Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

Քաղհասարակության ներկայացուցիչները միջազգային կազմակերպությունների ուշադրությունն են հրավիրում Արթուր Օսիպյանի կալանավորման վրա

Հունիս 01,2026 12:55 Share

Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին՝ հրավիրելով նրանց հրատապ ուշադրությունը Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդման վրա։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, ցանկանում ենք հրատապ Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդման վրա։

2026 թ. մայիսի 18-ին Երևան քաղաքի փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի և քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղից (Արցախից) քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանը հրապարակայնորեն մոտեցել է վարչապետին, սկսել է կոշտ հարցեր ուղղել և արտահայտել իր կարծիքը իր հայրենիքի կորստի պատճառների վերաբերյալ։ Նա նաև քննադատություն է հնչեցրել այնտեղի տեղական քաղաքական էլիտաների կոռուպցիայի և այլ հարցերի առնչությամբ։ Զրույցն աստիճանաբար երկու կողմերի համար էլ դարձել է խիստ հուզական, ինչին հաջորդել է վարչապետի բարկացած արձագանքը՝ Օսիպյանի հասցեին վիրավորական և նվաստացնող արտահայտություններով։ Միջադեպի տեսագրությունները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում և հայկական լրատվամիջոցներում։

Բանավեճի և Ն. Փաշինյանի աճող զայրույթի պայմաններում Արթուր Օսիպյանը ոստիկանության կողմից արագ հեռացվել է տարածքից, իսկ ավելի ուշ՝ ձերբակալվել։

Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Օսիպյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնության հրապարակային կոչերի մեղադրանքներով։ Այնուհետև դատարանը որոշում է կայացրել Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել նախնական կալանք երկու ամսով՝ միաժամանակ սահմանելով տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելք։

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք դերակատարներ՝ ընտրությունների դիտորդական, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում վերահսկողական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, հանրային գործիչներ և Լեռնային Ղարաբաղի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հրապարակայնորեն մտահոգություն են հայտնել այս գործի վերաբերյալ։

Նրանք դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումն ու ազատազրկումը՝ դրանք գնահատելով որպես ակնհայտորեն անօրինական, անհիմն և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Լուրջ մտահոգություններ են հնչել նաև նախնական կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առնչությամբ, որը, նշված հայտարարությունների համաձայն, կարծես միտված է Օսիպյանի հրապարակային և քննադատական խոսքն ու քաղաքացիական գործունեությունը սահմանափակելուն և պատժելուն, այլ ոչ թե օրենքով նախատեսված իրավաչափ նպատակներ հետապնդելուն։

Արթուր Օսիպյանը ներկայումս կալանքի մեջ հացադուլ է անում։ Նա հրաժարվել է հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի հետ։ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը ևս չի կարող այցելել նրան՝ տեսակցությունների արգելքի պատճառով։ Սա իրավիճակը դարձնում է հատկապես հրատապ՝ մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Մենք խորապես մտահոգված ենք Արթուր Օսիպյանի առողջական վիճակով։ Միաժամանակ խիստ անհանգստացած ենք այս միջադեպով, որը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության և խոսքի ազատության համար։

Վերոնշյալի լույսի ներքո կոչ ենք անում Ձեզ հրապարակայնորեն դիմել Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Մենք բարձր ենք գնահատում և ակնկալում Ձեր հրատապ ուշադրությունն ու միջամտությունն այս հարցի առնչությամբ։

Հարգանքով՝

  • Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
  • Գենյա Պետրոսյան, «Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ»
  • Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  • Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
  • Նաիրա Սուլթանյան, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»
  • Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  • Գեղամ Բաղդասարյան, «Ստեփանակերտ» մամուլի ակումբ ՀԿ
  • Կարինե Թորոսյան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
  • Սեդա Մուրադյան, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
  • Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ
  • Նունե Սարգսյան, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
  • Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
  • Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
  • Սերգեյ Գաբրիելյան, «Արժանապատվություն» ՀԿ
  • Արթուր Պապյան, Երևանի մամուլի ակումբ
  • Զարուհի Հովհաննիսյան, «Նոր արդարության մշակույթ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930