Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգները և Իրանը կարող են վերջ դնել լարվածության այս փուլին, բայց երկուսի միջև երկարատև համաձայնության հասնելը շատ անհավանական է

Հունիս 04,2026 13:15 Share

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարեց հաջորդ շաբաթ Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորության մասին, մի համաձայնագիր, որը, նրա խոսքով, կարող է հանգեցնել հրադադարի երկարաձգմանը և Հորմուզի նեղուցի վերաբացմանը: ABC News-ին տված հարցազրույցում Թրամփը բանակցությունների մթնոլորտը բնութագրեց դրական՝ ասելով, որ ամեն ինչ «լավ տեսք ունի»: Նա նաև հայտարարեց, որ օրվա զարգացումների ընթացքում առաջացած «փոքր խափանումը» լուծվել է, որը, ըստ ԱՄՆ նախագահի, պայմանավորված էր Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների նկատմամբ Իրանի դժգոհությամբ:

Միացյալ Նահանգների ներկայիս իրավիճակը Իրանի նկատմամբ կարելի է ասել, որ ուղղակի արդյունք է Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի և այլ համաշխարհային տերությունների հետ Թրամփի՝ բախման քաղաքականության։ Թրամփի այս քաղաքականությունը, որը ոչ միայն չկարողացավ տարածաշրջանային ամենազգայուն ճգնաժամերից մեկում ձևավորել համաշխարհային կոալիցիա Իրանի դեմ, այլև Միացյալ Նահանգներին թողեց համեմատաբար մեկուսացված դիրքում։

Իսրայելը, որը նախկինում փորձել է պահպանել իր դիրքերը երկու հակամարտող կողմերի միջև, այժմ Լիբանանում ագրեսիվ գործողությունների միջոցով նույնպես հետապնդում է Իրանի դեմ հրահրած պատերազմը ամեն կերպ ընդլայնելու նպատակը։ Հետևաբար, և՛ Թեհրանը, և՛ Վաշինգտոնը, չնայած դիվանագիտության շրջանակներում տեղի ունեցող ներկայիս լավ կամ վատ փոխազդեցություններին, ականատեսն են Իսրայելի ապակառուցողական գործողություններին։

Իսրայելի կողմից Լիբանանի հարավում մեկնարկած ռազմական գործողություններին հակադարձելով, Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը նոր դիրքորոշմամբ հայտարարեց, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ ցանկացած համաձայնության հասնելը կապում է Լիբանանում, մասնավորապես՝ այդ երկրի հարավում, Իսրայելի հարձակումները դադարեցնելու հետ։

Համենայնդեպս, Թրամփն ըստ երևույթի, վարակվել է Իսրայելի ապակառուցողական մոտեցումներով, այս պնդման օրինակ է այն, որ մինչև մի քանի շաբաթ առաջ և՛ Թեհրանը, և՛ Վաշինգտոնը կարծում էին, որ երկու կողմերն էլ մոտեցել են իրենց դիրքորոշումների հավասարակշռության կետերին։

Սակայն իրականում Թրամփի հակասական դիրքորոշումները Թեհրանի նկատմամբ ունեն մեկ նպատակ, այն է՝ Թեհրանի լիովին հանձնվելը։ Փաստորեն, Թեհրանի հետ համաձայնագրի հայեցակարգում Թրամփը հետապնդում է Իրանին ստիպել հանձնվելու ԱՄՆ-ի կամքին։ Այլ կերպ ասած, Թրամփը փորձում է Թեհրանին դնել երկու ընտրության առաջ՝ համաձայնագիր կամ պատերազմ։ Սա այն դեպքում, երբ Թեհրանի տեսանկյունից, մինչ այժմ ինչ բանակցություններում ասվել է, այն է, որ Թեհրանը ցանկանում է ընտրություն կատարել երկու տարբերակի միջև՝ պատժամիջոցների չեղարկում կամ միջուկային հարցի շուրջ կայուն և երկարատև համաձայնագրի կնքում։

Թրամփն այժմ Իրանին ներկայացրել է երկու ճանապարհ, որոնք երկուսն էլ ունեն ընդհանուր նպատակ, կամ համաձայնագրի միջոցով, որով նա ցանկանում է Թեհրանին պարտադրել իր առավելագույն պահանջները, կամ պատերազմով սպառնալով Թեհրանին ստիպելու հանձնվել ԱՄՆ-ի և Իսրայելի կամքին: Հետևաբար, Թեհրանը, հասկանալով Թրամփի և նրա դաշնակից Իսրայելի վարքային բնույթը, դիմադրում է այս թաքնված և բացահայտ ջանքերին:

Թեև վերջին օրերին նշաններ են նկատվում, որ Իրանը և Միացյալ Նահանգները մոտենում են նախնական փոխըմբռնման, գնահատականները այլ պատկեր են ցույց տալիս, Թեհրանը, հավանաբար, չի ստորագրի Վաշինգտոնի հետ առաջարկվող փոխըմբռնման հուշագիրը։

