Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանը կրկին հնարավորություն ունեցավ վայելել և հաղորդակից լինել բարձր արվեստին

Հունիս 04,2026 11:35 Share

2026 թ. ամռան սկիզբը Լոռիում նշանավորվեց մշակութային կարևոր իրադարձությամբ։

Դեռևս անցյալ տարի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեծ անակնկալ մատուցեց ստեփանավանցի հանդիսատեսին՝ ներկայացնելով Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այդ առիթով թատրոնի տնօրեն, մաեստրո Կարեն Դուրգարյանը և Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի տան ղեկավար Լիլիթ Թունյանը կնքեցին հուշագիր, որը կամրջեց երկու հաստատությունները և ազդարարեց «Արենա Լոռի» փառատոնի մեկնարկը։ Հիշեցնենք, որ հանդիսատեսը երկու օր անսահման ջերմությամբ և ոգևորությամբ վայելեց հանրաճանաչ, իրենց արժեքով եզակի այդ գործերը։ Նաև վստահեցվեց, որ Ստեփանավանը մշակութային մեծ անակնկալներ է ունենալու։ Եվ ահա, ընդամենը ամիսներ անց, օրերս, «Արենա Լոռին» վերադարձավ Ստեփանավան՝ բոլորովին նոր և հետաքրքիր ծրագրով՝ «Լոռվա երգերով»։

Համերգի ընթացքում համատեղ ելույթով հանդես եկան օպերային թատրոնի երգչախումբն ու նվագախումբը, Ստեփանավանի Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոցի և Սոս Սարգսյանի անվան մշակույթի տան սաները։ Դիրիժորական վահանակի մոտ էր օպերային թատրոնի երգչախմբի գլխավոր խմբավար Նարինե Ոսկանյանը։

«Լոռվա երգեր» խորագրով բացառիկ բացօթյա համերգից հետո մեզ հետ իր տպավորություններով կիսվեց Ստեփանավանի համայնքի ղեկավարի խորհրդական Գագիկ Շիրմազանյանը.

— Լոռվա աննման երգերը հարյուրավոր հանդիսատեսներին գերեցին իրենց սիրով, կարոտով, հայրենի բնաշխարհին ձոնված անկեղծ հնչյուններով։ Բարձրարժեք երաժշտական ծրագրով հանդես եկան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն ու երգչախումբը։ Իսկ երգչախմբի կազմում իրենց փայլուն կատարումներով ներկա էին նաև Ստեփանավանի Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոցի և Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի սաները։ Փառատոնային այս օրը ևս մեկ կարևոր քայլ էր համայնքային կյանքում դասական արվեստի արժևորման և մշակութային ավանդույթների հանրայնացման գործում։ Նշեմ, որ համերգը կայացավ Ազգային ժողովի պատգամավոր Արփի Դավոյանի, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի սերտ համագործակցության արդյունքում։ «Արենա Լոռի» միջազգային արվեստի փառատոնը կրկին նոր կյանք հաղորդեց Ստեփանավանին, որը դարձավ մշակութային մեծ տոնի կենտրոն, ինչի արդյունքում ստեղծվում են մշակութային կամուրջներ։

Համերգին հնչած ժողովրդական երգարվեստի Լոռվա նմուշներից շատերը մշակել և գործիքավորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկրորդ կուրսի կոմպոզիցիայի բաժնի ուսանող Հայկազ Բալումյանը (ղեկավար՝ Արամ Հովհաննիսյան), ով նաև օպերային թատրոնի երգչախմբի արտիստ է։ Ողջունելի է, որ մեր օրերում երիտասարդ կոմպոզիտորն առաջին անգամ, իր առաջին մեծակտավ ստեղծագործությամբ, անդրադառնում է ժողովրդական երգերին։ Մասնագետի խոսք լսելու նպատակով զրույցի հրավիրեցինք երաժշտագետ Սուսաննա Մարջանյանին (ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյան)։

