղության համաձայնագիր։ Ընդգծում է, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է հիմնված լինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքի վրա»։
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո․ «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին և իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։ Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորված անձանց և պատանդների անարդար կալանավորումը, պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում, կոչ է անում իրականացնել վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ, լիարժեքորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները»։
Բանաձևով նաև կոչ է արվում ԵՄ-ին ընդլայնել Հայաստանի համար ֆինանսական և տեխնիկական աջակցությունը, այդ թվում՝ դիմակայունության և աճի ծրագրի միջոցով՝ կենտրոնանալով ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման, էներգետիկ անվտանգության, թվային կառավարման և տնտեսական դիվերսիֆիկացիայի վրա, ինչպես նաև նվազեցնել կառուցվածքային կախվածությունները ռազմավարական կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և ենթակառուցվածքները։
Բանաձևում նաև մի կետ նվիրված է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին․ «Խորհրդարանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերը՝ որպես տարածաշրջանային կայունության, հաշտեցման և կապակցվածության կարևոր բաղադրիչ, կոչ է անում երկու կողմերին շարունակել բարեխիղճ ներգրավվածությունը վստահության ամրապնդման հետագա քայլերում, ներառյալ սահմանների բացումը՝ որպես տարածաշրջանային կայունության, հաշտեցման և կապակցվածության կարևոր ներդրում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































