Լրահոս
Օրվա լրահոսը

Կհիշեք՝ Նիկոլ Փաշինյանը սիրում էր կուրծք ծեծել, թե «կեղծված ընտրությունների փուլը փակված է…», բայց… «Փաստ»

Հունիս 09,2026 09:00 Share

Ինչպիսին էլ լինեն ԿԸՀ կողմից հրապարակված նախնական շատ կասկածելի ու դեռ հրապարակվելիք վերջնական արդյունքները, դրանց առնչությամբ ինչ որոշումներ էլ ընդունեն մասնակից ու ոչ մասնակից քաղաքական ուժերը, անվիճելի ու ակնհայտ է, որ տեղի ունեցած միջոցառումը չի կարող համարվել «ազատ և արդար ընտրություն»: Ավելին, քաղաքական ուժերի (ոչ իշխանության սատելիտ) գերակշիռ մասն արդեն այս ընտրությունները որակել է ոչ լեգիտիմ: Կհիշեք՝ Նիկոլ Փաշինյանը սիրում էր կուրծք ծեծել, թե «կեղծված ընտրությունների փուլը փակված է…»: Բայց դա իր քաղաքական քարոզի կռվաններից մեկը համարող գործչի իշխանության պայմաններում ու մեծապես հենց իր դերակատարմամբ ու պատճառով Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցան երևի թե ամենախայտառակ համապետական ընտրությունները:

Ի՞նչ է տեղի ունեցել: Բավարար է պարզապես թվարկել արձանագրված, բազմաթիվ օրինակներով հիմնավորված փաստացի իրողությունները:

Առաջին՝ ընտրական գործընթացի հիմնական մասնակիցների միջև անհավասար մրցակցային պայմաններ: Չմոռանանք, որ հիմնական ուժերից մեկի առաջնորդի ազատությունը, ապա՝ ազատ տեղաշարժն արհեստականորեն սահմանափակված է արդեն մոտ 1 տարի:

Երկրորդ՝ փաշինյանական իշխանությունը դիմել է «Ընտրական օրենսգրքի»՝ իրենց ձեռնտու փոփոխությունների… ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ: Որպեսզի հասկանալի լինի, պատկերացրեք, որ ֆուտբոլային հանդիպման հենց մեկնարկում հայտարարվի, որ նոր կանոններ են սահմանված, բայց դրանք թույլատրելի են միայն թիմերից մեկին:

Երրորդ՝ «վարչական ռեսուրսի» խայտառակ տոտալ ու անխնա չարաշահում՝ պետական կամ վարչական մարմինների աշխատողների վրա ճնշումներ, իշխանական ու վարչական լիազորությունների և միջոցների չարաշահում, պետբյուջեի հաշվին հանրության զգալի շերտերի նյութական բարիքների նախընտրական բաշխում (թոշակների ավելացում, «համայնքային նպաստներ» և այլն): Մի խոսքով՝ «վարչական ռեսուրսի» չարաշահումը ուղղակի հասցվել է գերադրական աստիճանի:

Չորրորդ՝ հատկապես իրավապահ ամբողջ համակարգի տոտալ ներգրավում՝ բացառապես ընդդիմադիր հիմնական ուժերի թիրախավորմամբ: Հետևողականորեն միմիայն ՔՊ-ի մրցակից ուժերի առավել ակտիվ գործիչների, կազմակերպիչների, նկատելի գործիչների թիրախավորումներ, գործերի հարուցումներ, կալանավորումներ:

Համատարած գաղտնալսումներ, ընդդիմադիր ուժերի նախընտրական տեղական շտաբների, անգամ այդ շտաբների մոտակայքում երևացած քաղաքացիների գաղտնալսումներ, լրտեսումներ: Համատարած ռեպրեսիվ ահաբեկում (այդ թվում՝ հոգեբանական):

Հինգերորդ՝ օրենքի պահանջների միակողմանի կիրառում (ասե՞նք, թե հատկապես որ ուժի օգտին), երբ մի կողմը կարող է ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնել ու մնալ ազատության մեջ, իսկ իր մրցակիցները կարող են մերկապարանոց մեղադրվել դավաճանության, լրտեսության կամ «փողերի լվացման» մեջ և արագորեն զրկվել ազատությունից:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930