Այսօր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, քարոզարշավ անցկացրեցին Արթիկ քաղաքում։
Արթիկում հորդառատ անձրև էր, չնայած վատ եղանակին՝ նրանք փողոցներով քայլերթ անցկացրեցին, Հայրենական պատերազմի նահատակների հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհեցին, որից հետո շարժվեցին դեպի ՀՅԴ գրասենյակ՝ ընթացքում շփվելով քաղաքացիների հետ։
Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Ժողովուրդ ջան, որպեսզի չմրսեք այս անձրևի տակ, շարժվենք դեպի գրասենյակ, ձեր առողջությունը մեզ համար շատ կարևոր է՝ մեր առաջիկա գործերի համար ու ընդհանրապես»։
Կարդացեք նաև
«Չմրսեք, գործերը ձախողվեն»,– հավելեց Ռոբերտ Քոչարյանը, որին մի կին այսպես արձագանքեց․ «Ձեր համար արժե մրսել, Քոչարյան ջան»։ «Բա հետո գործ ենք անելու»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Կինը ծիծաղելով շարունակեց․ «Ամեն ինչ տեղին կլինի, Քոչարյան ջան, մենք խնդրած կլինենք Աստծուն, որ դուք լինեք մեր վարչապետը, մենք միշտ հպարտ ենք եղել ձեզանով»։
Ռոբերտ Քոչարյանը, սա լսելով, կատակեց․ «Լավ էլի, պաշտոնս իջեցնում եք, նախագահ եմ եղել, հիմա վարչապետ եք սարքում»։
Կինն ասաց․ «Միշտ ձեր պես վարչապետ պիտի ունենանք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































