Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ նրա պաշտպան Երեմ Սարգսյանը, միջնորդելով կարճել քրեական գործը, պնդեց, որ Միքայել Սրբազանը իշխանությունը բռնի կերպով զավթելու կոչ չի արել։
Ըստ փաստաբանի, Միքայել Սրբազանը մեղադրվում է իշխանությունը բռնի կերպով զավթելու կոչ անելու մեջ, հետևաբար և մեղադրող կողմի առաջնային խնդիրը պետք է լիներ դատարանում հիմնավորել, թե կոնկրետ ո՞րն է եղել այդ հանցավոր կոչը և ինչպե՞ս է դա արտահայտվում։ Սակայն ո՛չ մեղադրանքում, ո՛չ էլ եզրափակիչ ելույթում չեն կարողացել հիմնավորել, թե որն է կոչը։
Երեմ Սարգսյանը հատվածներ ընթերցեց Շիրակի թեմի առաջնորդի՝ 2024 թվականի փետրվարի 3-ին տեղի ունեցած քննարկումից, որը եթեր է հեռարձակվել ԳԱԼԱ հեռուստաընկերությամբ, և որտեղ Միքայել Սրբազանն ասել է․ «Հիմա ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ, հեղափոխությունը վաղուց պետք է լիներ։ Իշխանությունը փոխելու երեք ճանապարհ գիտեմ, դուք եթե 4-րդը գիտեք, ասեք, ընտրություն կամ կամընտրություն, հեղաշրջում, ժողովրդական ապստամբություն, ուրիշ կարգ, ես չգիտեմ, կա՞ ուրիշ կարգ, չկա, երեքն էլ անհնարին են»։
Կարդացեք նաև
Երեմ Սարգսյանը հարցրեց՝ որն է այստեղ կոչը, խոսողն արտահայտում է իր կարծիքը։ «Սրբազանն ընդհանրապես որևէ կոչ չի արել, ո՞ւր մնաց իշխանությունը բռնի զավթելու կոչ արած լինի», -ասաց փաստաբանը։
Նա նաև նշեց, որ Միքայել Սրբազանն այս անգամ կարծիք է արտահայտել ոչ թե հարցազրույց տալով, այլ քննարկման ժամանակ։
«Սրբազանն ասել է, որ վեց տարի է՝ իր կարծիքն է արտահայտում, այդ թվում պատերազմի ժամանակ, որ ռազմական հեղաշրջում է պետք, սակայն մինչև 2024 թվականին այն հանցագործություն չէր, հիմա հանցագործությո՞ւն է»,- հարցրեց Երեմ Սարգսյանը։
Ավելին, ըստ փաստաբանի, հարցազրույցում լրագրողի՝ Սրբազանին ուղղված այն հարցին, թե իրեն մեղադրում են իշխանություն զավթելու կոչ անելու մեջ, նա պատասխանել է․ «Ես երբեք կոչ չեմ արել, միշտ ասել եմ, որ ռազմական հեղաշրջում է պետք, դա անհրաժեշտություն է»։
Երեմ Սարգսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դատախազությունը որևէ հանցակազմ չի գտել Միքայել Սրբազանի՝ 2023 թվականին սեպտեմբերի 26-ին արտահայտած նույն մտքերի համար։
«2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցի մասով պետությունն ասել է, որ հանցագործություն չէ։ Այդ մտքերը նա վերահաստատել է 2025 թվականին, դատախազությունը հաստատել է, որ առերևույթ հանցանք պարունակող է։
Եթե պետությունը մի անգամ ասել է, որ դու այս գործողությամբ հանցագործություն չես արել, մեկ էլ ասում է՝ այ, էսպես որոշեցի, որ հանցագործություն է, և սա այն դեպքում, երբ օրենք չի փոխվել, սա ակնհայտ կամայականություն է», -ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ Միքայել Սրբազանին դատարանը պիտի արդարացնի։
«Չկա, կոչ, չկա հանցագործություն», -հայտարարեց Երեմ Սարգսյանը։
Նա նորից կրկնեց, որ մեղադրական կողմը չի կարողացել պարզաբանել, թե ներկայացվող մեղադրանքում որն է եղել հանցավոր կոչը։ Փաստաբանը հարցրեց՝ եթե մեղադրող կողմը չի կարողացել պարզաբանել, դատարանը ինչպե՞ս է դա հաստատված համարել։
«Լավ, այստեղ կոչ չկա, կոնկրետ գործողության պահին չարեց կոչ, հիմա ասում եք՝ այն, ինչ ասել է նախկինում, հիմա էլ ասում է, հանցագործություն է, բայց դուք եք ասել, որ նախկինում հանցագործություն չէր, այդ ո՞նց եղավ, որ հիմա ասում եք՝ հանցագործություն է, ո՞նց դարձավ հանցագործություն»,- հարցրեց Երեմ Սարգսյանը։
Ըստ փաստաբանի, Սրբազանի ասածը մանիպուլացնում են։
«Ով ինչ պատմի, պիտի ասես կոչ է անո՞ւմ։ Սա Սրբազանի գնահատականն է, ոչ թե կոչ է։ Չնայած բազմաթիվ խոստումներին և հավաստիացումներին՝ ամբողջ դատաքննության ընթացքում մեղադրողներն այդպես էլ չեն կարողացել մատնացույց անել, թե 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում որն է եղել կոչը, այն էլ իշխանությունը բռնի զավթելու կոչ, իսկ եթե չկա կոչ, չկա հանցագործություն», – նորից կրկնեց փաստաբանը։
Նա նաև ասաց․ «Ով որ մեղադրում է, ինքը չգիտի՝ որն է հանցավոր համարվող կոչը կամ չի կարողանում ասել, կամ չի ասում, բա դատարանը որտեղի՞ց պարզեց, թե կոչ կա ու ասաց՝ լավ մեղադրողը չի ասում, ես կասեմ»։ Փաստաբանը հարցրեց՝ դատարանն իրավունք ունի՞ նման բան անելու։
«Հերիք չէ դատավճռում չես գրել, թե որն է կոչը, որովհետև այդ հարցը կարմիր թելի պես անցել է, չկա կոչ, չկա հանցագործություն։
Դատարանը ինքն էլ՝ չգիտի որն է էդ կոչը, դա չես էլ գրել, եթե դու էդպես մտքեր ես ունեցել, հրապարակային քննարկման առարկա դարձնեիր, պաշտպանական կողմը փորձեր քո մտքերի հետ վիճել, համոզել, թե չէ։ Այսինքն՝ ի սկզբանե իր համար պարզ է եղել, որ գործը բերել են դատարան, ինքը պիտի մեղադրական դատավճիռ կայացներ», -եզրափակեց փաստաբանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































