Լրահոս
Օրվա լրահոսը

Երազային Պոլսի գեղեցկության նկարիչը՝ Լեւոն Լաճիկյան

Մայիս 22,2026 18:13 Share

ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության դահլիճում օրերս բացվել էր ճանաչված գեղագետ, արվեստաբան եւ նկարիչ Լևոն Լաճիկյանի «Պոլիսն իմ աչքերով» խորագրով 21-րդ անհատական ցուցահանդեսը, որն ամփոփում էր հին ու նոր Պոլիսը եւ վերջինիս հայկական ժառանգությունը՝ բացառիկ գծանկարներով ու գեղանկարներով։ Ցուցադրված շուրջ 50 աշխատանքների մեծ մասն առաջին անգամ էին ներկայացվում։ Դրանք ստեղծվել են վերջին 10 և ավելի տարիներին՝ որպես արդյունք հեղինակի տասնյակ ստեղծագործական այցերի։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտն այս ինքնատիպ ցուցահանդեսը բնորոշեց որպես «պտոյտ մը գործել Պոլսոյ թաղերուն մէջ»՝ ընդգծելով, որ Լաճիկյանի գծերն իրեն ջութակի ձգված լարեր են հիշեցնում, որոնք ստեղծում են «հնչող պատկերներ»։

Լեւոն Լաճիկյանը հանդես եկավ նաեւ «Պոլիսը և հայերը» բանախոսությամբ, որը նվիրված էր Պոլսի ճակատագրում հայերի ունեցած տեղին եւ դերին, նաեւ անդրադարձ կատարվեց Պոլսի՝ իբրև «հայ մշակույթի մայրաքաղաք» լինելուն։

Ծնունդով գյումրեցի Լեւոն Լաճիկյանը հաճախել է տեղի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, ընդունվել ու գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ասպիրանտուրան՝ «Գեղագիտություն» մասնագիտությամբ։

Նա մեկ տասնյակից ավելի գրքերի ու բազմաթիվ արվեստաբանական հոդվածների հեղինակ է, որոնք հրապարակվել են Հայաստանի եւ սփյուռքի մամուլում, իսկ գիտական հոդվածները՝ հայագիտական նշանավոր հանդեսներում ու հանրագիտարաններում («Բազմավէպ», «Հանդէս ամսօրեայ», «Հայկազեան հայագիտական հանդէս», «Քրիստոնյա Հայաստան», «Հայ Սփյուռք» և այլն)։

Լաճիկյանի աշխատանքները գտնվում են Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում, Հայաստանի ազգային գրադարանում, ՀԲԸՄ-ում, Երևանի պատմության, Երևանի պետական համալսարանի, Գյումրու Ավետիք Իսահակյանի ու Հովհաննես Շիրազի թանգարաններում, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Լիբանանի, Թուրքիայի և շատ այլ երկրների մասնավոր հավաքածուներում։ Վերջին տարիներին արվեստագետի ուշադրության կենտրոնում պատմական Պոլիսն է, որին նվիրված 100-ից ավելի գծանկարները 2024 թ․ տեղ են գտել Ստամբուլում լույս տեսած նրա «Պոլիսը՝ հին եւ նոր» պատկերագրքում։

Կ․ Պոլսոյ Հայոց Պատրիարք Սահակ Բ. Մաշալեանը ժամանակին նշել է, որ գոյություն ունի 2 Պոլիս, մեկը շոշափելի, մյուսը՝ երազային. «Լեւոն Լաճիկեանի գիծերու եւ սեւ ու ճերմակի արուեստի մէջ մարդիկ տեսնել կը սկսեն երազային Պոլիսի գեղեցկութիւնը»։ Իսկ «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտէճեանն ասել է, որ Լաճիկյանի՝ Պոլսին նվիրված աշխատանքների շնորհիվ իրենք նոր Պոլսի գյուտ են արել եւ էլ ավելի սիրել իրենց քաղաքը։

Ի թիվս այլոց, Լաճիկյանի ստեղծագործությունների վերաբերյալ բարձր կարծիք է հայտնել նաեւ ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը։ Նրա ձեւակերպմամբ՝ դրանք տարածական զգացողությամբ, լավ կոմպոզիցիայով եւ նուրբ ու զգայուն արված աշխատանքներ են, իսկ թրթռուն ու կենդանի պատկերները ստեղծված են հեղինակի անթերի գծերի միջոցով։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Լեւոն Լաճիկյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031