Լրահոս
Օրվա լրահոսը

Թալինի ՔՊ-ական համայնքապետին կարելի է, Գյումրու ընդդիմադիր քաղաքապետի պաշտոնակատարին՝ ոչ

Մայիս 12,2026 19:15 Share

Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին մեծ աղմուկ է բարձրացրել Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի կողմից ապրիլի 27-ին սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ նա տրամադրել է ինչպես դրամական օգնություն, այնպես էլ տարբեր քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի, ջրի վարձավճարներ է փոխանցել, ընդհուպ մինչև դեղորայքի գումար հատկացրել։

Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Թալինի համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն պարզաբանել է, թե համայնքի ղեկավարի գործառույթները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով։

Ուշագրավ է Քննչական կոմիտեի հայտարարության այն մասը, որով ամեն կերպ արդարացվում է Տավրոս Սափեյանի նախընտրական այս քայլը։

Հայտարարության մեջ գրված է հետևյալը․ «Անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից կամ որևէ այլ հանգամանքներից՝ պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում համայնքի ղեկավար հանդիսացող անձն ունի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից և այլ իրավական ակտերից բխող լիազորություններ, որոնք չեն դադարում՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրական ցուցակում՝ որպես թեկնածու ներգրավված լինելու հանգամանքով պայմանավորված:

Քննարկվող դեպքում Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը։ Այդ կերպ Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար։

Ավելին՝ որոշումները կայացնելու հիմքում դրվել են ոչ թե անձնական դրդապատճառները կամ կուսակցական շահերը, այլ օրենքով սահմանված ընթացակարգերը, այն է՝ քաղաքացիներից ստացված սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները, սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի և կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունն ուսումնասիրող հանձնաժողովի դրական եզրակացությունները, որոնք իրենց հերթին բխել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և Թալին համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ հաստատված կարգի պահանջներից:

Բացի այդ, հաղորդման և կից նյութերի մեջ, այդ թվում՝ ԶԼՄ հրապարակումներում, առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ պայմանավորված է եղել ընտրողների կամքի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու հանգամանքով կամ կատարվել է հանրությունից գաղտնի, քողարկված եղանակներով»։

Նկատենք, սակայն, որ Հայաստանի Հանրապետությունում աղքատության ամենաբարձր ցուցանիշն ունեցող Գյումրու ընդդիմադիր իշխանությանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատուկ գրություն է ուղարկել՝ ծանուցելով բարեգործության արգելքի մասին, նախազգուշացնելով, որ քաղաքացիներին որպես սոցիալական աջակցություն՝ դրամական միջոցներ հատկացնել չի թույլատրվում։

Այս հանգամանքը, թերևս, շատ էր վրդովեցրել Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին, որը դեռ մի ամիս առաջ մեկ տարվա աշխատանքային գործունեությունը ներկայացնելիս՝
անդրադարձել էր, իր բառերով ասած, «տխրահռչակ օրենքին», նեղվել, որ այսուհետ ոչ միայն չեն կարողանա օժանդակել նեղ վիճակում հայտնված քաղաքացիներին, այլ ստիպված են դադարեցնել Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից անշահախնդրորեն վերանորոգվող Գյումրու պատմական կառույցներից մեկի՝ «Վառեմ-մարեմի» շենքի շինարարական աշխատանքները։

«Ընտրակաշառք» անհեթեթ հոդվածի պատճառով դադարեցրել են շենքի վերանորոգումը»,- հայտնել էր Ավետիս Առաքելյանը։

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանից օգնություն հայցող քաղաքացիների դիմումների հոսքը չի դադարում, սակայն, իրենք, պահելով օրենքի պահանջը, որևէ դրամական օգնություն չեն ցուցաբերում, ավելին՝ քաղաքացիներին բացատրում են, որ իրավունք չունեն գումար հատկացնել։ Կուտակված դիմումները ուղղորդում են նախարարություն։

Ըստ Կարեն Մալխասյանի՝ 1-2 բացառիկ դեպքեր են եղել, երբ հրդեհից մարդիկ տուժել են, տնակներն այրվել են, նրանց բնաիրային օգնություն են ցուցաբերել, որի իրավունքն ունեն։ Մեր զրուցակիցն ասաց, որ նախքան այս արգելքը, Գյումրու քաղաքային իշխանությունը համայնքային բյուջեից, ավագանու որոշմամբ, ամեն ամիս առնվազն 100-120 քաղաքացիների դրամական օգնություն է ցուցաբերել։

Հիմա չեն կարող նույն ձևով վարվել, փոխարենը մշակում են համայնքի սոցիալական ծրագիրը, որը, սակայն, երկարատև պրոցես է։

Հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է, որ կենտրոնական իշխանության սիրելին դարձած, բայց իրականում այդ իշխանությանը իր պահվածքով պարբերաբար խայտառակող Տավրոս Սափեյանին կարելի է օգտվել ի պաշտոնե բխող իր գործառույթներից, իսկ 43 տոկոս աղքատություն ունեցող Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարին՝ ոչ։ Եվ մի՞թե Թալինն ունի համայնքային խնդիրներ, որոնք կարիք ունեն լուծման, իսկ Գյումրին՝ ոչ։

Հասկանալի է, որ այն, ինչ կարելի է Թալինի ՔՊ-ական համայնքապետին, չի կարելի ընդդիմադիր հայացքներ ունեցող Վարդան Ղուկասյանի քաղաքային իշխանությանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031