Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում ցուցադրվեց «Կյանքս» եռագրության եզրափակիչ մասը

Հունիս 03,2026 14:22 Share

Հունիսի 2-ին տեղի ունեցավ «Կյանքս» վավերագրական եռագրության եզրափակիչ մասի ցուցադրությունը, որը նվիրված է ժամանակակից աշխարհում ապրող հայ կանանց երեք սերունդներին։ Նոր ֆիլմը պատմում է դեպի ապագա նայող երիտասարդ աղջիկների մասին, ովքեր, պահպանելով կապը ավանդույթների հետ, որոնում են սեփական ինքնությունը, հենվում ներքին ազատության վրա և ինքնուրույն ընտրում իրենց կյանքի ճանապարհը։ Ֆիլմի ռեժիսորն է Լիլիթ Մովսիսյանը, իսկ նախագծի գաղափարի հեղինակն ու պրոդյուսերը՝ Տաթևիկ Կարապետյանը։

«Կյանքս» եռագրությունը պատմում է տարբեր սերունդների կանանց, ժամանակակից աշխարհում նրանց դերի, հիշողության փոխանցման և սեփական ճանապարհի որոնման մասին։ Երրորդ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Ձորաղբյուրում՝ «Tigran Art Studio»-ում՝ համախմբելով երիտասարդներին, որոնք իրենց ապագան կապում են Հայաստանի հետ։

Վավերագրական ֆիլմը պատմում է մինչև 30 տարեկան հինգ աղջիկների մասին, որոնցից յուրաքանչյուրը փորձում է գիտակցել սեփական ինքնությունը և կառուցել իր տեղն աշխարհում։ Ֆիլմի հերոսուհիներն են՝

  • Անի Առաքելյան՝ ժամանակակից հայկական ինքնության մասին հարթակի հիմնադիր,
    • Հաննա Հարությունյան՝ ռոբոտատեխնիկայի ինժեներ, առաջին հայ կին մասնակիցը տիեզերագնացության անալոգային առաքելություններում,
    • Սրբուհի Բալայան՝ դերասանուհի Հադրութից, որը թատրոնի միջոցով պահպանում է հայրենի տան հիշողությունը,
    • Նանե Դարբինյան՝ Երևանի կենդանաբանական այգու անասնաբույժ, որն իր կյանքը նվիրել է կենդանիներին,
    • Մեգգի Արարատյան՝ նկարիչ և անիմատոր, որը կադր առ կադր ստեղծում է սեփական աշխարհները։

Նրանց պատմություններն այն մասին են, թե ինչպես է այսօր երիտասարդ սերունդը գոյատևում միաժամանակ մի քանի հարթություններում՝ իրական առօրյայում, ներքին ապրումների ու ինքնության որոնումների աշխարհում, ինչպես նաև թվային միջավայրում, որն ավելի ու ավելի մեծ ազդեցություն ունի ինքնորոշման, հաղորդակցության և անհատականության ձևավորման վրա։

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են ժամանակակից երիտասարդները փորձում պահպանել հավասարակշռությունը անձնական արժեքների, հասարակական սպասումների և այն կերպարի միջև, որը ներկայացնում են աշխարհին։

Ֆիլմը միտումնավոր հրաժարվում է գծային պատմությունից․ մեկ կինեմատոգրաֆիկ կադրը բաժանվում է մի քանի ուղղահայաց իրականությունների, որոնք գոյակցում են միաժամանակ։ Սա պարզապես գեղագիտական հնարք չէ, այլ միջոց՝ ներկայացնելու մի սերունդ, որը միաժամանակ ապրում է երեք հարթություններում՝ իրականում, երևակայության աշխարհում և այն միջավայրում, որը ցուցադրում է համացանցում։

«Մենք եռապատումը պատկերացրել էինք որպես խոսակցություն հիշողության, պատասխանատվության և ընտրության մասին, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Եզրափակիչ մասում ինձ համար կարևոր էր ցույց տալ, թե ինչպես են երիտասարդ կանայք ոչ միայն ժառանգում փորձը, այլև վերաիմաստավորում և նորից կառուցում իրենց ինքնությունը՝ լեզվի, հիշողության և թվային աշխարհի միջև», — նշել է նախագծի պրոդյուսեր Տաթևիկ Կարապետյանը։

Բացելով պրեմիերայի երեկոն՝ Տաթևիկը կիսվել է, որ իրեն հատկապես հարազատ են այս սերնդին բնորոշ անկեղծությունը, մտքի ազատությունն ու կյանքը զգալու կարողությունը, ինչպես նաև սեփական ճանապարհն առանց վախի ընտրելու պատրաստակամությունը։

