Լրահոս
Օրվա լրահոսը

«Իլհամ Ալիևը լավն է, շրջապատը՝ վատը». Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ «Գեղարդ»

Մայիս 09,2026 13:42 Share

Վերջին օրերին Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները հոդվածներ են հրապարակում 2019 թվականից երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ալի Ասադովին պատկանող բիզնես-կայսրության վերաբերյալ։ Կայքերից մեկի հրապարակած «Ալի Ասադովի բիզնես և շինարարական կայսրությունը» հոդվածի համաձայն՝ երկրի վարչապետին է պատկանում Բաքվի տարբեր շրջաններում գտնվող 7 շենք, 5 ռեստորան և 1 հյուրանոց։

Ըստ հոդվածագրի՝ նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնյաներից պահանջում է պրոֆեսիոնալիզմ, համեստություն, քաղաքավարի վարքագիծ, օրենքի պահպանում։ Պաշտոնյաները չպետք է կաշառք վերցնեն, չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները՝ անձնական շահի համար: Հոդվածում, սակայն, Ասադովն Ալիևի այս հրահանգներին չհետևող պաշտոնյայի օրինակ է ներկայացված:

Ըստ «Qafqazinfo»-ի՝ նույնիսկ երբ Ասադովը նախագահի աշխատակազմում էր, նրա անունը շրջանառվում էր բիզնես գործունեությանը վերաբերող հարցերում։

«Բաքվի ամենահայտնի ու թանկ գնահատվող վայրերից մեկում՝ Դրոշի հրապարակի դիմաց, գտնվում է «Manqal» ռեստորանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Ալի Ասադովին։ Իր մասշտաբով ու շքեղությամբ այն չի կարող ուշադրություն չգրավել»,-ասված է հոդվածում։ Ռեստորանի մոտակայքում է գտնվում «Beer Hall» ռեստորանը։ Նշվում է, որ երկու կառույցների արժեքը հասնում է միլիոնների։

«Manqal» անունով մեկ այլ ռեստորան էլ գործում է Զագուլբա բնակավայրում։

Ասադովին պատկանող բիզնեսներից «Narşərab» ռեստորանային համալիրը գտնվում է Բիբի-Հեյբաթ բնակավայրում, իսկ համալիրին կից՝ «Sapphire» հյուրանոցն է։ Ադրբեջանի վարչապետին է պատկանում նաև Բաիլում գործող «Ocaqbaşı» ռեստորանը։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ «վարչապետի աշխատավարձը բավարար չէր լինի այս ամբողջ անշարժ գույքը ձեռք բերելու համար»։

Ալի Ասադովի անվան հետ կապված անշարժ գույքի ցանկը չի սահմանափակվում վերը թվարկածներով․ դրանում ներառված են նաև՝ Սաբայիլի շրջանում չորսհարկանի գրասենյակային շենք, ոչ բնակելի շենք Խաթայի շրջանում, բնակելի տներ Յասամալիի, Սաբայիլի շրջաններում, բնակելի համալիր Սաբունչիի շրջանում, երեք բազմահարկ շինություններ Բաիլում և այլն։

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցն Ասադովին մեղադրում է նաև «արտահոսքերի» կազմակերման մեջ։ «Ալի Ասադովն իր «սիրելի» լրագրողների միջոցով հանրային դաշտ է բերում նախարարների կաբինետի փակ նիստերում քննարկվող հարցերը՝ փորձելով ինչ-որ մեկին մեղադրել։ Բարձրաստիճան պաշտոնյան, ըստ երևույթին, չի գիտակցում, որ Ադրբեջանը փոքր երկիր է, և դժվար չէ պարզել, թե ով ինչ է շնչում, և ով ում հետ է շփվում»,- գրում է հոդվածագիրը։

Առհասարակ՝ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները չեն համարձակվում պատրաստել և հրապարակել նման բովանդակության նյութեր` առանց «վերևից եկող» հրահանգների: Ասադովի մասին նման հոդված հրապարակելն, առանց իշխանությունների համաձայնության կամ առնվազն լուռ հաստատման, թվում է՝ անհավանական է:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում իշխանամետ, վերահսկվող լրատվամիջոցները հրապարակում են հոդվածներ պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ՝ նման նյութերը սովորաբար հրապարակվել են պաշտոնյաների պաշտոնանկություններից հետո: Ասադովն, ի դեպ, դեռ չի հեռացվել ու շարունակում է պաշտոնավարել:

Այդ դեպքում ո՞րն է նման հոդվածի հրապարակման նպատակը:

Ըստ փորձագետների՝ մամուլում տարածված նման հրապարակումները նպատակ ունեն վարչապետին «սպառնալ» կամ «պատժել»։ Միևնույն ժամանակ փորձ է արվում ընդգծել և հասարակական կարծիքում ներդնել «Իլհամ Ալիևը լավն է, շրջապատը՝ վատը» թեզը։

Կասպիական հետազոտությունների և վերլուծության կենտրոնի տնօրեն Էլման Ֆաթթահը կարծում է, որ կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցներում վարչապետի մասին նման հոդվածների հրապարակումը կարող էր թույլատրվել միայն նախագահի վարչակազմի կողմից, սակայն ճիշտ չէ ակնկալել, որ նա անմիջապես կհեռացվի պաշտոնից։

«Երբեմն նման տեղեկատվության արտահոսքերը պարզապես հսկողության շրջանակներում փոխանցվող հաղորդագրություններ են և կարող են չհանգեցնել կոնկրետ քայլերի: Սակայն, եթե նման տեղեկատվության հոսքը շարունակական է, դա կարող է հանգեցնել դիրքորոշման փոփոխության կամ ազդեցության ոլորտի սահմանափակման: Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք բացահայտումները շարունակական կլինեն, թե՞ ժամանակավոր»,-ասել Էլման Ֆաթթահը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031