Բառամթերքը, որով նախընտրական քարոզարշավ է իրականացնում «Քաղաքացիական պայմանագիրը», շարունակական բնույթ է կրում։ Այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն մայիսի 25-ի նիստում քննարկեց Վարդևանյանի դիմում-հաղորդումը, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզարշավը դուրս է եկել քաղաքացիական բանավեճի ու կարծիքի ազատ արտահայտման իրավական սահմաններից։
Արամ Վարդևանյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ դիմումը ԿԸՀ է ներկայացվել մայիսի 18-ին, սակայն նիստը հրավիրվել է մայիսի 25-ին։ «Դիմումը տալուց հետո էլ նախընտրական քարոզարշավը շարունակվել է նույն վարքագծով, ուստի մենք ԿԸՀ-ից նախ պահանջում ենք արձանագրել փաստը, հետո կանխարգելել։ ԿԸՀ-ն օժտված է նման գործիքակազմով»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սուրեն Գրիգորյանը ընդունեց, որ քաղաքական խոսքը երբեմն կարող է լինել սուր ու կոշտ։ Կառավարող ուժի ներկայացուցիչը դիմելով Արամ Վարդևանյանին՝ նշեց, որ նա խոսքերը մեջբերում է հատվածաբար՝ «որ դա սպառնալիք է հանրությանը»։ «Այդ խոսքերն ուղղված չեն լայն հասարակությանը, դա ուղղված է մեր քաղաքական մրցակիցներին ու հակառակորդներին»,-նշեց Գրիգորյանը։ Վերջինիս համար այդպես էլ պարզ չդարձավ, թե քարոզարշավի որ նորմն է խախտել ՔՊ-ն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Արամ Վարդևանյանի դիմումը՝ գտնելով, որ դիմումում ներկայացված հանգամանքներում նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում չկա. «․․․Հնչեցված բառապաշարը թեև նախընտրական քարոզչության շրջանակներում զսպվածության, քաղաքական կոռեկտության համատեքստում չէ, այնուամենայնիվ, չի առաջացնում «հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի» ընկալում»։
ԿԸՀ-ն իր որոշմամբ մերժեց «քննարկման առարկա դարձնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը» և դիմել իրավասու մարմիններին։ ԿԸՀ-ի որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան՝ 3 օրացուցային օրվա ընթացքում։
Ավելացնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմախոսների հասցեին ատելության խոսք, սպառնալիքներ տարածելու վերաբերյալ հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































