«Ղարաբաղը տվին, ասին՝ ղարաբաղցին լավը չէ, հիմա Սյունիքը կտան, կասեն՝ սյունեցին լավը չէ։ Իմ պապական հողերը տվին, ամբողջ աշխարհով հայտարարեցին, թե Կիրանցի հողերը ադրբեջանական են։ Աչքս բացել եմ՝ Կիրանցի կամուրջն է եղել, աջ կողմում գրված է եղել՝ ճանապարհը սպասարկում է Իջևանի ճանբաժինը, մյուս կողմում գրված է եղել՝ ճանապարհը սպասարկում է Նոյեմբերյանի ճանբաժինը։ Բայց այս կառավարության օրոք արդեն սպասարկում է Ղազախի ճանբաժինը»,- այսօր Տավուշի մարզում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ դժգոհեց մի քաղաքացի։
Մի տարեց տղամարդ էլ դժգոհեց հողի հարկերից․ «Հողերի արժեքը տարել, հասցրել են եսիմ ուր, հոր գին են դրել։ Հարկերը օր օրի բարձրացնում են, սա մինչև ե՞րբ է տևելու։ Չեմ հասկանում՝ այնտեղ փողը չի՞ հերիքում դրանց աշխատավարձի համար»։
«Պարգևավճարի փողը չի հերիքում»,- հավելեց Քոչարյանը՝ շեշտելով, որ գյուղացուն պետությունը պետք է աջակցի, որ գյուղում մնան․ «Ոչ թե հողի գինը պիտի բարձրացնես, այլ դու պիտի օգնես ու խրախուսես մարդուն, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում»։
«Լուծարվել է գյուղը, սաղ գնում են, գյո՞ւղ է մնացել»,- հավելեց մեկ այլ բնակիչ։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքի անդամներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Իջևանում էին, հանդիպեցին բնակիչների հետ։
Քոչարյանն էլ նկատեց, որ բոլոր մարզերում նույն խնդիրներն են, ու հարցրեց՝ ձեր դպրոցին հլը ձեռք չե՞ն տվել, բնակիչները պատասխանեցին՝ ոչ։
«Սպասեք, հեսա դրան էլ են հասնելու»,- ասաց Քոչարյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