— Նախ, հատկանշական է, որ երիտասարդ կոմպոզիտորն իր մշակումներում ամբողջությամբ պահպանում է ժողովրդական երգերի շունչն ու ոգին՝ իրենց մաքրությամբ, պարզությամբ, երգայնությամբ և խորությամբ։ Իմիջիայլոց, երգերից յուրաքանչյուրն ունի իր բնույթին, տրամադրությանն ու բովանդակությանը համապատասխան ժանրային, կերպարային դրսևորում։ Դրանք արտահայտվում են տարբեր լադային գունավորումների կիրառմամբ, երգչախմբի ձայնաբաժինների գեղեցիկ բաշխումներով, երբեմն երգչախումբը բաժանելով երկու խմբի՝ հարցուպատասխանի սկզբունքն արտահայտելու համար, նվագախմբային գեղեցկագույն նախանվագներով և միջնանվագներով, որոնք յուրօրինակ երանգ են հաղորդում երգերի գեղարվեստական ամբողջականությանը, — ասաց մեր զրուցակիցը, ապա շարունակեց. — Առանձնահատուկ են նվագախմբի տեմբրային գունավորումները։ Օրինակ՝ երբ ժողովրդական նվագարաններից շվիի տեմբրը փոխարինված է ֆլեյտայի նուրբ հնչողությամբ և այլն։

Թեև երգերի մի մասն ունի թախծոտ, խորը զգացմունքային բնույթ, որոնք հիանալի կերպով արտահայտված են թե՛ երգչախմբի և թե՛ նվագախմբի պարտիաներում, բայց դրան զուգահեռ գրեթե բոլոր երգերում մշտապես պահպանվում է լուսավոր, վառ ու պայծառ տրամադրությունը, աշխուժությունն ու կենդանի շունչը, ինչն էլ գրավում է ունկնդրին։ Ի դեպ, դրան նպաստում է հատկապես պարերգերում յուրահատուկ ռիթմական պատկերների կիրառումը, որոնք թարմություն են հաղորդում ժողովրդական երգերին։

Երաժշտագետը հատուկ շեշտեց, որ, իր խոսքերով, հեշտ չէ ժողովրդական մոնոդիան բազմաձայնել, և գովելի է փաստը, որ երիտասարդ կոմպոզիտորի այս ժանրում առաջին մեծածավալ աշխատանքը կատարված է վարպետությամբ։ Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, թե այս փորձառությունը նորանոր հաջողությունների սկիզբ կհանդիսանա, և երիտասարդ կոմպոզիտորի երաժշտական լեզուն է՛լ ավելի կհարստանա նոր, ինքնատիպ ստեղծագործական որոնումներում։

Զրույցի ընթացքում կայացած համերգը կրկնակի նշանավորվեց որպես կարևոր իրադարձություն Ստեփանավանի մշակութային կյանքի պատմության մեջ։ Առաջին հերթին՝ այն առումով, որ փառատոնի շրջանակներում Ստեփանավանը կրկին հնարավորություն ունեցավ վայելել և հաղորդակից լինել բարձր արվեստին։ Եվ երկրորդ՝ այն միանշանակ մեծ նվեր էր լոռեցիներին, քանի որ իրենց հարազատ ժողովրդական երգերից շատերը հնչեցին Լոռու ամենագողտրիկ ու ամենամշակութային քաղաքում՝ Ստեփանավանում, գրագետ և գեղեցիկ մշակումներով։

Կրկին նշենք, որ այս համերգը կարևոր իրադարձություն էր Ստեփանավանի արվեստի դպրոցի և մշակույթի տան սաների համար ևս։ Նրանք փորձառություն ձեռք բերեցին այս օրերի ընթացքում, որոնք, վստահ ենք, դեռ երկար կհիշվեն։ Եվ գուցե տարիներ անց այդ երեխաներից ոմանք իրենց ուսումը շարունակեն մասնագիտական կրթամշակութային հաստատություններում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է օպերային թատրոնի PR բաժինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930