 

«Այնտեղ, որտեղ շատերը կասկածում են և խոչընդոտներ են տեսնում, երիտասարդներն առաջ են շարժվում, հաճախ՝ բոլոր դժվարություններին հակառակ, և հասնում են արդյունքների։ Այդ էներգիան ոգեշնչում է և հնարավորություն տալիս մտածել ամենահավակնոտ նախագծերի մասին», — ընդգծել է Տաթևիկը։

Եռագրության երեք ֆիլմերից յուրաքանչյուրը ստեղծվել է առանձին ռեժիսորի կողմից՝ սեփական հեղինակային հայացքով, ինչը հնարավորություն է տվել տարբեր տեսանկյուններից բացահայտել կանանց ինքնության, ժառանգության և հիշողության թեմաները։ Միասին այս երեք փուլերը փաստագրում են տարբեր սերունդների կանանց դերն ու փորձառությունը։ Ինչպես նախորդ մասերը, այնպես էլ եռագրության եզրափակիչ ֆիլմը կառուցված է հերոսուհիների առօրյա կյանքի ուշադիր դիտարկման վրա՝ առանց ավելորդ պաթոսի և հերոսացման։

«Կյանքս» եռագրության երրորդ մասի ստեղծագործական խմբի կազմում են․

Տաթևիկ Կարապետյան՝ պրոդյուսեր,
Լիլիթ Մովսիսյան՝ ռեժիսոր,
Բագրատ Սարոյան՝ օպերատոր,
Տիգրան Մայլյան՝ ձայնային ռեժիսոր,
Նարա Կարապետյան՝ համակարգող,
Լիլիթ Մովսիսյան՝ մոնտաժող,
Առնոլդ Ղազարյան՝ տեխնիկ,
Մուշեղ Սիմոնյան՝ գաֆեր,
Աբո Հակոբյան՝ լուսավորող,
Բորիս Ղազարյան՝ տնօրեն,
Արամ Պալյան՝ ադմինիստրատոր,
Սոս Թանայան՝ վարորդ։

«Կինոն ինձ համար ինքնաճանաչման ամենակարճ ճանապարհն է։ Այս ֆիլմի միջոցով ես ճամփորդել եմ հինգ երիտասարդ հայ կանանց կյանքերով, և դա դարձել է իմ սեփական անձի ամենակինեմատոգրաֆիկ արտացոլումներից մեկը։ Այս ֆիլմում ես փորձել եմ մարդուն դիտարկել արտացոլանքի միջոցով, որովհետև իրական կյանքում, անձնական տարածքում և սոցիալական ցանցերում մենք միշտ տարբեր ենք՝ ասես կազմված լինենք մեր անհամատեղելի տարբերակներից։ Տեսախցիկն ինձ համար դարձավ այդ շերտերը բացահայտելու միջոց՝ առանց դրանք մեկ ճշմարտության հասցնելու, այլ թույլ տալով, որ դրանք համատեղ գոյակցեն նույն կադրում։ Եվ այս ֆիլմն ինձ համար նաև սիրո մասին է։ Սիրո, որը չի սահմանափակվում միայն ռոմանտիկ զգացմունքներով. Սիրո՝ կենդանիների, երկրի, արվեստի, ստեղծագործական ընթացքի և պարզապես կյանքի մեջ ներկա լինելու նկատմամբ», — ասում է ֆիլմի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը։

Ցուցադրությունը համախմբել էր ֆիլմի հերոսուհիներին, ստեղծագործական խմբին և հյուրերին, որոնց թվում էին նաև VEREV նախագծի մասնակիցները։ Նախագծի մասին ներկաներին պատմել է դրա հիմնադիր Տաթևիկ Կարապետյանը։

VEREV-ը հայ կանանց համար ստեղծված քննարկումների հարթակ և համայնք է։ Նախագծի գաղափարը ծնվել է բազմաթիվ անձնական դիմումներից․ երիտասարդ կանայք ուղարկում էին իրենց նախագծերը, խնդրում խորհուրդներ և մասնագիտական գնահատականներ տալ։ Գիտակցելով նման աջակցության անհրաժեշտությունը՝ Տաթևիկը մշակել է համակարգային աջակցության մեխանիզմ, որն ուղղված է ոչ թե ընդհանուր ու կաղապարային խորհուրդներ տալուն, այլ գործնական և նպատակային աջակցություն ցուցաբերելուն։

