Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ ՔՊ-ականի հետ ՔՊ-ական լինել

Օգոստոս 26,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Փաստորեն դա՛ էին հորդորում Պողոս առաքյալը եւ Իմանուիլ Կանտը

Մի քանի օր առաջ ես մի կարճ տեսանյութ հրապարակեցի՝ «Ինչպես արձագանքել նիկոլական ագրեսիային» վերնագրով: Այդ տեսանյութում փորձում էի հիմնավորել, որ նիկոլականների հայհոյանքներին եւ վիրավորանքներին նույն ոճով պատասխանելը հիմարություն է: Ավելին՝ առանձնապես իմաստալից չէ այդ մարդկանց հետ որեւէ բան քննարկելը: Ենթադրենք, նրանք ասում են, որ գործադիր իշխանությունը, վարչապետը (այսինքն՝ այն մարդը, որը բռնազավթել է այդ պաշտոնը) իրավունք ունեն պաշտոնից հեռացնելու Ամենայն հայոց կաթողիկոսին կամ նրան «Կտրիճ Ներսիսյան» անվանելու: Ի՞նչ փաստարկներ ունեք դուք դրան հակադրվելու համար՝ բացի ամենատարրական իրավական գիտելիքները վկայակոչելուց:

Կամ՝ նիկոլականներն ասում են, որ ադրբեջանցիներն իրավունք ունեին 2023-ին Արցախում էթնիկ զտում անցկացնելու: Այդպես մտածող մարդիկ գտնվում են բարոյական բացարձակապես այլ, ինչպես ասում են, պարադիգմի մեջ: Նրանց հետ երկխոսությունը, իմ կարծիքով, անհնար է:

Օգտատերերի մի մասը, այնուամենայնիվ, գտնում է, որ «սրանց հետ պետք է խոսել սրանց լեզվով», եւ, որպես դրա օրինակ, բերում են ԱՄՆ-ում ապրող Վարդան Ղուկասյանին եւ նրա համապատասխան բառապաշարը: Ի դեպ, վերջին ընտրություններում պարոն Ղուկասյանի կուսակցությունը հաջողություն չունեցավ, որովհետեւ Փաշինյանը, կարելի է ասել, «Դոգից ավելի Դոգ է»:

Բայց չարիքին չարիք հակադրելու խնդիրն ունի նաեւ քաղաքական ու  փիլիսոփայական խորություն: Ենթադրենք, ՀՀ 3 միլիոն քաղաքացի կարծում է, որ հրապարակային խոսքի մեջ հայհոյանքը միանգամայն ընդունելի է, իսկ ես միակ մարդն եմ, որի համար դա ընդունելի չէ: Եթե ես քաղաքական գործիչ չեմ եւ նպատակ չունեմ, այսպես ասած, «իմ հետեւից զանգվածներ տանելու», ապա խնդիր չկա, եթե ես մնում եմ մենակ, մնացածները հայհոյում են կամ ասում են՝ «Կտրիճ Ներսիսյան», որն, իմ ընկալմամբ, նույն հայհոյանքն է, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ավազանի անունով դիմելը քրիստոնյայի համար անընդունելի է:

«Մահացածը գնում է հոսանքի հետ: Միայն ողջն է կարող լողալ դրա դեմ», – գրում էր Չեսթերթոնը: Նա այս դեպքում խոսում էր ոչ այնքան անհատի, որքան հե՛նց եկեղեցու մասին. եթե այն ողջ է, ապա կարող է դիմադրել 20-րդ դարի մոդեռնիստական հոսանքներին: Բայց այս, միանգամայն ճիշտ, դիտարկումը կարելի է կիրառել նաեւ առանձին մարդկանց հանդեպ:

Սովորական անհատն, այսպիսով, կարող է մենակ մնալ միլիոնների դեմ: Իսկ եթե նա քաղաքական գործի՞չ է: Այդ դեպքում խնդիրը բարդանում է: Քաղաքական գործունեությունը ենթադրում է մրցակցություն, եւ երբ քո քաղաքական հակառակորդն ինչ-որ բան է ասում, դու պետք է նրան պատասխանես: Որ բառապաշարով՝ նրա՞, թե՞ քո սեփական:

Իհարկե, իդեալական կլիներ պայմանավորվել խաղի որոշակի կանոնների, ընդհանուր լեզվի, կամ, ինչպես հիմա են ասում, «բարեկրթության» մասին: Բայց ՔՊ-ականների դեպքում դա դարձյալ բացարձակապես անիմաստ է: Դու չես կարող վերջացած թմրամոլի կամ հարբեցողի հետ պայմանավորվել, որ նա այլեւս չխմի կամ թմրանյութ չօգտագործի: Քրոնիկ ստախոսը եւ դեմագոգը ինչ-որ պայմանավորվածությունների պատճառով չի սկսի հանկարծակի ճիշտը խոսել:

Խուլիգանի հետ հնարավոր չէ պայմանավորվել բարեկրթության թեմայով: Մանավանդ, որ խուլիգանությունը, վիրավորանքը, անձնական բանսարկությունը ՔՊ-ական քաղաքական մշակույթի անբաժանելի մասն է, նրանց հիմնական քաղաքական զենքն է, նրանց՝ իշխանության մնալու հիմնական գործիքը: Չէ՞ որ նրանց «միջուկային ընտրազանգվածը» գտնվում է բարեկրթության, ինչպես նաեւ ինտելեկտի ամենաստորին մակարդակում:

Մի խոսքով՝ նիկոլականների «բարեկրթության» վերաբերյալ ես չափազանց  թերահավատ եմ: Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ պետք է մտնել ՔՊ-ական «պարադիգմի» մեջ, ընդունել նրանց վարքի ստանդարտները:

«Թույլ մի տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին», – գրում էր Պողոս առաքյալը հռոմեացիներին: Նա բացարձակապես նկատի չուներ, որ չարին պետք չէ դիմադրել: Խոսքը միանգամայն այլ բանի մասին է. ստախոսի հետ ստախոս մի՛ եղիր, խուլիգանի հետ խուլիգան մի՛ եղիր, սրբապիղծի նման սրբապիղծ մի՛ եղիր: Չարիքին հակադրվելով՝ պահպանիր քո՛ սկզբունքը:

Այդ սկզբունքը պետք է բոլոր պարագաներում, բոլոր շփումներում նույնը լինի: Դա հրաշալիորեն ձեւակերպել է Իմանուիլ Կանտը. «Եթե քո բարոյական սկզբունքը կախված է նրանից, թե ինչպես է իրեն պահում դիմացինդ, դա փաստորեն նշանակում է, որ դու բարոյական սկզբունք չունես»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել