Ներկայացնում ենք մի հատված Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս, ի.գ.թեկնածու ՎԱՐԱԶԴԱՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ «IN ABSENTIA ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ» հետազոտությունից։
Պետությունները պարտավոր են պահպանել խիստ պայմաններ, երբ իրականացնում են քրեական վարույթ մեղադրյալի բացակայությամբ, այդ թվում՝ ապահովելով վերաքննության (վերադատության) իրավունքը։ Ներկա գտնվելու իրավունքի սահմանափակման նեղ շրջանակներ մշակվել են միջազգային մարմինների նախադեպային իրավունքում։ Դրանք ներառում են, մասնավորապես, մեղադրյալի կողմից իրավունքի բացահայտ հրաժարումը, ենթադրյալ հրաժարումը՝ փախուստի դիմելու կամ դատավարությանը խանգարող վարքագծի դրսևորման միջոցով, ինչպես նաև այն դեպքերը, երբ մեղադրյալը չի կարող ներկայանալ հիվանդության պատճառով, կամ երբ դատարանը քննում է ազգային անվտանգությանն առնչվող հարցեր կամ խոցելի վկաների պաշտպանության խնդիրներ։ Ներկա գտնվելու իրավունքը տարածվում է դատավարության ամբողջ ընթացքի վրա։ Միջազգային մակարդակում այս իրավունքի բովանդակության սահմանման շրջանակում առաջանում են մի շարք հիմնարար հարցեր, մասնավորապես՝ արդյո՞ք ներկայությունը պետք է դիտարկվի որպես իրավունք, թե նաև պարտականություն, արդյո՞ք այն կարող է ապահովվել տեսաձայնային կապի կամ այլ տեխնոլոգիական միջոցների եղանակով, ինչպե՞ս պետք է երաշխավորվեն պաշտպանության կողմի իրավունքները in absentia դատավարության ընթացքում, ի՞նչ պայմաններով կարող են համարվել իրավաչափ բացահայտ և ենթադրյալ հրաժարումները տվյալ իրավունքից, ինչպե՞ս պետք է կարգավորվի հիվանդ վիճակում գտնվող մեղադրյալների մասնակցությունը, ինչպես նաև՝ in absentia դատավարությունից հետո վերաքննության իրավունքի ապահովման հարցը։ Մեղադրյալի՝ դատավարությանը ներկա գտնվելու իրավունքը ապահովում է, որ վերջինս կարողանա երևալ և լսվել՝ ինչպես անմիջականորեն, այնպես էլ իր պաշտպանի միջոցով, ինչպես նաև հետևել դատավարության ընթացքին և արդյունավետորեն մասնակցել դրան։ Այս իրավունքը հնարավորություն է տալիս լիարժեք իրագործելու արդար դատաքննության այլ բաղադրիչ իրավունքներ, ինչպիսիք են վկաներին հարցաքննելու իրավունքը և անձամբ պաշտպանվելու իրավունքը։ Բացի դրանից՝ այն դեպքերում, երբ մեղադրյալը ցուցմունք է տալիս դատավարության ընթացքում, նրա ներկայությունը հնարավորություն է տալիս դատարանին «ստուգելու նրա հայտարարությունների ճշգրտությունը և համադրելու դրանք տուժողի, ինչպես նաև վկաների ցուցմունքների հետ»։ Այսպիսի ստուգման, համադրման և գնահատման գործընթացը բարձրացնում է հանրության վստահությունը արդարադատության իրականացման նկատմամբ։ Մեղադրյալի՝ ներկա գտնվելու իրավունքը ուղղակիորեն ամրագրված չէ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում կամ Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիայում, սակայն այն բխեցվել է արդար դատաքննության այլ բաղադրիչ իրավունքներից՝ ներառյալ արդար դատաքննության, անձամբ կամ պաշտպանի միջոցով պաշտպանվելու, թարգմանչի օգնությունից օգտվելու և անմեղության կանխավարկածի իրավունքներից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ ներկա գտնվելու իրավունքը հանդիսանում է «արդար դատաքննության» բաղադրիչ՝ ըստ Եվրոպական կոնվենցիայի 6(1) հոդվածի՝ ընդգծելով, որ «դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է մեղադրյալը իրականացնել իր իրավունքները … առանց դատավարությանը ներկա գտնվելու»։ Դատարանը նաև շեշտել է, որ քրեական գործով մեղադրյալի ներկայությունը դատարանում ապահովելու պարտավորությունը հանդիսանում է 6-րդ հոդվածի էական պահանջներից մեկը։ Այս իրավունքը նաև ուղղակիորեն ամրագրված է Եվրոպական միության օրենսդրության մեջ, որը պարտադրում է անդամ պետություններին ապահովել, որ կասկածյալներն ու մեղադրյալներն ունենան դատավարությանը ներկա գտնվելու իրավունք։ Ի տարբերություն վերը նշվածի, ներկա գտնվելու իրավունքը ներառված չէ Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայում և բացահայտորեն չի ճանաչվել որպես արդար դատաքննության բաղադրիչ՝ միջամերիկյան մարմինների նախադեպային իրավունքում։ Այնուամենայնիվ, այն կարող է դիտարկվել որպես ներհատուկ այնպիսի իրավունքներին, ինչպիսիք են «դատաքննության իրավունքը», մեղադրյալի՝ «անձամբ պաշտպանվելու իրավունքը», «դատարանում ներկայացված վկաներին հարցաքննելու իրավունքը», «հրապարակային դատաքննության իրավունքը», ինչպես նաև անձնական ազատության իրավունքը։ Քանի որ ներկա գտնվելու իրավունքը սերտորեն կապված է այս իրավունքների հետ, միջամերիկյան համակարգում դրա պաշտպանության էական թուլացում չի դիտվում։ Ամերիկյան կոնվենցիայում այս իրավունքի բացակայությունը պետք է դիտարկել այն հանգամանքի լույսի ներքո, որ Լատինական Ամերիկայի դատարաններում դատավարությունները հաճախ հիմնված են գրավոր ընթացակարգերի վրա։ Այդ պատճառով միջամերիկյան դատարանը նշել է, որ դատաքննության իրավունքը պարտադիր չէ, որ բոլոր դեպքերում իրականացվի բանավոր ձևով, թեև որոշ վարույթներում դա կարող է անհրաժեշտ լինել։ Ներկա գտնվելու իրավունքը նույնպես բացակայում է Հարավարևելյան Ասիայի մարդու իրավունքների հռչակագրում և Մարդու իրավունքների արաբական խարտիայում։
Միջազգային մակարդակ
Մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն՝ այն դեպքում, երբ in absentia դատավարություն է իրականացվել առանց մեղադրյալի միանշանակ կերպով հրաժարման, ապա այդ խախտումը կարող է վերացվել, եթե մեղադրյալը ունենա իր ներկայությամբ լիարժեք վերաքննության իրավունք։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Մարդու և ժողովուրդների իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովը և Եվրոպական միության օրենսդրությունը նման վերաքննությունը բնութագրել են որպես մեղադրանքի էության «նոր քննություն» (fresh determination of the merits)։ Լիբանանի հատուկ տրիբունալի կանոնադրությունը նախատեսում է, որ in absentia դատապարտված մեղադրյալը, որը չի նշանակել իր ընտրությամբ պաշտպան, ունի իր ներկայությամբ վերադատվելու իրավունք նույն տրիբունալի առջև, եթե չի ընդունում դատավճիռը։ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ներկա գտնվելու իրավունքի խախտման դեպքում ամենահամապատասխան վերականգնողական միջոցը «սկզբունքորեն հանդիսանում է de novo դատաքննությունը կամ վարույթի վերաբացումը՝ համապատասխանաբար և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան»։ Դատարանը նաև նշել է, որ in absentia դատավարությունից հետո վերաքննության իրավունքը գնահատելիս ազգային մարմինները կարող են ուսումնասիրել, թե արդյոք գործի նյութերում առկա են հանգամանքներ, որոնք ցույց են տալիս, որ մեղադրյալի