Մայիսի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, ինչը շրջադարձային փուլ է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական միությունը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին՝ ընդգծելով գործընկերության խորացման պատրաստակամությունը։
Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) գործադիր տնօրեն Հանս Լեյթենը նախաստորագրել են օպերատիվ համագործակցության վերաբերյալ Աշխատանքային պայմանավորվածություն։
Փաստաթուղթը միտված է իրավական և գործնական հիմք ստեղծել օպերատիվ տեղեկատվության փոխանակման համար, զարգացնել ռիսկերի վերլուծության, իրավիճակային գնահատման և վաղ նախազգուշացման մեխանիզմները, խթանել մասնագիտական վերապատրաստումները և կարողությունների ամրապնդումը, նաև աջակցել անօրինական միգրացիայի, կազմակերպված հանցավորության, սահմանային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանը։
Աշխատանքային պայմանավորվածությունը համահունչ է Հայաստանի միջազգային պարտավորություններին և կնպաստի Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի (VLAP) շրջանակում սահմանված հենանիշերի իրականացմանը։
Կարդացեք նաև
Փաստաթղթով Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պահպանելու FRONTEX-ի հետ ամուր, գործնական և վստահության վրա հիմնված համագործակցությունը և առաջիկա տարիներին խորացնելու այս ռազմավարական գործընկերությունը։
FRONTEX-ի հետ Աշխատանքային պայմանավորվածության ստորագրումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը առավել արդյունավետ արձագանքել միգրացիոն և սահմանային մարտահրավերներին, ինչպես նաև ամրապնդել ազգային կարողությունները՝ ԵՄ լավագույն փորձին և չափորոշիչներին համապատասխան:
Ներքին գործերի նախարարություն


















