Համաձայնագրի հիմնական պայմանների շուրջ անհամաձայնությունները մնում են, և երկու կողմերի միջև լարվածության մակարդակը մեծացել է: Ըստ հաղորդագրությունների՝ Իրանը դեռևս չի համաձայնել ԱՄՆ-ի մի շարք պահանջների հետ, և չնայած շարունակվող անուղղակի շփումներին, քիչ հավանական է, որ ներկա պայմաններում Թեհրանը պաշտոնապես և հրապարակայնորեն համաձայնի համաձայնագրի տեքստին: Չնայած ներքին տնտեսական ճնշումներին և լայնածավալ պատժամիջոցներին, Իրանը կարողացել է կառավարել բանակցային գործընթացը այնպես, որ պաշտպանի իր շահերը։

Մյուս կողմից, Դոնալդ Թրամփը հույս ունի, որ համաձայնագիրը կավարտի Իրանի հետ պատերազմը և կբացի Հորմուզի նեղուցը, սակայն Միացյալ Նահանգներում լուրջ դիմադրություն կա ցանկացած համաձայնագրի նկատմամբ, որը Հորմուզի նեղուցի և նրա միջուկային ծրագրի վերահսկողությունը թողնում է Թեհրանի ձեռքում: Իրանը չի շտապում ընդունել այս առաջարկը, քանի որ Թեհրանում հիմնական տարբերությունը ԱՄՆ կառավարության նկատմամբ վստահության մակարդակի շուրջ է:

Չնայած Թրամփն ընդգծել է, որ իր որոշումները Իրանի նկատմամբ չի հիմնում ԱՄՆ-ի ներքին հաշվարկների վրա, գործնականում Իրանի գործը վճռորոշ դեր կունենա առաջիկա նոյեմբերին ԱՄՆ-ի կոնգրեսի ընտրություններում։ Այս վերլուծությունը հիմնված էր այն ենթադրության վրա, որ Հորմուզի նեղուցի փակումը, էներգակիրների գների աճը և ապրանքների գնաճը ԱՄՆ-ում վաղ թե ուշ կհանգեցնեն ամերիկացի ընտրողների դժգոհության և ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթին մղելու Իրանի դեմ պատերազմի դադարեցմանը։ Որոշ քաղաքական դիտորդներ բարձրացրել են այն հարցը, թե արդյոք Թրամփը դեռևս որոշումներ է կայացնում Ամերիկայի ազգային շահերից ելնելով, թե՞ Իսրայելի առաջնահերթությունները փաստացի փոխարինել են Վաշինգտոնի ռազմավարական նկատառումներին։

Շատ քաղաքական վերլուծաբաններ կարծում էին, որ այս պատերազմի ճակատագիրը այլևս չի որոշվի միայն մարտադաշտում, ավելի շուտ, այն կորոշվի ամերիկյան ներքին քաղաքականության ոլորտում՝ այն պահին, երբ Վաշինգտոնի ազգային շահերը կտարբերվեն Թել Ավիվի հավակնություններից և անվտանգային միակողմանի քաղաքականությունից։

Թրամփը փորձում է իրեն ներկայացնել որպես մի առաջնորդ, որը կարողացել է կառավարել միջազգային ճգնաժամերը և կանխել Միացյալ Նահանգների մուտքը երկարատև պատերազմի մեջ: Նրա հիմնական մտահոգությունը, կարծես, ավելի քիչ է կապված Մերձավոր Արևելքի անվտանգության, քան պատերազմի քաղաքական հետևանքների հետ՝ Հանրապետական ​​կուսակցության ներսում և MAGA շարժման կողմնակիցների շրջանում իր ներքին դիրքը պահպանելու համար:

Սակայն մյուս կողմից, Թել Ավիվում մտահոգություն կա, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ցանկացած համաձայնագիր, որը կստորագրվի առանց Թեհրանի կողմից հստակ զիջումների, գործնականում կավարտվի Իրանի օգտին։

Մյուս կողմից, հաշվի առնելով Թրամփի գործունեությունը, Թեհրանի տեսանկյունից, դիվանագիտության շարունակականությունը կարող է վտանգավոր լինել Իրանի համար, քանի որ համարվում է, որ ԱՄՆ-ն չի ձգտում երկարատև խաղաղության, այլ պարբերական ճնշման միջոցով ցանկանում է զսպել Իրանին: Այդ պատճառով ԱՄՆ-ի զսպում քաղաքականությունը դիմակայելու քայլերը կարևոր է դարձել նաև Իրանի համար երեք ոլորտներում՝ Հորմուզի նեղուց, միջուկային խնդիր և ԱՄՆ-ին ռազմական, տնտեսական և քաղաքական ծախսերի պարտադրում: Այս քաղաքականության արդյունքում Իրանը կարող է համաձայնվել Հորմուզի նեղուցը վերաբացել, բայց Թեհրանը չի զիջի դրա նկատմամբ վերահսկողությունը և քիչ հավանական է, որ որևէ էական զիջում կատարի Միացյալ Նահանգներին իր միջուկային նվաճումների համար: Իրականում, Միացյալ Նահանգները և Իրանը կարող են վերջ դնել լարվածության այս փուլին, բայց երկուսի միջև երկարատև համաձայնության հասնելը շատ անհավանական է:

Նման իրավիճակում, երբ ո՛չ Չինաստանը գոհ է Թրամփից, ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ նույնիսկ Պուտինը պատրաստ չե ընդունել Թրամփի՝ Ուկրաինայում հրադադարի ծրագրերը, Թրամփը, ազդված Նեթանյահուի խոստումներից և Իրանի իսլամական համակարգի արագ անկման վերաբերյալ վերլուծություններից, ներքաշվեց Իրանի հետ անմիջական բախման մեջ։

Չինաստանն ու Ռուսաստանը նույնպես փորձեցին որոշակիորեն հեռանալ ճգնաժամից և դրա լուծումը թողնել Միացյալ Նահանգներին ։

Եվրոպայի պատասխանը Թրամփին պատերազմին անմիջականորեն չմիջամտելն էր։ Եվրոպական շատ երկրներ ճգնաժամը համարում էին Իսրայելի քաղաքականության մի մաս, այլ ոչ թե իրենց համար սպառնալիք, և նրանք դժկամությամբ ներգրավվել այս պատերազմի մեջ։ Եվրոպական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելուց բացի, այս հարցը լարվածություն է առաջացրել Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև հարաբերություններում։

Իրանի պատերազմը նաև վնասել է Թրամփին և Հանրապետական ​​կուսակցությանը քաղաքական ներքին կյանքում։ Ճգնաժամի արմատը ոչ միայն պատերազմն է, այլև դրա տնտեսական հետևանքները ամերիկացիների առօրյա կյանքի համար։ Բենզինի գների բարձրացումը և գնաճային ճնշումները հանգեցրել են Թրամփի գործունեության հանրային խորը բացասական գնահատականի, ինչը կարող է խնդրահարույց լինել հանրապետականների համար Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։

Ներկայիս հրադադարն ավելի շատ «երկարաձգվող հրադադար» է, քան ռազմական գործողությունների իրական դադարեցում: Ինչպես Իսրայելը, Միացյալ Նահանգները նույնպես հայտնվել է խճճված պատերազմի մեջ՝ առանց որևէ հստակ ավարտի:

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հաջողությունները տարածաշրջանում կչեզոքացվեն Թեհրանի կողմից, եթե ​​Իրանը կարողանա հասանելիություն ունենալ իր նավթային եկամուտներին կամ սառեցված ակտիվներին նախքան իր միջուկային ծրագրի որոշ մասերի ապամոնտաժում շուրջ բանակցությունների վերսկսմանը, այսպես Ամերիկայի ողջ ազդեցության լծակները կթուլալան։ Թեհրանի հաջողությամբ՝ կնվազի Վաշինգտոնի ազդեցությունը իր Պարսից ծոցի դաշնակիցների վրա: Պարսից ծոցի արաբական պետությունները, որոնք մտահոգված են Իրանի կողմից իրենց կենսականորեն կարևոր նավթագազային և ջրի աղազերծման ենթակառուցվածքներին հասցված վնասով, Թրամփին ստիպել են կենտրոնանալ Իրանի միջուկային ծրագիրը զսպելու թերևս ավելի գործնական նպատակի վրա:

Եթե նախքան իր միջուկային ծրագրի մի մասը դադարեցնելը, ​​Իրանը կարողանա հասանելիություն ունենալ իր նավթային եկամուտներին կամ սառեցված ակտիվներին, ապա Ամերիկայի ամբողջ ճնշման լծակը Իրանի դեմ ապարդյուն կլինի։

Թրամփի առջև ծառացած քաղաքական և տնտեսական մարտահրավերները նրան ուժեղ խթան կհանդիսանան պատերազմը դադարեցնելու, այլ ոչ թե այն վերսկսելու համար, նույնիսկ եթե դա կնշանակի հիմնարար հարցերի մեծ մասի քննարկումը հետաձգել ապագային՝ միջուկային հարցի շուրջ բանակցությունների համար։ Եվ, անշուշտ, Իրանի կողմից զգացվող տնտեսական ճնշումը կմղի իրանական ռեժիմին այնպիսի որոշումներ ընդունել, որը կնպաստի երկրի տնտեսական ճգնաժամի լուծմանը։

 

ՍԱՀԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Իրան-Թեհրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930