բացակայությունը պայմանավորված է եղել նրա կամքից անկախ հանգամանքներով։ Միևնույն ժամանակ, ազգային մարմինները չեն կարող ապացուցման բեռը դնել մեղադրյալի վրա՝ պահանջելով ապացուցել, որ նա չի փորձել խուսափել արդարադատությունից կամ որ իր բացակայությունը պայմանավորված է եղել անհաղթահարելի ուժով (force majeure)։ Ի հակադրություն, Աֆրիկյան հանձնաժողովի արդար դատաքննության սկզբունքները կարծես թե նման բեռը դնում են մեղադրյալի վրա՝ սահմանելով նրա «իրավունքը դիմելու վարույթի վերաբացման համար՝ ապացուցելով, որ ծանուցումը եղել է անբավարար, չի հանձնվել անձամբ իրեն, կամ որ իր չներկայանալը պայմանավորված է եղել իր վերահսկողությունից դուրս արտակարգ հանգամանքներով»…
Կարդացեք նաև
Ազգային մակարդակ
Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը, այն է հեռակա վարույթը ՀՀ իրավական համակարգ է ներմուծվել դեռևս 2021 թվականին նախկին քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում։ Սկզբնական շրջանում իրավակիրառ պրակտիկայում հարց էր առաջացել, թե արդյո՞ք կարելի է նախկինում հարուցված քրեական գործերով իրականացնել հեռակա վարույթ, երբ գործի հարուցման պահին այդ ինստիտուտն առկա չի եղել։ Այս հարցին անդրադարձավ Վճռաբեկ դատարանը Մանուկ Խաչատրյանի գործով որոշմամբ, արձանագրելով, որ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի իմաստով «սկսված վարույթ» եզրույթը պետք է մեկնաբանել ոչ թե լայն՝ քրեական վարույթ սկսված լինելու (քրեական գործ հարուցված լինելու), այլ ավելի նեղ՝ կոնկրետ այն իրավահարաբերությունը սկսված լինելու իմաստով, որը կարգավորում է քրեադատավարական կիրառվող նորմը: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարության որևէ փուլում օրենսդրությամբ նոր քրեադատավարական ինստիտուտ նախատեսելով, ինքնին, անձի վիճակը չի կարող վատթարանալ, եթե այդ ինստիտուտով նախատեսված իրավահարաբերությունն անձի և պետության միջև դեռևս սկսված չի եղել: Դեռ ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ինքնին հեռակա վարույթը դրա կիրառման՝ օրենքով սահմանված հիմքերով ու պայմաններով հանդերձ, չի ենթադրում անձի վիճակի վատթարացում: Սա, թերևս, բարձր դատարանի առաջին արձագանքն էր հեռակա վարույթի ինստիտուտին, սակայն ոչ վերջին, քանի որ հեռակա վարույթով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը մեղադրյալի կողմից մեղավորության վիճարկման մասով բողոքարկելու և նոր քննություն ստանալու հնարավորությունները սահմանափակված են։ Նշված դեպքում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության համատեքստում նախապատվությունը տրվել է վերջնական դատական ակտի կայունության և կանխատեսելիության սկզբունքի պահպանմանը։ Նման մոտեցումը չի համապատասխանում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այնքանով, որ Sejdovic v. Italy գործով, Եվրոպական դատարանն օգտագործել է ըստ էության նոր քննություն (fresh determination) արտահայտությունը։ Սա նշանակում է, որ խոսքը ոչ թե վերանայման կամ վերաքննության մասին է, այլ մեղադրանքի վերաբերյալ նոր քննության մասին, որի չապահովումը կհանգեցնի արդարադատության մերժման։ Ուստի այն պնդումը, որ նախապատվությունը տրվել է վերջնական դատական ակտի կայունության և կանխատեսելիության սկզբունքի պահպանմանը, չի կարող համարվել իրավաչափ, քանի որ այն իրականացվում է մեղադրյալի պաշտպանության իրավունքի շրջանցմամբ։
