«2016 թվականի հունվարին ՀՀ-ին ՌԴ կողմից ներկայացվել է Ղարաբաղի խնդրի կարգավորման առաջարկ, որը ենթադրում էր 5 շրջանների վերադարձ։ Ըստ ձեզ՝ Հայաստանն ի՞նչ պետք է պատասխաներ այդ առաջարկին՝ այո, վերադարձնում ենք 5 շրջանները, թե՞ ոչ, չենք վերադարձնում։ Այդ թվում էր Կուբաթլիի շրջանը, որը սահմանակից է Սյունիքին»,- ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Իրինա Յոլյանն ի պատասխան ասաց․ «Դուք իսկապես ունեիք պատմական շանս՝ Հայաստանը զարգացման ճանապարհով տանելու համար, որովհետեւ այն հայրենիքը, որը դուք ժառանգել էիք, քարտեզն այս քարտեզի տեսքը չուներ։ Երբ եկել եք իշխանության, ժողովրդին ասել եք, թե ազնիվ եք լինելու եւ որեւէ որոշում չեք կայացնելու հայ ժողովրդի թիկունքում։ Դրա համար եմ ասում՝ դուք ունեցել եք պատմական շանս՝ հայ ժողովրդի հետ այդ հարցը քննարկելու, ժողովրդի կարծիքը լսելու։ Եվ եթե դուք ազնիվ լինեիք եւ հայ ժողովրդին ասեիք, թե ինչ եք բանակցում եւ ինչ ճանապարհով եք տանում մեր երկիրը, դուք իսկապես այսօր այստեղ կարող է եւ չլինեիք»։
«Տիկին Յոլյան, հենա քննարկում ենք էլի, հենա հենց հիմա ենք քննարկում, ես ձեզ հարց եմ տալիս, նույնիսկ հիմա չեք պատասխանում այդ հարցին, այն ժամանակ պատասխանելո՞ւ էիք։ Եթե ազնիվ եք, այդ հարցին պատասխանեք՝ ի՞նչ պետք աներ ՀՀ-ն։ Ենթադրենք՝ մենք ինչ-որ բան սխալ ենք արել, ես ուզում եմ ճիշտ լուծումը հասկանալ, որ այդտեղից հասկանանք՝ կար ճիշտ լուծում, թե՞ չկար։ Ի՞նչ պետք է պատասխաներ ՀՀ վարչապետը ՌԴ արտգործնախարարին՝ այո, վերադարձնում ենք 5 շրջանները, եւ ՀՀ զինված ուժերը կանգնում են Խնձորեսկից 5,5 -6 կմ ներքեւ, թե՞, ոչ, չենք վերադարձնում։ Եվ հետո, չգիտենք, թե ինչ կլիներ»,- ասաց Արման Եղոյանը։
Իրինա Յոլյանն ասաց․ «Դա կախված է նաեւ նրանից, թե դուք պարտվողի եւ զիջողի դիրքից եք բանակցություն վարում, թե՞ ուժեղի դիրքից եւ ի՞նչ հնարավորություններ եք դիտարկում։ Միշտ կարելի է ցանկացած բանակցություն կամ հարաբերություն փչացնել անգամ խոսույթի մակարդակում։ Հետեւաբար, բանակցողից շատ բան է կախված»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































