Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. ի՞նչ է նա արել Հայաստանի համար

Մայիս 25,2026 10:00 Share

Ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով քսան տարվա ազատազրկման դատապարտված գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն այսօր դառնում է 58 տարեկան: Նա արդեն երրորդ անգամ է ծննդյան օրը նշում ադրբեջանական բանտում:

Free Armenian Prisoners թիմը որոշել է հիշեցնել՝ ինչ է արել Ռուբեն Վարդանյանը Հայաստանի համար, մեջբերումներ անել հենց նրա խոսքերից, որոնք բացահայտում են նրա գործողությունների իմաստը:

Սկսած 2000 թվականից Ռուբեն Վարդանյանը՝ իր ընտանիքի և ընկերների հետ Հայաստանում կատարել է 700 մլն դոլարից ավելի ներդրում՝ իրականցվելով շուրջ 700 ծրագիր` փոքր նախագծերի մինչև դիմագիծ փոխող մեգանախագծեր: Այս նյութում կպատմենք միայն մի քանիսի մասին։

 

 «Հայաստան 2020». Ինչպե՞ս և ինչո՞ւ ստեղծվեց

Վարդանյանը կարող էր հանգիստ շարունակել իր հաջող կարիերան Հայաստանից դուրս, բայց նրա համար կարևոր էր, որ իր հայրենիքը ևս դասվի «հաջողակ երկրների» շարքում

Հենց դրա համար 2001 թ. մի խումբ ընկերների հետ Վարդանյանը նախաձեռնեց «Հայաստան 2020» նախագիծը՝ բացահայտելու համար հետագա 20 կամ ավելի տարիների համար Հայաստանի հեռանկարային զարգացման սցենարները: Մշակվեց Հայաստանի զարգացման 4 սցենար, նախանշեցին այն ոլորտները, որոնք երկրի բեկումնային զարգացման ապահովման համար մեծ ներուժ ունեին:

Հետագայում Ռուբեն Վարդանյանի իրականացված մի շարք մեգանախագծերի գաղափարները սկիզբ էին առնում հենց «Հայաստան 2020» -ի ակունքներից.

«Խարիսխ» գցող նախագծեր. Տաթևի վերածնունդ, «ՏաԹևեր» ճոպանուղի

Նախագծերը Վարդանյանն անվանում էր «խարսխային», քանի որ դրանք լայնածավալ էին, մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեն, առաջացնում են դրական փոփոխություններ ու նոր նախագծերի շղթայական ռեակցիա

Առաջին այդպիսի մեգանախագծերից էր «Տաթևեր» ճոպանուղու կառուցումը, որը ավելի համապարփակ՝ «Տաթևի վերածնունդ» ծրագրի մաս էր:

«Երբ սկսում էինք ճոպանուղու կառուցումը, ինձ հետ հանդիպեցին այն ժամանակվա փոխմարզպետն ու համայնքների ղեկավարներն և ասացին, որ գտել էին ինձ համար երեք միլիոն խնայելու տարբերակ։ Գաղափարն այսպիսին էր․ յուրաքանչյուր գյուղի վրա ներդրվում է մեկ միլիոն դոլար, ևս մեկ միլիոն՝ վանքի վրա։ Ստեղծվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, միանգամից դա տալիս է շոշափելի արդյունք, ես էլ խնայում եմ երեք մլն դոլար: Այն ժամանակ ասացի՝ լավ միտք է, բայց ի՞նչ է լինելու հինգ տարի հետո: Ինչպես հիմա հնարավոր չէ հասնել վանք, այնպես էլ հետո հնարավոր չի լինի: Եվ երբ շվեյցարացի մասնագետների հետ կառուցեցինք ճոպանուղին, բոլորին արդեն պարզ դարձավ նպատակը» (հատված «Ֆորբս»-ի հարցազրույցից ,2019թ. )

«ՏաԹևեր» ճոպանուղին չորս անգամ արժանացել է միջազգային World Travel Awards մրցանակի՝ ճանաչելի դարձնելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։ Ճոպանուղու կառուցումից հետո զբոսաշրջային հոսքը Սյունիք աճել է 17 անգամ: Մասնավոր հատվածի ներդրումներն այդ տարածաշրջանում աճել են 11 անգամ: Այս աճը նպաստել է ենթակառուցվածքների զարգացմանը. Տաթևի և Գորիսի շրջակայքում բացվել են ավելի քան 100 նոր հյուրանոցներ եւ B&B հյուրատներ: 

 

Կրթությունը՝ որպես երկրի զարգացման գրավական. UWC Դիլիջան

«Մեզ համար ընդօրինակելի պիտի լինի գյուղական դպրոցում սովորող այն հայ պատանին, որը քիմիայի միջազգային մրցույթում բրոնզե մեդալ է ստանում, իսկ նրա ուսուցիչը պիտի գնահատանքի արժանանա»: (Հատված Վարդանյանի հարցազրույցից, 2021թ.)

Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն առանձնահատուկ ակնածանք ունեն կրթության նկատմամբ: Նրանք համոզված են, որ 21-րդ դարում ամենաարժեքավոր ռեսուրսը դառնում է տաղանդավոր, լավ կրթված, ստեղծագործ և ոչ ստանդարտ մտածող մարդը, ու կբարգավաճեն այն պետություններն ու տարածքները, որտեղ նման մարդիկ ավելի շատ կլինեն:

2014 թվականին Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում հիմնեց UWC Դիլիջան միջազգային դպրոցը՝ կամուրջ ստեղծելով Հայաստանի ու աշխարհի միջև և Հայաստանը դնելով միջազգային կրթական քարտեզի վրա:

«Դիլիջանի դպրոցի ազդեցությունը երկարաժամկետ է: Զգացվելու է գուցե 20 տարի անց։ Այնտեղ սովորում են երեխաներ աշխարհի շուրջ 90 երկրից։ Ինձ ասում էին՝ այդպիսի դպրո՞ց։ Դու խելագա՞ր ես։ Ո՞վ է Ճապոնիայից, Ամերիկայից, Ֆրանսիայից գալու Դիլիջան՝ սովորելու: Բայց արի ու տես՝ գալիս են՝ ֆրանսիացիներ, գերմանացիներ, Չիլիից, Զիմբաբվեից երիտասարդներ՝ Հայաստանում սովորելու, և դառնում են ապագա Հայաստանի դեսպանները» (հատված «Ֆորբս»-ի հարցազրույցից ,2019 ):

UWC Դիլիջան միջազգային դպրոցը United World Colleges ցանցի միակ դպրոցն է հետխորհրդային տարածքում։ Միավորում է ուսանողների մոտ 100 երկրից: Այս տարիների ընթացքում 170 հայ երիտասարդ որակյալ կրթություն ստանալու հնարավորություն է ունեցել UWC Դիլիջանում և ցանցի մյուս դպրոցներում: Անապահով ընտանիքների հայ երեխաների համար սա միջազգային լավագույն կրթություն ստանալու հնարավորություն է։ Շուրջ 98 տոկոսը սովորել է անվճար՝ դպրոցի հովանավորների, այդ թվում՝ Վարդանյան ընտանիքի կրթաթոշակներով:

 

«Ավրորա». հայը աշխարհին տալու բան ունի: Մենք կարող ենք երախտապարտ լինել և օգնության ձեռք մեկնել ուրիշներին

Պետք է ձերբազատվենք զոհի կարգավիճակից:

Ռուբեն Վարդանյանը իր գաղափարակից ընկերների՝ Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյանի հետ հիմնեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունը՝ ի երախտագիտություն Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց նախապապերին ու նախատատերին օգնության ձեռք մեկնած մարդկանց: Այն խորքային ուղերձ էր կրում՝ աշխարհին հիշեցնելով ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին, այլ ստեղծելով արժանապատիվ հայի կերպար՝ մրցանակի միջոցով օգնության ձեռք մեկնելով ներկայիս աշխարհում կարիքի ու դժվարությունների մեջ հայտնված մարդկանց՝ ցույց տալով , որ հայը զոհ չէ, որ հայը արժանապատիվ է, գիտի երախտապարտ լինել և ինքն էլ կարող է օգնել, ինչ-որ բան տալ աշխարհին:

««Ավրորայի» հիմքում դրված գաղափարը՝ Երախտագիտությունը, մարդկային հիմնարար արժեք է։ Գործուն երախտագիտությունը, կամ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։ Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին»: (Վարդանյանի՝ Բաքվի բանտից փոխանցված ուղերձից, 2025թ. նոյեմբեր)

Հոգևոր ու մշակութային ժառանգություն պահպանում Հայաստանում և նրա սահմաններից դուրս

«Եթե ուզում ենք հարգել մեր մշակույթը, պիտի հարգենք մյուսներինը»:

Վարդանյանի նախաձեռնությամբ վերականգնվել են Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական մշակութային և հոգևոր ժառանգության շուրջ երկու տասնյակ հուշարձաններ՝ սկսած Թբիլիսիի Սուրբ Գևորգ մայր տաճարից մինչև Իրանում Սուրբ Թադե վանքը և Շուշիի իրանական Գոհար-աղայի Վերին մզկիթը:

«Հայկական աշխարհը շատ մեծ է: Մենք ունենք հայկական մշակութային կենտրոններ Սինգապուրում, Երուսաղեմում, Իրանում, Վրաստանում և աշխարհի տարբեր երկրներում: Մեզ համար կարևոր է, որ նրանք պահպանվեն:Եվ եթե մենք ուզում ենք, որ մեր մշակույթը հարգեն այնտեղ, մենք պետք է հարգենք մյուսների մշակույթը այստեղ»: (հատված Վարդանյանի խոսքից, Արցախ, 2019թ.)

 

Վարդանյանի ողջ գործունեությունը հումանիզմի, ստեղծելու, արարելու ու մարդուն օգնելու մասին է: Օգնել՝ չակնկալելով անգամ երախտագիտություն։

«Բարին հավերժ է և անմահ։ Այն ուժեղանում է, երբ մենք բարի գործ ենք անում՝ ոչինչ չակնկալելով փոխարենը, անանուն, երբեմն նույնիսկ չիմանալով, թե ում ենք օգնում։ Բարին ներդրում չէ։ Եղիր երախտապարտ, մի վերադարձրու նրան, ով քեզ բարիք է արել` պարտքի զգացողությունից ելնելով, այլ որպես էստաֆետային փայտիկ, այն առաջ փոխանցիր։ Այն կվերադառնա և՛ նրանց, ով քեզ բարիք է արել, և՛ քեզ։ Մի՛ մերժիր ոչ մեկի, օգնիր և կիսվիր ամեն ինչով, ինչ ունես։ Ամեն ինչ կվերադառնա»։ (Վարդանյանի՝ Բաքվի բանտից փոխանցած ուղերձից, ապրիլի 13, 2025)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031