Դեռևս 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բավարարել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի և խոշտանգման զոհ Գագիկ Կարապետյանի բողոքները՝ խոշտանգման գործով տարված քննությունը ճանաչելով անարդյունավետ։
Վճռաբեկ դատարանը պարտավորեցրել էր Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործով վարույթն իրականացնող մարմնին վերացնել նրանց իրավունքների խախտումները:
Սակայն, 2019 թվականից մինչև օրս չեն վերացվել Գագիկ Կարապետյանի և Ալբերտ Հակոբջանյանի իրավունքների ու ազատությունների խախտումները։
2026 թվականի ապրիլի 18-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Կարապետյանի, հերթական անգամ բավարարել է Գագիկ Կարապետյանի և Ալբերտ Հակոբջանյանի ներկայացուցիչներ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Անի Չատինյանի և Սամսոն Գալստյանի դիմումը՝ վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով վերացնել տուժողների իրավունքների և ազատությունների խախտումները։ Դատարանը բողոքը բավարարել է այն հիմքով, որ վարույթի հանրային մասնակիցները դատարանին չեն ներկայացրել Դատարանի կողմից պահանջված նյութերը։
Կարդացեք նաև
Գագիկ Կարապետյանի և Ալբերտ Հակոբջանյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը նախադեպային նշանակություն ունի։ Դրանով արձանագրվել են վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման դեպքերով քննության արդյունավետության վերաբերյալ կարևոր հանգամանքներ։
Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտավորությունների շրջանակում Վճռաբեկ դատարանն առանձակի շեշտել է, որ նման դեպքերի քննությունը պետք է տարվի արագ, մանրակրկիտ և ամբողջական կերպով։ Իրավասու մարմինները պարտավոր են գործադրել բոլոր հնարավոր և ողջամիտ ջանքերը՝ տեղի ունեցածի իրական հանգամանքները բացահայտելու համար։ Քննության ավարտին կամ որոշումներ կայացնելիս անթույլատրելի է հիմնվել շտապողական կամ թույլ եզրահանգումների վրա։ Ընդհակառակը՝ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ դեպքին առնչվող ապացույցները հավաքելու, ականատեսներին հարցաքննելու, բժշկական ապացույցներն ապահովելու և պատասխանատու անձանց բացահայտելու ուղղությամբ։ Վճռաբեկ դատարանը հստակ արձանագրել է, որ քննության ցանկացած թերացում, որը կարող է կասկածի տակ դնել վնասվածքների ծագման պատճառները կամ պատասխանատուների բացահայտման հնարավորությունը, վտանգում է քննության արդյունավետությունը։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները վերացնելու սահմանադրականության շրջանակներում, կարևորել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի բացարձակ բնույթը, հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել «խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու» ու «վստահելի հայտարարության» կամ «վիճելի բողոքի» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների առկայության դեպքերում տարվող քննության արդյունավետության չափանիշի մասին:


















































