«Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, որպես ընդդիմություն ենք պայքարել, ոչ մի տեղ չենք նահանջել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը` շեշտելով, որ ընդդիմության շանսերը բարձր է գնահատում ու լինելու են արմատական փոփոխություններ։
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեղեկություններին ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ՝ Քոչարյանն ասաց. «Ծանոթ չեմ այդ նյութերին։ Երեկ ամբողջ օրը Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր, ամբողջ օրը ձայնագրություններ էր տարածում; Տպավորությունն այնպիսին է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են, տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում, ես այդպիսի բան չեմ հիշում, խայտառակություն է»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչու են համատարած գաղտնալսում, վախենո՞ւմ են, Քոչարյանը պատասխանեց. «Իրենք վախ են ուզում սերմանել։ Որովհետեւ բոլորը գիտեն՝ Նիկոլ Փաշինյանը շատ վախկոտ մարդ է, իսկ վախկոտ մարդն իր ֆոբիաները պրոյեկտում է քաղաքացիների վրա»։
Այն հարցին, թե արդյոք Փաշինյանը ընտրություններում հաղթելու դեպքում կարո՞ղ է դառնալ Զելենսկու դաշնակիցը, Քոչարյանն ասաց՝ նման տարբերակը քիչ հավանական է համարում
«Չեմ կարծում, որ կարող է դառնալ ռազմական դաշնակից։ Բայց Զելենսկու հետ համեմատությունը շատ տեղին է։ Շատ նման են. արկածախնդիրներ են՝ սեփական երկրի շահերի հանդեպ անամոթ վերաբերմունքով»։
Հարցին՝ պատրաստ են իրենց ձայները տալ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, Քոչարյանն այսպես արձագանքեց. «Առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու; Սա ինձ համար նաեւ Սահմանադրությունից բխող հանգամանք է; Այո՛՝ իհարկե»;
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ





















































