Այսօր համացանցում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես մի խումբ մարդիկ ավտոմեքենայից քաշքշում ու ծեծի են ենթարկում մի տղամարդու։
Տեսանյութին կից օգտատերերը տեղեկացրել էին, որ օրը ցերեկով Արթիկի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի շենքի մոտ, ՔՊ-ականները ծեծում են «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի համակիր Հակոբ Հարությունյանին։
Պարզվեց, որ Հակոբ Հարությունյանն այն անձն է, որը դեռ մարտ ամսին՝ ի պաշտպանություն եկեղեցու և Վեհափառի, թունդ բանավեճի մեջ էր մտել իրենց մոտ այցելած Նիկոլ Փաշինյանի հետ։
Կարդացեք նաև
Այդ տեսանյութը ևս դարձել էր համացանցի հիթերից մեկը։
Ծեծի ենթարկված Հակոբ Հարությունյանը, որը վնասվածք է ստացել դեմքի հատվածում ու ստիպված դիմել հիվանդանոց, որտեղ, իր ասելով, երեք կար են դրել, պնդում է՝ իրեն ծեծի ենթարկողները ՔՊ-ականներ են, որոնք խմբակներ են ստեղծում, որպեսզի ակտիվ, ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց մեկուսացնեն։
Հակոբ Հարությունյանի ասելով՝ իր մեքենայի մեջ է եղել, երբ իրենից հարևանի որդին հաշիվ է պահանջել քաղաքապետարանից դուրս եկող իր ընտանիքի անդամներին՝ հորը, մորը, իբրև թե այլ հայացքով նայելու համար։ Իսկ հարևանը Արտակ Գրիգորյանն է՝ Արթիկի քաղաքապետարանի գովազդի բաժնի պետը, որի տիկինը ՔՊ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու է։
«Մեքենայիս դուռը բացեց, թե՝ դուրս արի, խոսելու բան կա, ու թե բա՝ կոկորդդ կտրեմ, մեկ էլ էդպես նայեցիր»,- պատմում է Հակոբ Հարությունյանը՝ ասելով, որ հարևանի տղան հարբած վիճակում է եղել։
«Ասում եմ՝ եղբայր, ինչ հայացք, արի նստենք, հասկանանք, բայց նկատեցի՝ ոչ սթափ վիճակում է գտնվում, երիտասարդ ու ոչ սթափ վիճակում»,- պատմում է Հակոբ Հարությունյանը։
Երիտասարդը նրան հարվածել է, հետո վրա են հասել այլ մարդիկ, բոլոր կողմերից բացել են իր մեքենայի դռները, սկսել են ապտակել իրեն, հայհոյել։
«Նկատեցի, որ ՔՊ գրասենյակից մի ամբոխ վազեց իմ մեքենայի մոտ ու խորացրեց այս իրավիճակը»,- պատմում է Հակոբ Հարությունյանը՝ նշելով, որ նրանց թիվը մոտ 40-ի էր հասնում։
Հակոբ Հարությունյանը նաև ասում է, որ հարևանի հետ մշտապես լավ հարաբերությունների մեջ են եղել։
Նրա մեկնաբանմամբ՝ ՔՊ ղեկավարությունն ու նրա «ոհմակները» ցայտնոտի մեջ են, հետևաբար նաև միջադեպեր են ձեռնարկում, իրար դեմ հրահրում, որ մարդիկ ոտքի ելնեն ու Ազգային ժողովի ընտրություններ տեղի չունենան։ Սակայն, նրա համոզմամբ, Քաջ Նազարի բախտով իշխանության գլխին հայտնված ՔՊ-ականների վերջը եկել է։
«Մենք այն մարդիկ չենք, որ մեզ վախեցնեն, մենք էլ կուլ գնանք, գնալու ենք մինչև վերջ, տեր ենք կանգնելու մեր ինքնությանը, եկեղեցուն, մշակույթին, հաղթելու ենք այս դավաճան, ապիկար իշխանությանը, իրենք քրքրում են ողջ ժողովրդին, փոփոխություններ անպայման լինելու են»,- ասում է նա։
Հակոբ Հարությունյանը վստահեցնում է, որ իր հետ նման միջադեպ երբեք չի եղել։
ՀՀ քննչական կոմիտեից Aravot.am-ին փոխանցեցին, որ Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը)։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































