Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում ասել, որ հիմա մեր ընտրությունների, ընտրապայքարի կամ ինչ-որ նարատիվի ֆոնին են այսպիսի քայլի դիմում Ռուսաստանի իշխանությունները». Արարատ Միրզոյանը՝ հայկական որոշ ապրանքատեսակների մուտքի արգելափակման մասին

Մայիս 26,2026 22:15 Share

«Հենց որ սեզոնը բացվում է, որևէ պտղի, բանջարեղենի, մրգի հետ կապված ինչ-որ խնդիր է լինում։ Ասում եք՝ ալկոհոլ։ Այդպես չի, որ գինիների մուտքը փակված է։ Մի ընկերության, այն էլ՝ ոչ այդ ընկերության ամբողջ արտադրանքի, այլ մի արտադրատեսակի հետ է կապված խնդիրը։ Ինչի՞ ենք բացառում, որ այդ խնդիրները կարող են նաև օբյեկտիվորեն լինել։

Ի վերջո, երբեմն նաև տեսնում ենք ոչ բարեխիղճ աշխատանք նաև արտադրողների կողմից այս կամ այլ ոլորտում։ Ես չեմ ուզում ասել, որ անպայմանորեն դա է։ Չեմ ուզում ասել, որ նախկինում այդպիսի բան չի եղել, և ահա հիմա մեր ընտրությունների, ընտրապայքարի կամ ինչ-որ նարատիվի ֆոնին այսպիսի քայլի են դիմում Ռուսաստանի իշխանությունները։

Կան խնդիրներ, խնդիրները մշտապես ծագել են, ծագում են։ Մենք հակված ենք կառուցողական, առողջ, գործընկերային քննարկումների մթնոլորտում գտնել լուծումներ։ Այս շերտը չեմ ուզում անարձագանք թողնել, մենք բազմիցս հրապարակային ենք ասել, որ կարծում ենք նաև տնտեսական դիվերսիֆիկացիա՝ բազմազանեցում պետք է ունենանք։

Որևէ երկրի համար մշտապես և միանշանակ շատ օգտակար է ունենալ բազմազան և մատակարարման, և սպառման աղբյուրներ։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Եվ ես կարծում եմ, որ և Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ, և բիզնեսները։ Որովհետև, ի վերջո, կառավարությունները կարող են համաձայնագրեր կնքել, պայմանավորվածություններ ձեռք բերել և միջավայր ստեղծել, բայց բուն առևտուրը բիզնեսները, ընկերությունները պետք է անեն։

Այնպես որ, այո, մենք այդ ուղղությամբ գնալու ենք, դիվերսիֆիկացիան մեզ անհրաժեշտ է, և մենք պետք է շարունակական քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ նոր շուկաներ, սպառման շուկաներ, մատակարարման աղբյուրներ գտնելու համար»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ինչքան շարունակվում է համագործակցությունը Արևմուտքի հետ, դրան զուգահեռ տեսնում ենք, որ ռուսական կողմը նոր հայտարարություններով է հանդես գալիս, ընդ որում՝ ամեն անգամ կոշտացնելով հռետորաբանությունը։ Եվ հիմա մենք ունենք կոնկրետ խնդիրներ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031