Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ասուլիսում հնչեցրած այն արտահայտությունը, որ մեր պատմությանը պետք է նայենք այսօրվա Հայաստանի դիրքից, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հետևյալը նշեց. «Ես դա կբացատրեմ գիտական հիմքի վրա դնելով. երբ Սովետական Միությունը փլուզվեց, ամերիկացի հայտնի քաղաքագետ, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման ասաց, որ ավարտվել է պատմությունը: Ինչ նկատի ուներ նա… ասում էր՝ վերջացավ, և լիբերալ աշխարհն է տիրապետելու, այստեղ պատմությունը ավարտվեց: Սակայն ինքը սխալվեց, այսօրվա զարգացումները, ուկրաինական պատերազմը, այն ամենը, ինչ տեղի է ունենում, այլ բան են փաստում: Այսօր ամեն ինչ ուժի դիրքերից է դիտարկվում, դա երևաց նաև Արցախի պատերազմում:
Հիմա նման արտահայտություն է արվում ՔՊ-ի իշխանության բերանով, և այդ մեսիջը ոչ թե Ժաննա Անդրեասյանինն է կամ Նիկոլ Փաշինյանինը, այլ իրենց իշխանության բերողինը: Իրենք երրորդական, հինգերորդական կարևորություն չունեն այստեղ, իրենք ուղղակի գործակատարներ են: Սրանով արձանագրվում է, որ հայոց պատմությունը դու ավարտում ես: Ի միջի այլոց, սա նաև ամոթանք է պատմաբաններին, իրենք պետք է ունենային քննարկում ակադեմիայում, ԵՊՀ-ում, գիտագործնական կոնֆերանսներ անեին… նաև սփյուռքահայ պատմաբաններին է ամոթանք ուղղված, որ այսօր գալիս ու ծափ են տալիս սրանց… Որևէ մեկը չի փախչելու պատմության էջում արձանագրվելուց:
Այդպիսի ձևակերպում անելը նշանակում է, որ իրենք գիծ են քաշում, չեն ուզում, որ այսօրվա պատմությունը գրվի, չեն ուզում, որ իրենց գործակալական աշխատանքի պատմությունն արձանագրվի, իրենք դրա համար ուզում են այսպես կոչված իրական Հայաստան, այսօրվա Հայաստան: Իրենք նաև այնքան ապաշնորհ են, որ բյուջե մսխելու կողքին մոռանում են ձևակերպումներ հղկելը, որպեսզի գոնե համոզիչ լինեն»:
Հայկ Դեմոյանը նաև հարց հնչեցրեց. «Իսկ որևէ մեկը հետաքրքրվո՞ւմ է, թե ինչ եղավ Պատմության թանգարանում ցուցադրվող և 12-րդ դարի եկեղեցու դռան փեղկ ներկայացվող նմուշը, որ իբր գնվել էր Լոնդոնի աճուրդից: Կես միլիոն դոլար տվել են այդ փայտի կտորին՝ Նիկոլ Փաշինյանի PR-ի համար: Ես այդ թեմայով հայտարարություն եմ արել՝ որպես հաղորդում հանցագործության մասին: Եվ այժմ էլ պնդում եմ, որ պետական պահուստային միջոցներից թալան են արել, անտիկվարիատի սև շուկայում կան այնպիսի ժուլիկներ, նրանց հետ ակնհայտորեն գործարք է եղել: Պատահական չէ, որ իմ հայտարարությունից 3 օր հետո այդ փայտի կտորը, որ առանձին սրահում ցուցադրվում էր որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ, տարել են պահեստ: Սրանք ասում էին, որ իբր խնդրել են աճուրդից հանել նմուշը, բայց իրականում աճուրդ չի էլ եղել: Ես բոլոր կատալոգներով տեսնում եմ, թե ինչ է վաճառվել: Այդ դռան փեղկը լոնդոնյան SAM FOGG աճուրդում վաճառքի է եղել առնվազն 20 տարի՝ հաշվի առնելով 2000-ականներին տպագրված կատալոգը, ուստի աճուրդից հանելու վերաբերյալ պատմությունները անտեղյակ լսարանի համար են»։
Կարդացեք նաև
Հայկ Դեմոյանի ձևակերպմամբ, խիստ վիճելի և ծագումնաբանության առումով կասկածելի այս ցուցանմուշին վճարված գումարը չի արտահայտում միջազգային աճուրդներում համանման ցուցանմուշների աճուրդային գները և խիստ ուռճացված է։ Նրա խոսքով, պետք է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել հանցավոր համաձայնություն աճուրդ իրականացնող կողմի հետ՝ խոշոր գումար աշխատելու և գումարի զգալի մասը գնող կողմին վերադարձնելու նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիմքով։
Aravot.am-ը ցուցանմուշի վերաբերյալ կփորձի մեկնաբանություններ ստանալ ԿԳՄՍ նախարարությունից եւ Հայաստանի պատմության թանգարանից աշխատանքային շաբաթվա սկզբին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































