Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
Փորձել ենք պարզել, թե ովքեր են ներկայացված քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
Օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 90 թեկնածուից բաղկացած ցուցակ, որտեղ ընդգրկված են Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները, մանկաբարձ-գինեկոլոգ, լոգոպեդ, դպրոցի տնօրեն, ավագանու անդամներ, ուսուցիչ, գերեզմանատան հսկիչ, «Փարվանա» ռեստորանի խոհարար, բուժքույր, դեղագետ և այլք։ 26 հոգի աշխատանք չունի։
«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է 87 հոգանոց ցուցակ, որտեղ ընդգրկված է մի գաստրոէնտերոլոգ, «Ազատազէնի» անդամներ, տարբեր ՍՊԸ-ների տնօրեններ, ծրագրավորողներ, գնումների մասնագետ, «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության մենթոր, ուսուցիչ, ինժեներ, Synopsys Արմենիայի աշխատակիցներ և 30 գործազուրկ։
Կարդացեք նաև
Հայաստանի շնորհապետական կուսակցության 84 հոգանոց ցուցակում բժիշկներ են, պլաստիկ վիրաբույժ, հոգեբան, հաշվապահ, բուժքույր, ՍՊԸ-ների տնօրեններ, դասախոս, թարգմանիչ, վարորդ, նկարիչ-ձևավորող, բանվոր, անգլերենի կրկնուսույց և 20 գործազուրկ։
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության 88 հոգանոց ցուցակում ներկայացված թեկնածուների թվում կան բժշկական կենտրոնների ներկայացուցիչներ, դասախոսներ, մանկավարժներ, գիտաշխատող, կոսմետոլոգ, պարուսույց, Նուբարաշենի հոգեբուժարանի մաքրուհի, վարորդ-առաքիչ, վարսահարդար-ոճաբան և գումարած 44 գործազուրկ։
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության 82 հոգանոց ցուցակում ներկայացված են ԳԱԱ գիտաշխատողներ, դասախոսներ, մանկավարժներ, ինժեներ, մանկապարտեզի դայակ, խոհարարներ, հրուշակագործ և 37 գործազուրկ։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը՝ Լեւոն Գալստյանի ֆեյսբուքյան էջից


















































