Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգու հացը մեր ազգային նկարագրի կարեւոր հատկանիշներից է, դա կուսակցությունների խնդիրը չէ. ազգագրագետ

Մայիս 28,2026 12:53 Share

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն օրերս քարոզարշավի ժամանակ, ի թիվս այլնի, ասել էր, որ իշխանության գալու դեպքում՝ օրենքով արգելելու են հոգեհացը, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ, մարդիկ ծախս են անում, որ չասեն՝ ամոթ է:

«Հոգեհացը շատ կարեւոր խորհուրդ ունի, եւ, անկեղծ ասած, ինձ թվում է, որ դա կուսակցությունների խնդիրը չէ: Գոյություն ունեն անցման կենսափուլային ծեսեր: Կարեւոր ծեսերից մեկը հենց թաղման եւ սգո արարողակարգն է, որը բավական խոր արմատներ ունեցող երեւույթ եւ ծիսակարգ է: Այնպես որ, շատ կարեւոր է հոգու հացը»,- Aravot.am-ի խնդրանքով, մեկնաբանելով հոգեհացի խորհուրդը, նշեց ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը։

«Պետք չէ մտածել մարդկանց ֆինանսական վիճակի մասին, որովհետեւ, նախ, տրվող հոգու հացը չի ծանրանում միայն հանգուցյալ ունեցող ընտանիքի վրա, դա համայնական է, համատեղ հավաքվում եւ օգնում են տարբեր եղանակներով, ազգականներ, հարեւաններ, դրացիներ մասնակցում են դրան: Հոգու հացը նախ հանգուցյալի համար է շատ կարեւոր, բայց առավելապես կարեւոր է բոլորի համար, որովհետեւ դա նաեւ հարգանքի տուրք է:

Մենք պետք չունենք այստեղ ինչ-ինչ օրենսդրական փոփոխություններ մտցնելու, իմ կարծիքով, դա չի էլ աշխատի: Հոգու հացը հոգու հանգստության համար է: Հոգու հաց՝ տեսեք, ինչ գեղեցիկ ձեւակերպում է, այսինքն՝ հիշում են հանգուցյալի դրական կողմերը, մխիթարում են նրա ընտանիքի անդամներին եւ հարազատներին, միասին հաց են կիսում:

Թաղման հացկերույթի մեջ պետք է եփած միս լինի, այսինքն՝ դա սրբազան դաշտն է ներկայացնում, այդտեղ զվարճություն, ուրախություն չկա: Սեղանի շուրջ քահանան, որպես սրբազան անձ, մխիթարում է, սեղանապետը կամ սեղանի երեցը ներկաներին նման հնարավորություն է տալիս, այնպես որ պետք չէ հոգեհացի հետ կապված նման ծանր խնդիր վերցնել:

Ի վերջո, կան սգո հանդիսության սրահներ, որտեղ բավական զուսպ կազմակերպվում է հոգեհացը, էլի եմ ասում, որ դա գերազանցապես համատեղ է լինում, եւ հանգուցյալի ընտանիքը չի ծանրաբեռնվում: Հոգու հացը մեր ազգային նկարագրի կարեւոր հատկանիշներից է, որի միջոցով մարդիկ համախմբվում են դժվարության պահին, հիշում հանգուցյալին եւ փորձում հաղթահարել նրա մահը»,- նշեց ազգագրագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031