Լրահոս
Օրվա լրահոսը

Բիբարը, վարդը փչացավ, փողը ես կտամ. Փաշինյանի ընտրակաշառքի խոստումները՝ ըստ Նարե Արամյանի

Հունիս 02,2026 17:32 Share

«Այս քարոզարշավի ընթացքում միակ հուսադրողը մարդկանց արձագանքն է, որոնք կիսում են մեր արժեհամակարգը, սկզբունքները եւ ովքեր առնվազն հավատարիմ են այն ամենին, ինչի շուրջ մենք տարիներ շարունակ պայքարել ենք: Այն ամբողջական վարչական ռեսուրսը, որ այսօր կիրառվում է, աննախադեպ է իր ծավալներով: Անհանդուրժելի է, վաղուց պետք էր, բայց առաջիկայում արդեն պարզ է, որ պետք է դառնա ընդհուպ քրեորեն պատժելի, որովհետեւ սա ուղղակիորեն մարդկային արժանապատվությունը նվաստացնելուց զատ՝ կրում է լուրջ ընտրակեղծարարության բնույթ», Aravot.am-ին ասաց «Նոր ուժ» կուսակցության պատգամավորի թեկնածու, ավագանու անդամ Նարե Արամյանը (լուսանկարում):

Նարե Արամյանից հետաքրքրվեցինք՝ ինչով է տարբերվում այս իշխանությունների՝ նախընտրական փուլում վարչական ռեսուրսի օգտագործումը նախորդ իշխանությունների տարիներին ընտրատեղամասերում թույլ տված խախտումներից, արդյոք այս երկուսն էլ նույն կերպ չե՞ն ազդում ընտրական գործընթացի ու արդյունքների վրա։ Ի պատասխան՝ Նարե Արամյանն ասաց. «Մինչ 2018 թվականի իրադարձությունները վերջին ընտրությունները չեն եղել լցոնումներով, նույնպես եղել են վարչական ռեսուրսի կիրառմամբ: Պարզապես ոչ այն ծավալներով, ինչ հիմա է: Հիմա էլ ավելի վատ է, քանի որ եթե մենք ուղղակի չէինք ուզում լցոնումներ տեսնել, լցոնումները չկային, բայց ի՞նչ է, ուրիշ այլ ընտրակեղծիք չի՞ կիրառվել: Իհարկե, կիրառվել է: Դրա համար էլ դուրս էինք եկել պայքարի, որ իսպառ ու բոլոր տեսակի լցոնումներից ավելի վտանգավոր խախտումներ չլինեն. դա վարչական ռեսուրսի կիրառումն է ու այն ահաբեկչական միջոցները, որոնք այսօր տեղեկատվական դաշտում իշխանության կողմից կիրառվում են մարդկանց տարբեր խմբերի նկատմամբ: Այն բոլոր քաղաքական հետապնդումներն են, որոնք մենք անմիջապես ընտրություններից առաջ ենք տեսնում, այն փուչիկ, բացարձակ սուտ գործողություններն են՝ սկսած արհեստական մոդուլային ատոմակայանների մասին զրույցից մինչեւ իբրեւ զորահանդես, որը զորահանդես չի էլ հանդիսանում, այլ ընդամենը ինչ-որ գույքագրում են իրենցից ներկայացնում: Այս բոլոր միջոցները կոպտագույն խախտում են ժողովրդավարական սկզբունքները եւ մարդկանց ազատ ընտրելու իրավունքի վրա ճնշում չգործադրելու տեսական իշխանության պարտականությունը»:

Մեր զրուցակցից նաեւ հետաքրքրվեցինք՝ մինչ այս օրերին իշխանությունները ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու փորձի մեջ ու հրապարակում ձայնագրություններ, արդյոք ասենք, Նիկոլ Փաշինյանի այսօր Լճաշենում կատարած հայտարարությունները՝ «բիբար է փչանում, էդ բիբարի փողը կտամ ես, վարդն է փչանում, փողը ես կտամ… Բիբարին ես տեր կկանգնեմ, դու խաղաղությանը տեր կանգնեք» հայտարարությունը ընտրակաշառքի խոստում չէ: Ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Նախորդ իշխանությունների օրոք մենք դա տեսնում էինք ոչ բացեիբաց, այսօր տեսնում ենք անթաքույց: 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրություններին նրանք նաեւ խոստանում էին տեղական տարբեր տուրքերի ու իրենց տիրույթում չգտնվող խնդիրների լուծում քաղաքացիների համար: Դրանք եւս հանդիսանում են ընտրական խոստումներ, որոնք կատարվում են միայն այն դեպքում, որոնք չեն վերաբերում համակարգային բնույթի խնդիրներին, այլ զուտ մարդկանց, որպես ընտրակաշառքի ձեւ օգտագործելուն… Իրավունք չունեն նման խոստումներ տալու՝ հատկապես նախընտրական քարոզարշավի ընթացքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930