Ermenihaber. Առաջին անգամ Թուրքիայում անհատ և կորպորատիվ ներդրողներին կառաջարկվի ներդրում կատարել պաշտպանական արդյունաբերության և ավիացիոն ոլորտի ընկերություններում, ինչպես նաև այդ ոլորտում մշակվող նոր արտադրանքներում։ Ներդրումներ հնարավոր կլինի կատարել հարվածային անօդաչու թռչող սարքերի (SİHA), զրահապատ մեքենաների կամ սպառազինության համակարգերի նախագծերում։
Աղբյուրի հաղորդմամբ` ֆինանսական ոլորտի մասնագիտացված կառույցների և պաշտպանական արդյունաբերության ընկերությունների միջև ակտիվ բանակցություններ են ընթանում։ Քննարկվում է վենչուրային ներդրումային ֆոնդերի (GSYF) միջոցով ինչպես ծրագրային ապահովման, այնպես էլ սպառազինության համակարգերի նախագծերի ֆինանսավորման հնարավորությունը։
SAHA 2026 ցուցահանդեսի շրջանակում տարբեր ընկերություններ հայտնել են, որ GSYF-ների հետ բանակցություններ են վարում նոր ներդրումների ներգրավման կամ արտադրական կարողությունների ընդլայնման նպատակով։ 2026 թվականին Թուրքիայում առաջին անգամ հնարավոր կլինի ներդրում կատարել սպառազինության ոլորտում։
Թուրքական «Sabah» թերթի լրագրող Բարըշ Էրգինի հաղորդմամբ՝ ֆինանսական կառույցներից մեկի բարձրաստիճան ղեկավարն այս թեմայի վերաբերյալ նշել է. «Ներկայումս բանակցություններ ենք վարում մոտ 25 ընկերության հետ։ Քննարկումներ ենք անցկացնում այն ընկերությունների հետ, որոնք ցանկանում են իրականացնել նոր ներդրումներ կամ որևէ արտադրանքի համար նոր գործարան հիմնել։ Խոսքը վերաբերում է թե՛ ծրագրային ապահովման, թե՛ սարքավորումների ոլորտին։ Կան ինչպես խոշոր, այնպես էլ միջին չափի ընկերություններ։ Տնտեսական ղեկավարությունն արդեն իսկ առանձնացրել է այս ոլորտը որպես առաջնահերթություն։ Պաշտպանական և ավիացիոն ոլորտի ընկերությունների զարգացման համար ակնկալվում է, որ բանկերը կհեշտացնեն դրանց ֆինանսավորման հասանելիությունը։ Քանի որ այս ընկերությունները ժամանակի ընթացքում դառնում են նաև քաղաքացիական ոլորտի համար բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք արտադրող կազմակերպություններ»։
Կարդացեք նաև
Նշվում է, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում արդեն շուրջ 3500 ընկերություն ունեցող Թուրքիան շարունակաբար նոր նախագծեր է մշակում։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության շրջանառությունը կազմում է մոտ 20 միլիարդ դոլար։ Մեկ աշխատակցի հաշվով ոլորտի շրջանառությունը 2023 թվականին կազմել է շուրջ 160 հազար դոլար, իսկ վերջին շրջանում արտահանման և արտադրանքի մատակարարումների աճի շնորհիվ այդ ցուցանիշը մոտեցել է 200 հազար դոլարի։
Միայն վերջին երկու տարում ռազմական արդյունաբերության ընկերությունները ստորագրել են շուրջ 20 մլրդ դոլարի պայմանագրեր։ Այժմ Թուրքիայում գործում է Կապիտալի շուկաների խորհրդի (SPK) կողմից հաստատված 546 վենչուրային ներդրումային ֆոնդ։ Այդ ֆոնդերի ընդհանուր ծավալը ներկայում մոտենում է 1.5 միլիարդ դոլարի։
Աղբյուր՝ Borsanın Gündemi


















