«VEREV-ը կամուրջ է գործելու ցանկության և այդ ցանկությունը կյանքի կոչելու ճանապարհը հասկանալու միջև։ Մենք չենք առաջարկում համընդհանուր պատասխաններ, որովհետև յուրաքանչյուր կին իր սեփական ուղին ունի։ Փոխարենը ստեղծում ենք միջավայր, որտեղ անձնական փորձը, բաց քննարկումները և անկեղծ հետադարձ կապը օգնում են տեսնել սեփական ռեսուրսներն ու հենարանները», — նշել է Տաթևիկ Կարապետյանը։

VEREV նախագծին արդեն կարելի է միանալ, իսկ առաջին թեմատիկ հանդիպումներն ու առցանց քննարկումները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին։

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Տաթևիկ Կարապետյան

Տաթևիկ Կարապետյանը գործարար է, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահն է։ Նա ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ, աջակցում է սոցիալական և մշակութային նախաձեռնություններին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հայկական ինքնության միջազգային ներկայացմանն ու ճանաչելիության բարձրացմանը։

Նրա մասնակցությամբ իրականացվել են «Երազներ Հայաստանի մասին» («Сны об Армении») ցուցահանդեսը Մուլտիմեդիա Արտ թանգարանում, ժամանակակից հայկական արվեստի Extention. AM նախագիծը և այլ նախաձեռնություններ։ 2024 թվականին Տաթևիկ Կարապետյանի նախաձեռնությամբ բացվել է ժամանակակից բազմաֆունկցիոնալ Tashir Arena համալիրը, որը դարձել է Հայաստանի մայրաքաղաքում մշակութային միջոցառումների անցկացման կարևոր հարթակ։

Տաթևիկ Կարապետյանը հանդիսացել է նաև «Կյանքս» վավերագրական եռագրության պրոդյուսերը։ Ֆիլմերը նվիրված են կանանց, նրանց փորձառություններին և սերունդների հավաքական հիշողության ձևավորման գործում ունեցած դերին։

 

Լիլիթ Մովսիսյան

Լիլիթ Մովսիսյանը հայ ռեժիսոր և սցենարիստ է, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ։ Նա խաղարկային և վավերագրական ֆիլմերի հեղինակ է, միջազգային կինոշուկաների և մասնագիտական ծրագրերի մասնակից, այդ թվում՝ DocsBarcelona, Baltic Sea Docs, EAVE և Talents Sarajevo ծրագրերի։

Նրա աշխատանքները ներկայացվել են միջազգային հեղինակավոր կինոփառատոններում, այդ թվում՝ IDFA, Artdocfest, Cottbus, «Ոսկե ծիրան» և այլ հարթակներում։ Իր նախագծերում Լիլիթ Մովսիսյանն ուսումնասիրում է հիշողության, ինքնության և մարդկային հարաբերությունների թեմաները։

Նրա վերջին լիամետրաժ ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, իսկ ռեժիսորի հիմնական նպատակն է ստեղծել ֆիլմեր, որոնք կկարողանան միջազգային ճանաչում ձեռք բերել և երկխոսություն հաստատել հանդիսատեսի հետ՝ Հայաստանի սահմաններից դուրս։

 

VEREV

VEREV-ը հայ կանանց համար ստեղծված քննարկումների հարթակ և համայնք է։ Այն երկխոսության տարածք է հաջողակ հայրենակից կանանց հետ, որտեղ մասնակիցները կարող են քննարկել իրենց հնարավորությունները, գաղափարները, կիսվել սեփական փորձառությամբ։

VEREV-ի գաղափարը ծնվել է Տաթևիկ Կարապետյանին ուղղված բազմաթիվ անձնական դիմումներից։ Երիտասարդ կանայք ուղարկում էին իրենց նախագծերը, խնդրում խորհուրդներ և մասնագիտական գնահատականներ տալ, կիսվում գաղափարներով։ Գիտակցելով նման աջակցության պահանջարկի ծավալը՝ Տաթևիկ Կարապետյանը մշակել է համակարգային աջակցության մեխանիզմ՝ առանց դատարկ խոստումների և կաղապարային առաջարկությունների։

VEREV համայնքը բաց է ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի մասնակիցների համար և առաջարկում է.

— միանալ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կանանց միասնական հաղորդակցման հարթակին,
— քննարկել նախագծերն ու գաղափարները համայնքի մյուս անդամների հետ,
— կիսվել ընտանիքի, կարիերայի և անձնական հետաքրքրությունների միջև հավասարակշռություն գտնելու փորձով,
— գտնել համախոհներ և գործընկերներ համատեղ նախաձեռնությունների համար։

VEREV-ի կայքը՝ www.verev5.am

«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930