«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը քվեարկեց Երևանի 3/27 ընտրատեղամասում։ Սամվել Կարապետյանը քվեարկության էր եկել ընտանիքի անդամների հետ։
«Ես քվեարկեցի հանուն համախմբված, հանուն միավորված Հայաստանի։ Մենք բոլորս միասին պետք է համախմբենք մեր ժողովրդին, մեր երկիրը պետք է համախմբենք, մեր Սփյուռքին համախմբենք նորից։ Դրա համար, եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սամվել Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակվող ձայնագրություններին՝ Սամվել Կարապետյանն ասաց․ «Իհարկե, չենք բաժանում, եթե բաժանած լինեինք, հիմա ինձ նորից կալանավորած կլինեին»։
Հարցին՝ ընտրություններից հետո հանրահավաքներ նախատեսվո՞ւմ են, Կարապետյանը պատասխանեց․ «Համենայնդեպս ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանեինք նոր ցնցումների, որովհետեւ ամեն ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Սամվել Կարապետյանը պատասխանատվության է ենթարկվելու նաեւ 300 հազար ադրբեջանցիների խոսույթը քաղաքական օրակարգ մտցնելու համար, Սամվել Կարապետյանն ասաց․ «Դուք չեք տեսնո՞ւմ՝ ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկվում, ամեն օր։ Ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գալ ընտրության, ինձ բերել են ընտրության»։
Անդրադառնալով հարցին, որ ռուսաստանաբնակ հայերը եկել են Հայաստան՝ մասնակցելու ընտրություններին՝ Սամվել Կարապետյանն ասաց․ «Ռուսաստանից ինչքա՞ն հայ պետք է գան, որ ընտրությունների ելք որոշեն։ Ասենք՝ մի քանի հազար մարդ եկան, ընտրության ելք են որոշելո՞ւ։ Ես կալանքի տակ լինելով՝ ի՞նչ կարող եմ անել։ Իրենք ասել են՝ աերոպորտում բոլորին դիմավորում են, եթե խնդիր լիներ, բոլորին կտանեին կալանքի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռուս լրագրողներից մեկի հարցին՝ եթե պարտություն կրեն, կվերադառնա՞ Ռուսաստան, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ես ոչ մի տեղ չեմ վերադառնա, ես 10 տարի կաշխատեմ Հայաստանում, մի մտահոգվեք, ես շատ աշխատանք ունեմ կատարելու»։
Հարցին, թե ինչի՞ հիման վրա է պնդում, որ «Ուժեղ Հայաստան»-ը հաղթանակ է տանելու, Կարապետյանը պատասխանեց․ «Դուք այսօր կտեսնեք՝ մեր համոզմունքն ինչի վրա է հիմնված»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն կարողանալու Հայաստանը լքել, հայտնվելու են բանտում, Սամվել Կարապետյանն ասաց․ «Ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստվում Հայաստանը լքել, դրա համար ինքը դա հասկանալով՝ իր ձեւով խոսում է»։
Անդրադառնալով ՌԴ կողմից իրեն աջակցելու հայտարարություններին՝ Սամվել Կարապետյանն ասաց․ «Դուք տեսե՞լ եք, որ Ռուսաստանն ինձ աջակցել է, ե՞րբ։ Վլադիմիր Պուտինն ընդամենը հայտարարել է, որ մարդիկ պետք է հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին։ Իհարկե, ես դա չեմ համարում աջակցություն»։
Սամվել Կարապետյանը նաեւ հայտարարեց, որ իշխանափոխության այս սցենարը կախված է հայ ժողովրդից, հայ ժողովուրդն ինչպես կորոշի, այդպես էլ կլինի։ Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է զրոյի, բայց եթե հայ ժողովուրդը կհամակերպվի, ուրեմն կհամակերպվի։
Սամվել Կարապետյանն ասաց, որ վաղը կուզենար տեսնել Հայաստան լեգիտիմ իշխանությունով, դա շատ կարևոր է մեր երկրի համար։ Ըստ նրա՝ չունենալով լեգիտիմ իշխանություն՝ չենք կարող ապահովել Հայաստանի զարգացումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով ընտրակաշառքի գործերին՝ Սամվել Կարապետյանն ասաց․ «Ընտրակաշառք դուք գիտեք՝ ով է բաժանում։ Խոսում են այդ մասին, բայց ոչ մի բան չեն կարողանում ապացուցել»։
Հարցին ի պատասխան՝ որ ուժերի հետ է պատրաստ համագործակցել «Ուժեղ Հայաստան»-ը, Սամվել Կարապետյանը կոչ արեց մինչեւ վաղը համբերել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































