Լրահոս
Օրվա լրահոսը

18-20 մեքենայի շարասյուն ո՞վ էր տեսել… ամեն ինչ ավելացրել են՝ իրենց կայֆերը ավելացնելու համար. Քոչարյանը՝ Փաշինյանի ծախսերի մասին

Մայիս 25,2026 19:30 Share

«Ամեն ինչ անում են ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու համար, բայց ՌԴ-ն ոչ միայն անվտանգային առումով է հավասարակշռող ուժ, այլև տնտեսական առումով մեր հիմնական գործընկերն է։ ՀՀ բնակչության 80 տոկոսի բարեկեցությունը զգալիորեն կախված է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններից։ Չես կարող այս փաստից փախնել։ Ի՞նչ է անում այս իշխանությունը՝ հետևողականորեն վատթարացնում է ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Անկախության ձեռքբերումից հետո ՌԴ պաշտոնյաները երբևէ այդպիսի կոշտ հայտարարություններ չէին արել ՀՀ վերաբերյալ, ինչ հիմա են անում»,- այսօր Վայքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանից սկզբում դիվանագիտական լեզվով, հիմա արդեն ոչ դիվանագիտական լեզվով ասում են՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, խնդիրներ եք ունենալու, մի արեք. «Մի արեք, փորձանք եք բերում մեր ժողովրդի գլխին, գինը դուք չեք տալու, տալու է մեր ժողովուրդը… պարտադի՞ր էր, որ Զելենսկին գար ու ՀՀ-ից այդպիսի հայտարարություններ աներ Ռուսաստանի վերաբերյալ։ Այդ մարդը սեփական երկիրը ավերեց։ ՌԴ կոշտ արձագանքից հետո թվում է՝ այս իշխանությունը մի քիչ հետ պետք է քաշվեր, հայտարարում են՝ մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ, բայց այդ հայտարարությունից հետո ճիշտ հակառակ քայլերն են անում»։

Քոչարյանի խոսքով՝ աշխարհաքաղաքականությունը դաժան բան է, ու երբեք չպետք է քայլեր անես խոշոր պետությունների շահերի բախման կետում հայտնվելու համար. «Մենք այն քաղաքական ուժը չենք, ես այն մարդը չեմ, որ գամ ասեմ՝ իմ զրոյական կետից եմ սկսելու։ Իրենք են սկսել զրոյական կետից, ու այս զրոյական կետի գինը եղավ պատերազմ, 5000 զոհ և տարածքային կորուստներ ու Արցախի ամբողջական կորուստ»։

Քոչարյանին վայքեցի մի քաղաքացի անձնագրերից Արարատ լեռը հանելու վերաբերյալ հարց տվեց, հետաքրքրվեց՝ այդ հարցին Քոչարյանն ինչ լուծում կտա։

«Այս ամենը որ արդար լիներ, պետք է սկսեին արտգործնախարարի անվան փոփոխությունից։ Հետ ենք պտտեցնելու, մի քիչ լրացուցիչ ծախս է նստելու պետության վրա, բայց արժե այդ ծախսն անել, ու կարծում եմ՝ կանենք ոչ թե պետբյուջեի հաշվին, այլ կգտնենք բարերարներ, որոնք հատուկ Արարատը վերադարձնելու համար մեր անձնագրերի մեջ այդ գումարը կտան»,- պատասխանեց Քոչարյանը։

Հետո ասաց, որ իսկական հետաքննելու թեմա է՝ Փաշինյանի կեցությունն ապահովելու վրա ծախսվող գումարները, պետական անվտանգության ծառայության վրա ծախսվող գումարները. «18-20 մեքենայի շարասյուն ո՞վ էր տեսել։ Տուգանքներն ու հարկերը ավելացրել են, գույքահարկը սարսափելի գին է դարձել, ամեն ինչ ավելացրել են՝ իրենց կայֆերը ավելացնելու համար»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031