Եզրակացություն. Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեղադրյալի՝ դատավարությանը ներկա գտնվելու իրավունքը հանդիսանում է արդար դատաքննության առանցքային բաղադրիչ, որը ձևավորվում և զարգանում է միջազգային և ազգային իրավական համակարգերի փոխազդեցության արդյունքում։ Չնայած այն հանգամանքին, որ այս իրավունքն ամրագրված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածում առանց վերապահումների, դրա կիրառման շրջանակները և սահմանափակումները տարբեր իրավակարգերում շարունակում են մնալ հակասական։ Հատկապես կարևոր է այն, որ in absentia դատավարությունները, թեև սկզբունքորեն չեն համարվում ինքնին անթույլատրելի, կարող են համարվել արդար դատաքննության պահանջներին համապատասխան միայն այն դեպքում, երբ ապահովում են խիստ դատավարական երաշխիքներ, ներառյալ՝ պատշաճ ծանուցումը, պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացումը և de novo քննության հնարավորությունը։ Այս պահանջները բխում են ինչպես մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերից, այնպես էլ միջազգային դատական մարմինների նախադեպային իրավունքից։ Միջազգային քրեական արդարադատության համակարգում, մասնավորապես Միջազգային քրեական դատարանի շրջանակում, ձևավորվել է յուրահատուկ մոտեցում, որի համաձայն մեղադրյալի ներկայությունը դիտարկվում է ոչ միայն որպես իրավունք, այլ նաև որպես պարտականություն։ Այս մոտեցումը էականորեն տարբերվում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի ավանդական ընկալումից և առաջացնում է լուրջ հարցեր՝ կապված իրավունքի էության, դրա հրաժարման պայմանների և դատավարական հավասարակշռության պահպանման հետ։
Հատուկ ուշադրության է արժանի մեղադրանքների հաստատման (confirmation of charges) փուլը, որը, իր բնույթով, հանդիսանում է ոչ միայն ընթացակարգային, այլ նաև նյութական նշանակություն ունեցող փուլ։ Այն ծառայում է որպես կարևոր ֆիլտր՝ ապահովելով, որ միայն բավարար ապացույցներով հիմնավորված գործերը փոխանցվեն դատաքննության փուլ։ Այս փուլում մեղադրյալի իրավունքների սահմանափակումը, հատկապես in absentia վարույթի պայմաններում, կարող է ունենալ անդառնալի հետևանքներ հետագա դատավարության արդարության համար։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հռոմի կանոնադրության գործող կարգավորումները չեն ապահովում հստակ և արդյունավետ մեխանիզմ՝ in absentia մեղադրանքների դեպքում մեղադրյալի համար de novo քննության իրավունքը երաշխավորելու համար։ Սա հակասում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի այն հիմնարար սկզբունքին, համաձայն որի՝ նման խախտումը կարող է վերացվել միայն գործի էության լիարժեք նոր քննության միջոցով։ Ազգային մակարդակում, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում, հեռակա վարույթի ներդրումը և դրա կիրառման պրակտիկան ևս վկայում են, որ առկա է de novo քննության անհամապատասխանություն դատական ակտերի կայունության և մեղադրյալի պաշտպանության իրավունքների միջև։ Սակայն միջազգային չափանիշների լույսի ներքո ակնհայտ է, որ դատական ակտի կայունության սկզբունքը չի կարող գերակշռել արդար դատաքննության հիմնարար երաշխիքների նկատմամբ։
«Դատական իշխանություն», 2026 4-6 (322-324)
«Առավոտ» օրաթերթ
05.08.2026


















































