🔹Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության` Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոն։
🏢Պաշտպանը շրջայց է իրականացրել կենտրոնում, ծանոթացել շահառուների կենցաղային պայմաններին, զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև հետաքրքրվել նրանց առօրյայով և զբաղվածությամբ։ Անահիտ Մանասյանը կարևորել է հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարումը՝ ընդգծելով ներառական և համերաշխ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։
👥 Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում կենտրոնի անձնակազմի, սաների և նրանց ծնողների հետ, որի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու լիազորությունների շրջանակը, ինչպես նաև ընդգծվել է մարդու իրավունքների մշակույթի ձևավորման կարևորությունը։
🗣️Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ չափազանց կարևորում է նման անմիջական շփումները, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը սկսվում է մարդու արժանապատվության, հավասարության և հանդուրժողականության գաղափարների արժևորմամբ։
Կարդացեք նաև
«Չափազանց կարևոր է յուրաքանչյուրի՝ հավասար հիմունքներով հասարակական կյանքին մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։ Մենք պետք է կարողանանք միմյանց ընդունել և սիրել՝ նկատի ունենալով յուրաքանչյուրիս առանձնահատկությունները»,- նշել է Պաշտպանը։
➡️Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների առջև ծառացած խնդիրներին՝ Պաշտպանը նշել է, որ հասարակությունում դեռևս առկա են կարծրատիպեր և նախապաշարմունքներ, որոնք, թեև որոշ չափով հաղթահարվել են, ամբողջությամբ չեն վերացել։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ տարիներ շարունակ բազմաթիվ ծնողներ բախվել են հասարակական ճնշման, անհասկացվածության՝ միայն այն պատճառով, որ ունեն առանձնահատկություն ունեցող երեխա։
«Մարդկանց երբեմն թվում է, թե կարծրատիպերը որևէ լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ, սակայն իրականում դրանք կարող են խորը հետևանքներ ունենալ ընտանիքների և հատկապես երեխաների կյանքի վրա։ Շատ կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք՝ յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունները, և հասարակությունը պետք է կարողանա ձևավորել աջակցող և ներառական միջավայր»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը։
📢Պաշտպանը կարևորել է նաև երեխաների հետ անհատական և հետևողական աշխատանքի նշանակությունը՝ նշելով, որ ճիշտ մոտեցման և աջակցող միջավայրի պայմաններում հնարավոր է հասնել մեծ արդյունքների և նպաստել երեխաների լիարժեք ներառմանը հասարակական կյանքում։
🗣Անահիտ Մանասյանը շեշտել է, որ այս ոլորտում փոփոխությունները հնարավոր են միայն համատեղ և համակարգված աշխատանքի արդյունքում՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, մասնագետների և ծնողների համագործակցության պայմաններում։
🔹Պաշտպանը հատուկ երախտագիտություն է հայտնել ծնողներին՝ ընդգծելով նրանց նվիրումն ու ուժը․
«Դուք իսկապես հերոսներ եք։ Շատ կարևոր է, երբ ծնողները կարողանում են ճիշտ տրամաբանությամբ առաջ շարժվել, աջակցել իրենց երեխաներին և հավատալ նրանց ներուժին։ Վստահ եղեք, որ ձեր երեխաները ժամանակի ընթացքում հասնելու են կարևոր և հետաքրքիր արդյունքների»,- նշել է Պաշտպանը։
➡️Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է իր գործունեության հիմնական ուղղությունները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
📌Այս համատեքստում Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է երեխաների և երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում՝ անդրադառնալով նաև ՄԻՊ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը և «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախաձեռնությանը։
«Կարևոր է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա և երիտասարդ հնարավորություն կունենա լիարժեք իրացնելու իր իրավունքները, ազատ արտահայտելու իր կարծիքը և մասնակցելու հանրային կյանքին վերաբերող որոշումների կայացման գործընթացներին»,- ընդգծել է Պաշտպանը։
🔹Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և աջակցություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան


















































