«Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը խաղաղություն է հաստատում ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ կամ ՔՊ-ի հետ, այլ Հայաստանի Հանրապետության հետ»,-«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում անցկացվող «ԶԼՄ-ների խնդիրները ՀՀ խորհրդարանական ընտրությունների և աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում» թեմայով սեմինարի ընթացքում ծավալված քննարկման ժամանակ հարցին՝ Ադրբեջանում ընդունո՞ւմ են այն հանգամանքը, որ ՀՀ-ում իշխանությունը կարող է փոխվել, այսպես պատասխանեց «Թրենդ» լրատվական գործակալության տնօրեն (Ադրբեջան) Էմին Ալիևը։
Նա նաև հավելեց՝ բոլոր սցենարները Ադրբեջանում հաշվարկվում են․ «Հայաստանը Հյուսիսային Կորեան չէ, և, բնականաբար, ՀՀ-ում կարող է իշխանությունը փոխվել։ Տարբեր սցենարներ միշտ հաշվարկվում են։ Բնականաբար, Փաշինյանը կարող է պարտվել ընտրություններում, կարող է հաղթել, բայց պարտվել հանրաքվեում։ Շատ տարբերակներ կարող են լինել։ Հասկանում ենք, որ այժմ շատ տեսական բաների մասին ենք խոսում, բայց եթե պատկերացնենք մի իրավիճակ, որ Փաշինյանը պարտվում է ընտրություններում, բայց այն քաղաքական ուժը, որը հաղթում է, շարունակում է հարաբերությունների կարգավորման, սահմանագծման, սահմանազատման կուրսը և այլն, այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ ով է ՀՀ վարչապետը։ Եթե օրինակ՝ պատկերացնենք մի իրավիճակ, որ հանկարծ Սամվել Կարապետյանը հաղթում է ընտրություններում և շարունակում այն, ինչ այժմ անում է ՔՊ-ն, թող լինի Սամվել Կարապետյանը։ Կամ հակառակը, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթում է ընտրություններում, և ՔՊ-ն փոխում է իր քաղաքականությունը 180 աստիճանով, Ադրբեջանը ևս կփոխի իր մոտեցումը, որովհետև գործողությունները, նորմալացումը կապված չէ Նիկոլ Փաշինյանի հետ, այլ պայմանավորված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններով։ Շատ կարևոր է սա հասկանալը։ Իհարկե, Փաշինյանին Ադրբեջանում ավելի դրական են վերաբերվում, քան Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, բայց իրադարձությունների այլ զարգացում տարօրինակ էլ կլիներ սպասել»։
Ըստ Էմին Ալիևի՝ Ադրբեջանի իշխանությունների մոտեցումն ու քաղաքականությունը կախված է ՀՀ իշխանությունների քաղաքականությունից․ «Եթե Նիկոլ Փաշինյանը կորցնում է իշխանությունը, և գալիս է այլ ուժ, որն ամեն ինչ չեղարկում է, հետևաբար կփոխվի նաև Ադրբեջանի մոտեցումն ու քաղաքականությունը։ Եվ այստեղ պետք է հասկանալ՝ 30 տարի մենք ապրում, նախագծեր ենք իրականացնում, տնտեսություն զարգացնում առանց Հայաստանի։ Այնուամենայնիվ, ստացվել է։ Ուստի ամենավատ սցենարի դեպքում նույնը կլինի։ Կլինի հարաբերութունների սառեցում, կլինի Կիրանցի հսկա պատը և վերջ։ Կշարունակենք տարանցման հարցով աշխատել Վրաստանի, Իրանի հետ։ Եթե հարցնում եք՝ հնարավո՞ր է այսպես, իհարկե՝ հնարավոր է, իսկ արդյոք արժե՞, իհարկե՝ ոչ։ Ամենաճիշտն ու ամենաարդյունավետը միմյանց հետ հարաբերությունների հաստատումն է։ Իսկ թե ինչպես այդ հարաբերությունները կզարգանան, կախված է նրանից, թե ՀՀ-ում ընտրություններից հետո ինչպես իրենց կդրսևորեն ՀՀ իշխանությունները։ Եվ կապ չունի՝ ով կլինի իշխանության՝ Փաշինյանը, թե մեկ ուրիշը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































