Վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը
Հունիսի 3-ին՝ ժամը 17:00-ին, մայրաքաղաք Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական գլխավոր հանրահավաքը։
Այլ պայմաններում այդ իրադարձությունը կարող էր դիտվել որպես սովորական քաղաքական ակցիա, քանի որ անկախության 35 տարիների ընթացքում Հայաստանում անցկացվել են բազմաթիվ համապետական ընտրություններ։ Սակայն ներկա մարտահրավերները խիստ տարբեր են. Հայաստանը երբեք այս չափով չի հայտնվել գերտերությունների շահերի խաչմերուկում, և պատմական այս պահը պահանջում է ազգային գոյության համար վճռական պայքար։
2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի որդեգրած հեղհեղուկ, հախուռն ու անպատասխանատու քաղաքական վարքագծին շատերն են ժամանակին հրապարակայնորեն արձագանքել՝ այն բնորոշելով որպես ծանր հետևանքներ հղացող։ Տարբեր երկրների փորձը վկայում էր, որ նման քաղաքականությունը անխուսափելիորեն կհանգեցնի աղետի, հատկապես՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում։
Կարդացեք նաև
Փոխարենը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հանրահավաքներ էին կազմակերպում երկրի տարբեր համայնքներում, մեղադրում քննադատներին «այլ օրակարգեր սպասարկելու» մեջ և համառորեն ժխտում ցանկացած վտանգի առկայությունը։
Խնդիրը, սակայն, ոչ թե նրանց հռչակած նպատակների, այլ վարած քաղաքականության իրական հետևանքների մեջ էր։ Այդ պարզ ճշմարտությունը չհասկանալու արդյունքը նախ 44-օրյա պատերազմի աղետն էր, ապա՝ 2023 թվականին Արցախի ամբողջական հայաթափումը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների կորուստը։
Օրվա իշխանությունն այսօր էլ չի ընկալում այդ պարզ ճշմարտությունը և նույն համառությամբ շարունակում է գործել մեր պետական ու ազգային շահերին հակառակ՝ երկիրը կրկին մղելով նոր փորձությունների։ Ավելին՝ երեք պատերազմներ բերած և երեքում էլ լիակատար ֆիասկոյի ենթարկվելուց հետո նրանք ստիպված են հնազանդ կատարել թշնամու բոլոր քմահաճույքները՝ զոհաբերելով ազգային արժանապատվությունն ու ինքնիշխանությունը։
Հետևաբար, այն վտանգները, որոնց մասին այսօր խոսում են ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլև մեր մտավորականներն ու երկրի սթափ միտք ունեցող քաղաքացիները, լիովին իրական են։ Հենց այդ գիտակցումով էլ հունիսի 3-ին Երևանի գլխավոր հրապարակում ներկա լինելը և սպասվող վտանգների դեմ պայքարի ելած կարող ուժերին թև ու թիկունք դառնալը մեր բարոյական պարտքն է։


















































