Հարգելի՛ քույրեր և եղբայրներ,
Այսօր մենք կանգնած ենք մի կարևոր հանգրվանի առաջ։ Դեռ վաղ է վերջնական գնահատականներ տալը, դեռ վաղ է հայտարարել հաղթողների և պարտվողների մասին։ Սակայն արդեն այսօր յուրաքանչյուր հայ մարդ իրավունք ունի ինքն իրեն հարց տալու՝ ի՞նչ ճանապարհ է ընտրել մեր ժողովուրդը։
Արդյո՞ք մեր ազգը ընտրել է գույքահարկերի անվերջ աճը, նոր թանկացումները, զիջումների քաղաքականությունը, կառավարվող աղքատությունը և ապագայի նկատմամբ անորոշությունը։
Թե՞ ընտրել է արժանապատիվ, ուժեղ, ինքնիշխան և սոցիալական արդար Հայաստան կառուցելու ճանապարհը։
Կարդացեք նաև
Մենք վստահում ենք միայն ժողովրդին։ Մենք վստահում ենք յուրաքանչյուր քաղաքացու ձայնին։ Եվ հենց այդ պատճառով սպասում ենք վերջնական արդյունքներին՝ հարգելով ժողովրդի կամքը, ինչպիսին էլ այն լինի։
Միևնույն ժամանակ, այսօր մեծ փորձության առաջ են կանգնած այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե անցել են խորհրդարան։
Նրանց առջև կա երկու ճանապարհ։
Առաջինը՝ մտնել Ազգային ժողով, զբաղեցնել մանդատները, հաջորդ հինգ տարիների ընթացքում կրկին վայելել պետական աշխատավարձերն ու պարգևավճարները, իսկ ժողովրդի խնդիրները թողնել երկրորդ պլանում։ Այդ ճանապարհը կարող է ժամանակավորապես քաղաքական հարմարավետություն ապահովել, սակայն հաճախ ավարտվում է քաղաքական հեղինակության և վստահության կորստով։
Երկրորդը՝ հրաժարվել ձևական ընդդիմության դերից և ապացուցել, որ իրենց համար պաշտոնը նպատակ չէ, այլ միջոց։ Այդ դեպքում հնարավոր է ստեղծվի նոր քաղաքական իրավիճակ, և ժողովուրդը կրկին հնարավորություն ստանա իր վերջնական խոսքն ասելու նոր ընտրությունների միջոցով։
Հայաստանի պատմությունը բազմիցս ապացուցել է, որ որևէ իշխանություն, որևէ քաղաքական ուժ և որևէ պաշտոնյա ժողովրդից վեր կանգնած չէ։ Ի վերջո, հաղթում է ոչ թե վարչական ռեսուրսը, ոչ թե քարոզչությունը, այլ ժողովրդի կամքը։
Մենք չենք վախենում որևէ արդյունքից, որովհետև մեր պայքարը երբեք չի եղել աթոռների, պաշտոնների կամ արտոնությունների համար։ Մեր պայքարը եղել և մնում է Հայաստանի համար, Արցախի բռնի հայաթափումից հետո ազգային արժանապատվությունը վերականգնելու համար, մեր երեխաների ապագայի համար, արդարության, անվտանգության և ազգային վերածննդի համար։
Եթե ժողովուրդը ընտրել է մեզ՝ մենք այդ վստահությունը կկրենք մեծ պատասխանատվությամբ։
Եթե ժողովուրդը դեռ չի ընտրել մեզ՝ մենք շարունակելու ենք մեր պայքարը նույն հավատով, նույն նվիրումով և նույն սկզբունքայնությամբ, որովհետև գաղափարները չեն ավարտվում ընտրություններով, իսկ ազգային պայքարը չի սահմանափակվում մեկ քաղաքական գործընթացով։
Հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ կարող է վերածնվել ամենածանր փորձություններից հետո։ Մենք հավատում ենք մեր ժողովրդին, մեր պետությանը և մեր ապագային։
Աստված պահապան լինի Հայաստանին և հայ ժողովրդին։
«ՔՈՉԱՐԻ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն


















































