«Այստեղ չկա իրավական գործընթաց, կա մեկ անձի ակնհայտ ցուցում». այսպես է մեկնաբանում եղբոր, հոր նկատմամբ սկսված գործընթացները ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա այս գործում, ուղղակի կա ցուցում, թքել-կպցնել, ինչ-որ նոր բան փորձել ստանալ ու նաև տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ»,– ասաց Քոչարյանը։
Նա պատմեց, որ եղբորից բացի՝ կալանավորվել են մի շարք այլ անձինք, այդ թվում՝ մի տարեց կին՝ երկու դուստրերով։ Այդ ընտանիքի տարեց հորն են միայն տվել տնային կալանք։
«Միայն այդ տարեց մարդուն՝ Արամայիս Ոսկանյանին են տնային կալանք տվել, իսկ կնոջը, երկու աղջիկներին երկամսյա կալանք են տվել, նույնիսկ այն դեպքում, որ աղջիկներից մեկը ամուսին չունի, ունի երեք երեխա, որից երկուսն անչափահաս են։ Չգիտեմ՝ այդ երեխեքին ով պետք է պահի»,– ասաց Քոչարյանը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ այդ գործով առնվազն 5-6 կալանավորված անձ կա։
Իր ազատության մեջ մնալն էլ Լևոն Քոչարյանը պայմանավորում է պատգամավորի անձեռնմխելիությամբ։
«Գլխավոր դատախազը պետք է գա խորհրդարան, հարցեր պետք է տանք, ստիպված պետք է լինի պատասխանի։ Իրենք այս փուլում կուզեն խուսափել դրանից»։
Անդրադառնալով իրենց տներում ու ընտանիքի անդամներին պատկանող ընկերություններում իրավապահների կատարած խուզարկություններին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ իր պիջակներն էլ են խուզարկել, գրպանից 15 հազար դրամ են առգրավել, այլ բան չեն գտել. «15 հազար դրամ՝ հատուկ ծրարի մեջ, կնիքով-բան։ Այս կարգի էժան բաներ…»։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե Քոչարյանների նկատմամբ սկսված գործընթացները ժողովրդի պահանջով են, Լևոն Քոչարյանը չբացառեց, որ ժողովրդի որոշակի հատված նման պահանջ առաջ քաշի։
«Հավատում եմ, որ ժողովրդի մի մասն այդ պահանջը կարող է ունենալ, այդ պահանջն ունի նաև բացատրություն։ Բայց այդ պահանջի մեջ ինչքան մասն է օբյեկտիվ, ինչքանը՝ սուբյեկտիվ, ինչքան մասն է ստի վրա։ Մեր ժողովրդի մի լուրջ մաս էլ պահանջ ունի մեզնից, թե ինչ պետք է անենք իրենց հետ։ Տարբեր պահանջներ կարող է ժողովուրդն ունենալ, բայց եթե ունենք Սահմանադրություն, ապրում ենք օրենքներով, չես կարող ամեն անգամ, որտեղ պետք է, այդ օրենքը ծռել հօգուտ ինչ-որ մեկի ու ասել՝ ժողովուրդն է ուզում։
Ասում են, չէ՞, ամենամեծ սրիկայությունները արվում են ժողովրդի անունից։ Եթե պետք է օրենքները դնենք մի կողմ, ապօրինությունները արվեն ժողովրդի անունից, սա արդեն երկիր չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































